
Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակում վերջին հինգ օրերին պարետի որոշմամբ 24 ժամով կասեցվել է 167 տնտեսվարողի գործունեություն։ Ընդ որում՝ վերջին երկու օրերին ավելի շատ խախտում է արձանագրվել, քան դրան նախորդող օրերին․հունիսի 13-ին և 14-ին 98 տնտեսվարող չի պահպանել պարետի սահմանած կանոնները, մինչդեռ հունիսի 10-ից 12 –ն ընկած ժամանակահատվածում այդ թիվը եղել է 69։ Խախտումներին հետևում ու դրանք արձանագրում են սննդամթերքի անվտանգության առողջապահության և աշխատանքի, կրթության տեսչական մարմնների աշխատակիցները։
Աշխարհը շարունակում է պայքարել շրջանաձև ու փշերով հայտնի վիրուսի դեմ։ Պայքարի միջոցներն այս դեպքում ալկոգելը, դիմակներն ու հեռավորությունն են, հետախույզները՝ տեսուչները։
«Տեղյա՞կ եք, որ երկու անգամ պետք է աշխատողների ջերմաչափում անեք, ու գրանցեք գրանցամատյանում»։
Իրացման կետերում փակ աղբամաններ, ջերմաչափման գրանցման մատյաններ, տեղեկատվական թերթիկներ, իրազեկման պաստառներ, ախտահանող միջոցներ, դիմակ, ձեռնոց, իրազեկում այն մասին, որ ժամը 10-ից 12–ը սպասարկման հերթը կենսաթոշակառուներինն է։ Սրանք այն պարտադիր պահանջներն են, որոնք տնտեսվարողները պետք է ապահովեն։ Հակառակ դեպքում նրանց սպասում է գործունեության 24 ժամյա կասեցում։
«Մենք տեղեկացում ենք բերել, որ պարետի որոշմամբ, 24 ժամով փակվում է ձեր խանութը, քանի որ փակ բերանով աղբաման չեք ունեցել։ Այսօր կփակենք, վաղ 12-ին կարող եք բացել, սակայն, հետևեք, որ նորմերը պահպանվեն»։

ՍԱՏՄ տեսուչներն այս ընթացքում սննդի շղթայի 14 հազար տնտեսվարողի են այցելել, միայն վերջին մեկ ամսվա ընթացքում իրականացրած ավելի քան 3 հազար ստուգայցի արդյունքում 875 տնտեսվարողի աշխատանքի կասեցման որոշում է կայացվել։ Ցանկում սպառողին հայտնի ու ոչ հայտնի առևտրի կետեր են՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մասնաճյուղեր, «Տաշիր» ու «Փեթակ» առևտրի կենտրոնները։ Հիմնականում չեն պահպանվում ախտահանման կանոնները։
Մինչ տեսուչները պայքարում են խախտումների դեմ, լուծումներ են փնտրում գիտնականները։ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտն, օրինակ, ձեռքի լապտեր հիշեցնող սարք է առաջարկում։ Այն արտաքուստ ավտոմեխանիկների կողմից օգտագործվող ձեռքի լապտերից չտարբերվող սարք է, որն ուլտրամանուշակագույն ճառագայթների օգնությամբ ախտահանում է տարածքը։ Հրայր Ազիզբեկյանը հեղինակն է, պատմում է․
«Ձեռքի լապտեր․ շատ հարմար , թեթև գործիք է։ Կարելի է այն օգտագործել խանութներում՝ ցուցափեղկերը ախտահանելու համար։ 30 սմ հեռավորությունից 98 տոկոս հավանականությամբ վերացնում է մակերևույթի վրա գտնվող վիրուսի մասնիկները։ Վիրուսը ՌՆԹ մեծ մոլեկուլ է, որի դեմ պայքարելու տարբեր միջոցներ կան, օրինակ քիմիական միջոցներ, որոնք ազդող նյութի միջոցով անցնում են բոլոր պաշտպանիչ շերտերով, քայքայում են այն։ Այլ եղանակ է ֆիզիկականն ու մեխանիկականը, մասնավորապես էլեկտրամագնիսական ճառագայթների միջոցով ազդեցությունը»,- պատմում է հեղինակը։

Առաջարկները շատ են, սակայն, դրանք տնտեսության մեջ կիրառելու համար ճանապարհն է երկար՝ լիցենզավորման թույլտվությունից սկսած։ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Արամ Պապոյանը թվարկում է տեսական առաջարկները կյանքի կոչելու փուլերը։
«Եթե ուզում ես ինչ-որ բան մեծ ծավալով արտադրել, միանգամից գալիս են լիցենզավորման հարցերը, փորձարկումները։ Գուցե ես սխալվում եմ, բայց դրանք կարելի է անել հանգիստ պայմաններում։ Այս ծայրահեղ լարված իրավիճակում, գուցե պետք չէ այդքան խորանալ։ Այս սարքերը բնակչության լայն շերտի համար չեն, գուցե աշխատողներին պետք է սովորեցնել, թե ինչպես պետք է կիրառեն։ Կարող ենք ինչ-որ բաներ պատրաստել, սակայն, չի լինի սերտիֆիկացված, չենք կարող այդ պահանջներն արագ կատարել»։
Գիտնակաները հորդորում են վերանայել երկար ընթացակարգերը ու պիտանի առաջարկներն արագ ներդնելու հնարավորություններ ստեղծել, հիշեցնելով՝ աշխարhն արագ լուծումների է գնում՝ հասկանալով, որ կորոնավիրուսի համավարակը նահանջելու մտադրություն առայժմ չունի։




