
ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ՀՀ Գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդության հարցով փակ քվեարկությունը:
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը նշեց, որ փակ քվեարկության իրականացման համար հատկացվելու է 45 րոպե:
«Քվեարկությունը տեղի կունենա Ազգային ժողովի նիստերի դահլիճի հարակից նախասրահում, ժամը 17:05-17:50-ն»,- ասաց Հովակիմյանը:
Մինչ այդ, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն Ազգային ժողովին ներկայացրեց պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդությունը: Ըստ դատախազի՝ ձեռք են բերվել բավարար ապացույցներ՝ ընտրակաշառքի գործում Գագիկ Ծառուկյանին որպես մեղադրյալ ներգրավելու համար:
«Հարուցված քրեական գործի շրջանակներում տրված ցուցմունքներն ու խուզարկության արդյունքները, դրանց համակցությունը բավարար հիմք են տալիս ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին սույն գործով որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրանք առաջադրելու՝ 2017թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալը կազմակերպելու համար»,- ասաց Դավթյանը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանը հրաժարվել է այս հարցով իր ելույթից:
Ազգային ժողովը փակ քվեարկությամբ արդեն պատգամավոր Գագիկ Ծառուկյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից: Որոշումն ընդունվել է 87 կողմ ձայնով, քվեարկությանը չեն մասնակցել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները:
Քվեարկությանը չեն մասնակցել Իմ քայլը խմբակցությունից երկու պատգամավոր։ Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ևս մասնակցել է քվեարկությանը։




