ԿարևորՀասարակություն

Պատրաստ ենք ջախջախիչ հարված տալ հակառակորդի օդային ու ցամաքային հարձակումներին

Նախորդ  գիշեր Տավուշում դիվերսիոն ներխուժման հերթական տապալված փորձից հետո ադրբեջանական զինված ուժերը փորձել են վրեժ լուծել հայ խաղաղ բնակիչներից՝ հրետակոծելով մի քանի սահմանային գյուղեր: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ներկայացնելով օպերատիվ իրավիճակը, շեշտեց, որ հայկական կողմից կորուստներ եւ վիրավորներ չկան: Հերքեց նաեւ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը հայկական անօդաչու թռչող սարքի կորստի մասին: Փոխարենը՝ հստակ է, որ թշնամին կրել է թե տեխնիկական, թե մարդկային կորուստներ։

 «Դիտարկվող կորուստները կարող է և մոտենան մեկ, երկու տասնյակին, բայց հստակ չեմ կարող ասել, չէի ուզենա պնդել մի բան, որ հետո դժվար լիներ ապացուցել: Կսպասենք հակառակորդի հաստատմանն, ըստ այդմ ավելի մոտավոր կհասկանանք. սովորաբար մոտավորապես գիտենք իրենց ստելու չափաբաժինը: Հայկական կողմից գիշերվա ընթացքում զոհեր ու վիրավորներ չունենք»։

Առավոտյան ադրբեջանական զինուժը թիրախավորել է Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Տավուշ գյուղերը և Բերդ քաղաքը: Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի տեղեկացմամբ՝ բնակավայրերում վնասվել են տասից ավելի առանձնատուն և որոշ ենթակառուցվածքներ:

«Այս պահի դրությամբ հարաբերական անդորր է: Առավոտյան մեր բնակավայրերում վնասվել են տասից ավել առանձնատուն և որոշ ենթակառուցվածքներ: Առանձնահատուկ ուզում եմ նշել սահմանապահ Այգեպարի մանկապարտեզի ռմբահարումը, վնասվել է ջրագիծ Տավուշ-Ներքին Կարմիրաղբյուր հատվածում, որի վերականգման աշխատանքներն ընթացքի մեջ են: Վաղ առավոտյան մոբիլիզացվել են մարզի քաղպաշտպանության բոլոր խմբերը, և ինտենսիվ աշխատանքներ են ընթանում քաղաքացիական բնակիչների անվտանգությունը ապահովելու համար: Հայտարարել ենք ներքին մոբիլիզացիա պատսպարման առումով, և մեր քաղաքացիները գտնվել են հիմնականում ապաստարաններում և նկուղներում: Բարեբախտաբար, քաղաքացիական բնակչության մեջ վիրավորներ և զոհեր չունենք»:

Մարզպետը տեղեկացրեց, որ կառավարության հետ քննարկումների արդյունքում ստեղծվել է հրետակոծված բնակավայրերի շինությունների գնահատման ու գույքագրման հանձնաժողով, որն ամենօրյա ռեժիմով կգնահատի վնասների չափն ու ծավալը։

«Վաղվանից կզբաղվենք վերականգման աշխատանքներով, այն բնակարանները, որոնց վերականգնումը նպատակահարմար չի լինի, կկառուցվեն նորերը: Այն բնակիչները, ում բնակարանները վնասվել են, թող անհոգ լինեն, մենք սեղմ ժամկետում լուծելու ենք իրենց բնակարանների վերականգման հարցը: Կարևոր է, որ բնակիչները պահեն զգոնությունը, քաղպաշտպանության բոլոր կառույցները զգոն աշխատեն, որովհետև ցանկացած պահի իրավիճակը կարող է փոխվել, ընդ որում՝ ցանկացած բնակավայրում: Այսօր առանձնահատուկ խնդրել ենք, որ մարդիկ պատսպարված մնան, իրավիճակը կայուն է, վերահսկողության ներքո է, և բանակի պրոֆեսիոնալ վարքագծի շնորհիվ ավելի հանգիստ ենք զգում մեզ մեր գյուղերում և քաղաքներում»:

Արձագանքելով հարցերից մեկին՝ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ Տավուշի ուղղությամբ ադրբեջանական հարձակումների սկսման առաջին երկու օրերի համեմատությամբ, ընդհանուր առմամբ, օդում թշնամու ակտիվությունն այսօր իջել է:  

«Ես երեկ հայտարարեցի, որ Հայաստանի Զինված ուժերը դիտարկում և տեսնում են  օդային և ցամաքային տիրույթը,  պատրաստ են ջախջախիչ հարված տալ հակառակորդի օդային և ցամաքային հարձակումներին»։

Այսօր առավոտ էլ մենք փաստեցինք այդ ջախջախումը՝ եզրափակեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:   

Կարդացեք նաև

Back to top button