ԿարևորՀասարակություն

Ինչո՞ւ են նվազել գումարներն ու ինչու՞ է փոխվել սոցիալական վճարների հաշվարկման մեխանիզմը

500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողները  ամսվա վերջում կպարզեն, որ եկամուտները նվազել են։ Նրանք այսօր արդեն դժգոհ են, ավելին, change.org հարթակում «Պահանջում ենք չեղարկել կուտակային կենսաթոշակի օրենքի խայտառակ հոդվածը» վերանգրով  նախաձեռնություն է սկսվել։  Առաջին եռամսյակում  կուտակված   եկամուտների նվազում արձանագրել են նաև  պարտադիր բաղադրիչի մասնակիցները։ Ինչո՞ւ են նվազել գումարներն ու ինչո՞ւ է փոխվել սոցիալական վճարների հաշվարկման մեխանիզմը։

Ամառային կարճ տաբատներով, արևային ակնոցով ու գլխարկով  արտասահմանցի  տատիկ-պապիկներն այս տարի  Հայաստանում կամ չկան, կամ քիչ են։ Մինչդեռ մեկ տարի առաջ այս օրերին հիանում էինք տարեց  զբոսաշրջիկների առույգությամբ ու  հնարավորությամբ, որ կարող են ծերության ժամանակ  տարբեր երկրներ այցելել։

Հայաստանում էլ գուցե այդպես լինի, հատկապես, որ  այսօր  խնայված  գումարը վաղվա երջանիկ ծերության համար է։ Կառավարությունում այսպես էին համոզում, երբ անցնում էինք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին։ Միայն կուտակելը, սակայն, բավարար չէ։ Պետք է հասկանանք նաև, թե որքան գումար ու եկամուտ ենք գեներացնում։  Զրուցակիցս կենսաթոշակային եռամսյակային քաղվածքներն ուշադրությամբ է  ուսումնասիրում։ Եվ ահա, ապրիլին ստացված քաղվածքը  ուսումնասիրելիս  անակնկալի է եկել․ 

«Ամեն եռամսյակ  էլեկտրոնային եղանակով ստանում եմ կենսաթոշակային  ֆոնդերի հաշվետվությունը։ Ապրիլին  ստացված քաղվածքում եկամուտներս մինուս էին ցույց տալիս, այդպես էլ չհասկացա ինչու են սկսել պակասել  կենսաթոշակային կուտակումներս։ Երկրորդ եռամսյակում մինուս չկար»։

Պարզվում է՝ համավարակը չի շրջանցել նաև այս ոլորտը։ Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կարգավորման վարչության առաջատար մասնագետ  Վիգեն Շահնազարյանն է բացատրում, թե ինչու են երբեմն նվազում եկամուտները․ 

«Եթե ժամանակահատվածը վերաբերում է անկման հատվածին, ապա  հնարավոր է, որ այդտեղ մինուս լինի։  Եթե օրական հետևեք, ապա կտեսնեք, որ 360 օրվա մեջ  մոտ 180 օրը ունենում ենք վնասներ։ Դրանք շուկայական գործիքներ են, որոնք ամեն օր վերագնահատվում են, շուկայում ցանկացած փոփոխություն,  լավ թե վատ, ամենօրյա ռեժիմով ատահայտվում է փայերի գների մեջ։  Հատկապես կենսաթոշակային ֆոնդերի դեպքում միշտ պետք է նայել երկարաժամկետայնությանը»,- ասում է Շահնազարյանը։ 

Հասարակության մեծ մասի մոտ սվիններով ընդունված ու պարտադիր դարձած բարեփոխման  դեմ մինչեւ այժմ էլ  պայքարողներ կան։ Բնական է, որ ցանկացած փոփոխություն, որը եկամուտները նվազեցնում է, դժգոհության ալիք է բարձրացնում։ Ու հենց այդ պատճառով էլ 2014թ մեկնարկելիք ռեֆորմը ամբողջությամբ ուժի մեջ մտավ միայն երկու տարի առաջ։ Այսօր արդեն պարզվում է, որ 2014 թվականին  կուտակումից  հրաժարվողները  կենսաթոշակի տարիքի հասնելիս չհրաժարվողներից  մոտ 25 տոկոս պակաս են կուտակելու։

Շատերիս հետաքրքրող հարցերից մեկը, որտե՞ղ են մեր գումարներն ու  որքա՞ն է հավաքվել մինչ այժմ։

2019թ. տարեվերջին  մոտ 251 մլրդ դրամ  գումար է  կուտակվել, որից  48 մլրդ դրամը` կառավարումից  ստացված   եկամուտն է։  Ակնկալվում է, որ  2035-2037թթ կուտակված գումարի կեսը լինելու է դրանցից ստացված եկամուտը։ Այս գումարները, եթե չհաշվենք պարտատոմսերը, Հայաստանի տնտեսության մեջ ներգրավված չեն։

Գործարար, ՓՄՁ  ասոցիացիայի նախագահ Ռուբեն Օսիպյանն առաջարկում է գումարները ներդնել Հայաստանի տնտեսությնա մեջ։ Գիտի` ռիսկային է, բայց և անհրաժեշտ․

«Բոլոր նկատառումներից ելնելով՝ ռիսկեր, կառավարելիություն, կարևոր է, որ ներդրումները կատարվեն արտասահմանյան պորտֆելներում։ Բայց ես որպես բիզնեսմեն կուզենայի տեսնել ճանապարհային քարտեզ, որը ենթակառուցվածք ու ընթացակարգ կստեղծի ու կնեսաթոշակային  գումարների որոշ մասը ներդրվի Հայաստանում, և ոչ թե պարտատոմսերում, այլ՝  մասնավոր սեկտորում»,- ասում է Օսիպյան։ 

 Այս պահին մոտ 370 հազար կուտակող  կա, 77 հազարը պետական,  293 հազարը մասնավորից հատվածից են։ Կենսաթոշակային ֆոնդերում խնայողություն ունի 660 հազար քաղաքացի։

Կենսաթոշակային բարեփոխումներից այսօր էլ դժգոհողներ կան։  Սոցիալական վճարների հաշվարկման մեխանիզմն է փոխվել։ Հավասարը հավասարին սկզբունքի փոխարեն  քաղաքացին  ավելի շատ սոցիալական վճար   կվճարի․ օրինակ     35.000 դրամ սոցիալական վճար ունենալիս,   12.500 դրամը վճարելու է պետությունը, իսկ 22.500 դրամը՝ մասնակիցը: Սա հատկապես  500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողների շրջանում է  դժգոհություն  առաջացրել։ Փոփոխությունը նրանց է վերաբերում։  Ավելին, change.org հարթակում «Պահանջում ենք չեղարկել կուտակային կենսաթոշակի օրենքի խայտառակ հոդվածը»  նախաձեռնություն է սկսվել։

ԿԲ ներկայացուցիչն ընդգծում է․ «Մինչև 850 հազար դրամ և  1 մլն 190 հազար դրամ ստացողները, ինչպես նաև  դրանից բարձր ստացողները երբեք չեն տուժում, քանի որ  իրենց համար եկամտային հարկի  նվազումը ավելի շատ է, քան` սոցիալական վճարի աճը։Կա մի խումբ, որոնց  տնօրինվող եկամուտը ամենաշատը  8500 դրամ  կնվազի։ Նրանց գումարը կփոխհատուցվի եկամտային հարկի նվազեցմամբ։ Այդ մարդիկ շատ քիչ են. 2020թ. մոտ  4000 հոգի են, 2021թ.` 1900 հոգի։ Դրանից հետո էլ մարդ չկա, որ  տուժի, սակայն, տուժելը չակերտների մեջ է, քանի որ այն իր  խնայողությունն է»։ 

Սոցիալական վճարի շեմը աշխատավարձերի աճին զուգընթաց    փոփոխելը պարտադիր է։  Հակառակ դեպքում` ըստ Շահնազարյանի`  թերի կուտակումներ կլինեն։ Կառավարությունում այնպես են հաշվարկել,  որ     կենսաթոշակային տարիքի հասնելիս խնայողությունը չպետք է  ցածր լինի  աշխատելու տարիներին  ստացված տնօրինվող  եկամտի 40 տոկոսից․      

«1 մլն դրամ աշխատավարձ  ստացողը կկուտակեր 99 մլն դրամ,եթե չփոխենք սոցվճարները, կկուտակի մոտավորապես  40 մլն դրամ։ Կենսաթոշակը, ըստ էության, երկու անգամ պակաս կլինի։ Եթե այս պահին դա չանենք, վաղը մյուս օրը պետք է այդ հարցը լուծենք, որը շատ ավելի թանկ է  լինելու»։

2021 թվականի հունվարից քաղաքացիները կվճարեն արդեն 3,5 տոկոս, 2022-ին 4,5 տոկոս, իսկ  2023 այս համամասնությունը կդառնա 5/5, այսինքն 5 տոկոս վճարի մասնակիցը, 5 տոկոս՝ պետությունը։

Կարդացեք նաև

Back to top button