ԿարևորՄշակույթ

Աշխարհը կորոնավիրուսով, Գյումրին՝ 21-րդ դարի թատրոնի որոնումներով

Գյումրի այցելող թատերասերներն այս քաղաքում իրենց հետաքրքրող նոր հասցե ունեն արդեն։ Քաղաքի  կենտրոնում, Աբովյան փողոցի վրա, շատ լավ տեղում, ինչպես գեղարվեստական ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանն է ասում, կգործի Գյումրու նոր թատրոնը, նոր՝ մտածողությամբ, մասշտաբներով, արտահայտչամիջոցներով։ Գյումրեցիներն ասում են, որ այն 21-րդ դարի թատրոն է լինելու։ Աշխարհը կորոնավիրուսով, Գյումրին՝ 21-րդ դարի թատրոնի որոնումներով։

Համավարակի պատճառով ամբողջ աշխարհում թատրոնները փակվել են, իսկ Գյումրիում նոր թատրոն են բացել։ Ինչպե՞ս, հարցիս Գյումրու՝ թվով երրորդ նորաբաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանն արձագանքում է․

«Լավ չէ՞»։

Իհարկե լավ է, անգամ՝ շատ լավ է։ Հենց այդ պատճառով էլ թեման մեր ուշադրությանն է արժանացել, պարզապես փորձում ենք հասկանալ՝ ինչպես է դա հաջողվել գյումրեցիներին։

«Մենք դրամատիկական թատրոն ունենք, ակադեմիական թատրոն ունենք, չէ՞ր կարելի մի տարածք բացել, որպեսզի հանդիսատեսը այլընտրանք ունենա։ Շատ երիտասարդներ ունենք, որոնք ավարտում են ու գործ չունեն․ ռեժիսորներ, դերասաններ։ Որոշեցինք մի կամերային տարածք վերցնել ու ստեղծագործել, ներկայացնել՝ ինչպես ենք մտածում, ինչպիսի աշխարհընկալում ունենք, 21-րդ դարի թատրոնը գտնենք վերջապես»։

21-րդ դարի թատրոնը կփորձեն գտնել փորձարարական ներկայացումներով, մտերմիկ զրույցներով, հոգեկան ջերմ մթնոլորտ ստեղծելով։ Դե, թատրոնը, արվեստը առհասարակ, գիտեք՝ հոգու մասին է, ասում է Հովհաննիսյանը։ Առավելագույնը 3օ-4օ հանդիսատեսի տարածք, որպեսզի հանդիսատեսն ու դերասանն իրար մի բան ասեն ու հասկանան։ Գյումրու՝ 21-րդ դարի թատրոնում սովետական կարծրատիպերից զերծ են մնալու․

«Մեր թատրոնները սովետի ստեղծածն է՝ մասսայական, բոլորի համար։ Մենք շատ լայն սպեկտոր ենք վերցրել։ Ամեն ուրբաթ ունենալու ենք Գյումրվա հումորի օր, շաբաթ, կիրակի կլինեն դրամատիկ ներակայացումներ»։

Գյումրեցիների անմնացորդ սերը թատրոնի հանդեպ, իհարկե, չի քննարկվում, բայց մշակույթը հետին պլան մղած համավարակի օրերին ու անգամ հետո արդյո՞ք գյուրեցին սիրտ կունենա թատրոն հաճախելու։ Կայացման կարևոր շրջանում կունենա՞ արդյոք թատրոնն իր հանդիսատեսը։ Հանդիսատեսի թվի առումով գեղարվեստական ղեկավարը որևէ խնդիր չի տեսնում, մեծ հավակնություններ չունեն, չեն էլ ուզում շատ հանդիսատես ունենալ, տարածքը փոքր է, ինչպես արդեն նշվեց։  Հանդիսատեսը կգա, կհավանի, կնայի, չի հավանի, վեր կկենա ու կգնա, գյումրեցի հանդիսատեսն այդպիսին է, ասում է Հովհաննիսյանը․

«Քառասուն տարի թատրոնում եմ, գիտեմ, եթե գյումրեցի հանդիսատեսը ներակայացումը չհավանեց, դուրս կգա, չի մտածի, թե հազար դրամ տվել եմ, նստեմ նայեմ։ Թող մեծամիտ չհնչի, բայց լավ երիտասարդներ ունենք, թող գան նայեն, կքննարկենք՝ որտեղ ենք սխալվել, ինչ է ուզում հանդիսատեսը»։

Հանդիսատեսի ճաշակը հաշվի կառնեն, բայց այդ ճաշակի գերին չեն դառնա, կփորձեն թելադրել իրենց գեղագիտությունը։ Եթե թատրոնում մշակույթ  լինի, հանդիաստեսը կգա, համոզված է թատրոնի գեղարվեստական ղեկավարը։ Իսկ մշակույթի պահանջ գյումրեցին միշտ ունի, հատկապես անմշակույթ մնացած այս օրերին։

«Շատ անմշակույթ ենք հիմա։ Մեր թատրոնը ներքին բակ ունի։ Ուզում ենք այդ բաց տարածքում մի քանի օր հետո ներկայացում խաղալ՝ սոցիալական տարածքը պահպանելով․․․»։

Գյումրիում ծնված 21-րդ դարի թատրոնը գուցե աշխարհում կլինի առաջինը, որտեղ կխաղան սոցիալական հեռավորությունը պահպանելով ու  դիմակներով։ Դժվար չի՞ լինի, հարցին Հովհաննիսյանը դարձյալ լակոնիկ արձագանքում է․

«Հա ինչ ընենք հըբը»։

Հըբը ինչ ընենք, օր թատրոն չբացենք, անկեղծորեն զարմանում են գյումրեցիները։

Կարդացեք նաև

Back to top button