
Կապան քաղաքի բնակիչներն այսուհետ առողջ ապրելակերպ վարելու նոր հնարավորություն կունենան։ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը շրջայց է կատարել քաղաքի երկու բակերում կառուցված նորակառույց մարզահրապարակներում, տեղում ծանոթացել արդեն իսկ ավարտված աշխատանքներին։
Կապան և Մեղրի խոշորացված համայքներում մարզահրապարակների կառուցման ծրագիրը իրականացրել է «Նյու Պլանետ» բնապահպանական հասարակական կազմակերպությունը՝ ի դեմս նախագահ Էդգար Զաքարյանի՝ «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր–Հայաստան» ծրագրի «Փոքր Դրամաշնորհային Բաղադրիչի» շրջանակներում։ Դրամաշնորհի գումարային չափը ծրագրի համար կազմել է 29,000 եվրո։
Ծրագրի գործադիր մարմինը ՀՀ Շրջակա Միջավայրի նախարարությունն է։
Երկու մարզահրապարակները կառուցվել են Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի թիվ 3 բ/բ շենքի բակում և Ձորք թաղամասի խաղահրապարակի հարակից տարածքում։ Բակային հատվածում տեղադրված մարզական գույքը կնպաստի բնակչության, մասնավորապես նախադպրոցական և դպրոցական երեխաների ազատ ժամանակի ճիշտ կազմակերպմանը, ինչպես նաև առողջ ապրելակերպի ձևավորմանը։




