
ԱԺ արտահերթ նստաշրջանում այսօր պետք է քննարկվեր դիմակ կրելու կանոնները խախտելու համար սահմանված տուգանքի չափը խստացնող օրինագիծը։ Վերջին օրերին, երբ խոսակցություններ եղան նման օրինագծի գոյության մասին, այն բավականին բուռն քննարկումների առիթ դարձավ համացանցում։ Շատ եղան նաեւ քննադատություններ՝ կապված այդ նախաձեռնության հետ։
Դրան հաջորդեցին խոսակցություններ, որ իշխող մեծամասնությունը մտադրվել է այս օրինագիծը հանել օրակարգից։ Այդ տեղեկությունն այսօր հաստատվեց։ Խորհրդարանի այսօրվա արտահերթ նիստի օրակարգից օրինագիծը հանվել է։ Միաժամանակ՝ դրա հեղինակները չեն բացառել, որ այն կրկին կարող է վերադառնալ խորհրդարանի լիագումար նիստի օրակարգ։
Ի՞նչ հիմնավորումներով է այս օրինագիծը բերվել խորհրդարան եւ ի՞նչ հիմնավորումներով հանվել շրջանառությունից։
Վերջին օրերին համացանցում ամենաքննարկված թեմաներից մեկն էլ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում խորհրդարանական մեծամասնության նախաձեռնած փոփոխություններն էին։ Շրջանառության մեջ դրված փոփոխությամբ նախատեսվում էր բաց տարածքում դիմակ չկրելու համար 10 հազար դրամի փոխարեն սահմանել 20 հազար դրամ տուգանք, իսկ փակ տարածքում՝ 50 հազար։ Օրինագիծը համացանցում բավականին քննարկումների տեղիք տվեց եւ արժանացավ նաեւ բուռն քննադատությունների։
Երեկ էլ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ֆեբսյուքյան իր էջում գրառում էր արել՝ տեղեկացնելով, որ դիմակ չկրելու համար ավելի մեծ տուգանք նախատեսող օրինագիծը չի ընդգրկվել խորհրդարանի արտահերթ նստաշրջանի օրակարգում։
«Հարգելի քաղաքացիներ, որպես ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու հարցի զեկուցող, տեղեկացնում եմ, որ վաղը նախատեսված նիստում ներառված չէ դիմակ չկրելու համար տուգանքների չափը բարձրացնող օրենքի նախագիծ: «Իմ քայլը» խմբակցությունը քննարկման արդյունքում նպատակահարմար չհամարեց ընդգրկել հարցը օրակարգ»,-երեկ գրել էր Սիսակ Գաբրիելյանը։
ԱԺ՝ այսօր մեկնարկած արտահերթ նստաշրջանի հենց սկզբում էլ հասկանալի դարձավ, որ օրակարգից հանվել է իշխանական խմբակցության հեղինակած դիմակի կրման կանոնների խախտման դեպքում տուգանքի չափը խստացնող օրինագիծը։
Ինչու՞ է հանվել և, արդյո՞ք, այն այլևս չի շրջանառվելու՝ հետաքրքրվեց ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զորհրաբյանը.

«Մեր հայրենակիցներին շատ հետաքրքրում է՝ նախագիծը ընդհանրապե՞ս այլեւս չի գալու ԱԺ, թե՞, ինչպես նշեց մեր հարգարժան գործընկերը ձեր խմբակցությունից իր հարցազրույցում, որոշակի փոփոխությունների ենթարկվելուց հետո այն նորից վերադառնալու է եւ այսինքն մենք ունենալու ենք տուգանքների, այդուհանդերձ, ավելացված չափ»,- ասաց Զոհրաբյանը։
Նա նկատի ուներ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։ Ավելի վաղ խորհրդարանի խոսնակը, դիմակներ չկրելու համար սահմանված տուգանքի չափը մեծացնելու վերաբերյալ լրագրողների հարցերին պատասխանելով, ասել էր, որ հարցը քննարկվում է, վերջնական հստակեցում եւ վերջնական վստահություն չկա եւ այս պահին հարցը հանվել է շրջանառությունից։

«Շատ հնարավոր է, որ որոշ շտկումներ արվեն կամ չարվեն եւ նախագիծը նորից շրջանառվի։ Ես ուզում եմ այս հարցի ոչ թե տեխնիկական, այլ բովանդակային կողմին անդրադառնալ։ Սա ոչ թե քմահաճույք է, ոչ թե տուգանելու ցանկությունից դրդված քայլ է, սա ոչ թե բյուջեի եկամուտները ավելացնելու մտադրությամբ պայմանավորված քայլ է, այլ զուտ, որպեսզի այն քաղաքացիները, որոնք այնուամենայնիվ այդ գիտակցության բարձր աստիճանը չունեն՝ հասկանալու, որ դիմակով փրկում են իրենց, իրենց սիրելիների, իրենց դիմացինի կյանքը, կանխում են վարակի տարածումը, ահա՛, այս մարդիկ, գոնե պատժամիջոցների մեծությունից դրդված, այդ դիմակը, այնուամենայնիվ, կրեն»,- նշեց Արարատ Միրզոյանը։
Արձագանքելով դիտարկմանը՝ արդյո՞ք դա նշանակում է, որ 10 հազար դրամ տուգանքը քիչ է, խորհրդարանի խոսնակը հորդորեց հարցը դիտարկել ոչ թե դրամական, այլ՝ առողջապահական տեսանկյունից։
«Եթե նայենք վարակի տարածման կանխարգելմանը նպաստելու տեսանկյունից՝ գուցե 500 հազա՞ր է պետք։ Ես չեմ հասկանում ինչու՞ է պետք այս հարցը մանիպուլացնել»,- ասաց Միրզոյանը։
Բաներ են պետք մտածել, մենք հիմա քաղաքական հարցեր ենք քննարկում, իսկ մարդիկ մահանում են վարակից՝ թեման եզրափակեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Վերադառնանք Նաիրա Զոհրաբյանի հարցի պատասխանին.

«Նախագիծն այս պահին շրջանառությունից հանված է, իսկ կգա, թե չի գա՝ ոչ ես, ոչ դուք, ոչ էլ որևէ մեկը չի կարող սահմանափակել պատգամավորի որեւէ սահմանադրական իրավունքը՝ ներկայացնելու օրենսդրական նախաձեռնություն։ Հետեւաբար, ես չեմ կարող բացառել, այդ թվում՝ որ Ձեր խմբակցությունից որեւէ մեկը վաղը կառաջարկի դիմակների տուգանքը սարքել 150 հազար դրամ»,-ի պատասխան ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էր: Նա նաեւ տեղեկացրեց, որ հարցի հետ կապված այս պահին էլ կան տարբեր քննարկումներ։ Նշեց, որ մասնագիտական շրջանակներում էլ կարծիքները երկու մասի կարելի է բաժանել։
«Մի մասը օրինակ է բերում, այդ թվում՝ մեր հարեւան Վրաստանը, որտեղ տուգանքները մերի համեմատ 100 հազար դրամից էլ մի փոքր բարձր են։ Շատերը հենց նշում են այդ օրինակը՝ ասելով, որ այնտեղ գուցե արդյունավետության միջոցը դա է եղել։ Մի մասն էլ նշում է, որ՝ ոչ, այդքան էլ չգնանք այդ պատժիչ մեթոդներով»,- ասաց Գաբրիելյանը։
Թե հետագայում նման նախագիծ կարո՞ղ է բերվել՝ ես չեմ կարող բացառել ինչ-որ մեկի փոխարեն՝ եզրափակեց իշխող մեծամասնության ներկայացուցիչը։




