ԿարևորՀասարակություն

Աղբ թափելու նոր մշակույթ՝ Կապանի բնակավայրերում

Կապան խոշորացված համայնքի բնակավայրերում աղբահանությունը տարիներ շարունակ լուրջ խնդիր էր, որն այժմ լուծվում է։ «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան»–ի ու Կապանի համայնքապետարանի միջև կնքված եռակողմ պայմանագրի շրջանակում համայնքը ստացել է շուրջ 51 մլն․ դրամ նվիրաբերություն․ 56 ցինկապատ աղբաման և 1 ժամանակակից աղբատար մեքենա։ Ծրագիրը ներառում է 7 բնակավայր։

Այն, որ Կապանը չքնաղ բնություն ունի, փաստ է։ Վկայությունը ջրաշատ Գեղանուշն է, արևշատ Ներքին Հանդը, կենդանական ու բուսական աշխարհով հարուստ Շիկահողը և այսպես շարունակ։ Մի պահ պատկերացրեք, որ այս առանձնահատուկ կանաչով հարուստ բնակավայրերում տարիներ շարունակ աղբահանություն չի իրականացվել։ Մարդիկ այս ու այնտեղ աղբավայր են ստեղծել ու թափել ամեն ինչ:

Նարինե Սիրեկանյանը պատմում է․ «Ինչքան այստեղ ապրել եմ, մենք ունեցել ենք աղբը թափելու խնդիր։ Հատուկ տեղ չկա, որ լցնենք․ որտեղ պատահի։ Շատ տհաճ իրավիճակ է, հատկապես ամռանը, շոգ-կրակին անտանելի հոտ է գալիս, ճանճերը հավաքվում են։ Մեզ համար հաճելի չէ, ուղղակի տարբերակ չկար։ Որախ ենք, որ վերջապես այդ խնդիրը լուծվել է, մարդավարի աղբ կթափենք»։

Խնդիրը լուծվել է, այսուհետև աղբահանման աշխատանքներ կիրականացվեն նաև գյուղերում։ Այդ թվում՝ Ծավ, Շիկահող, Ներքին Հանդ, Սրաշեն, Ճակատեն, Գեղանուշ, Ձորաստան բնակավայրերում։ Համայնքը եռակողմ պայմանագրի շրջանակում ստացել է 56 ցինկապատ աղբաման  և 1 ժամանակակից աղբատար մեքենա։

Կապանի կոմունալ ծառայություն ՀՈԱԿ-ի տնօրեն  Արտավազդ Կարապետյան․ «Կապան համայնքի բնակավայրերի աղբհանության հարցը լուրջ խնդիր էր։ Աղբահանությունը մենք իրականացնելու ենք շաբաթական մեկ կամ երկու անգամ։ Քանի որ տեղադրվելիք ցինկապատ աղբամանների տարողունակությունը մեկ ու մեկ խորանարդ մետր է։ Կարծում եմ շաբաթը մեկ կամ երկու անգամ աղբահանություն իրականացնելը արդյունավետ կլինի»։

Համայնքը նվիրատվությունը ստացել է շրջակա միջավայրի նախարարության և «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան»–ի ու Կապանի համայնքապետարանի միջև կնքված եռակողմ պայմանագրի շրջանակում։ 

Նվիրաբերության գումարը շուրջ 51 մլն դրամ է։ Պահպանվող ծրագրերի աջակցման ծրագրի թիմի ղեկավարի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանի խոսքով՝ ընտրվել են այն համայնքները, որոնք ընդգրկված են պահպանվող տարածքներում կամ ունեն ընդհանուր սահման դրանց հետ։

«Ծրագրի շրաջանակում որոշվեց որոշակի աջակցություն ցուցաբերել համայնքին՝ 7 բնակավայրում աղբահանության ծրագիրը ունենալու համար։ Հույս ունենք, որ ոչ միայն կունենանք բարելավված աղբահանույթուն, այլ ինչ-որ ճափով կունենանք նաև բարելավված մշակույթ՝ աղբը հավաքելու աղբամաններում, աղբը հավաքելու կենտրոնացված հավաք»։

««ՄԱԶ» մակնիշի աղբատարը մոտ 10 խորանարդ մետր տարողություն ունի, որը եռակի գերազանցում է նախորդների բեռնվածությունը»,-ասում է Կապանի կոմունալ բաժնի ավտոպարկի վարիչ Գագիկ Խաչատրյանը․

«Համակարգչային սիստեմ ունի։ Ընդամենը մի կոճակ սեղմելով՝ արկղը վերցնում է, թափում է, ապա նորից դնում է իր տեղը։ Բավականին հեշտացել են աշխատանքները։ Եթե համեմատենք մեր հին մեքենաների հետ՝ ապա դրանց վրա երեք-չորս անգամ ավելի շատ ծախս էինք անում»։

Աղբատարը շուտով աշխատանքի կանցնի, իսկ համայնքապետարանը աղբամանների տեղակայման վայրերում բարեկարգում կիրականացնի։ 

Կարդացեք նաև

Back to top button