
Գագիկ Ծառուկյանի կալանավորման միջնորդությունը դատարանը մերժեց։ Այս մասին հայտնեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։
Որոշումն այսօր ժամը 16․00-ին հրապարակվեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում:
Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը դատարան էր ներկայացրել Ազգային անվտանգության ծառայությունը հունիսի 16-ի երեկոյան։
Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով՝ ընտրողներին կաշառք տալ, կաշառք ստանալ, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտել կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտել։
Կալանավորման միջնորդությունը հնարավոր դարձավ խորհրդարանում Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուց հետո:
Ծառուկյանը պնդում է, որ քրեական գործը շինծու է, հորինված է քաղաքական պատվերով՝ հունիսի 5-ի իր հայտարարությունների պատճառով, երբ պնդել էր, որ Կառավարությունը ձախողվել է բոլոր ոլորտներում ու 100 տոկոսով պետք է փոխվի:




