ԿարևորՀասարակություն

«Դիմակավորված» կրքեր ԱԺ–ում

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը այսօր վերադարձել է խորհրդարան և մասնակցել  լիագումար նիստերին ։ ԱԺ նիստերի դահլիճը խմբակցությունը  լքել էր մայիսի 8–ին տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո։ Ընդդիմադիր խմբակցությունների և քաղաքական մեծամասնություն  բանավեճն այսօր լրացվել  է նոր ուղղությամբ ՝ համավարակի դեմ պայքար և դրա արդյունավետություն։ ԼՀԿ–ն պայքարը ձախողված է համարում,  մեծամասնությունն առաջարկում է  COVID- 19-ը չշահարկել քաղաքական նպատակներով։

89–ից հանած մեկ,  գումարած «Լուսավոր Հայաստան» խմբակցություն․ սա խորհրդարանի այսօրվա մաթեմատիկական պատկերն է։ «Լուսավորականները» վերադարձան ԱԺ դահլիճ տևական բացակայությունից հետո, մեկ պատգամավոր էլ նախազգուշացում ստացավ ԱԺ նախագահի կողմից։

Արարատ Միրզոյան. «Պատգամավոր Գևորգ Պետրոսյանի նկատմամբ հայտարարվում է նախազգուշացում»:

Գևորգ Պետրոսյան. «Այդքան մտածում եք, սոցիալական հեռավորություն պահեք։ Իրարից 50 սանտիմետր էլ չկա մեր պատգամավորների միջև հեռավորությունը։ Է թող նիստերը հեռակա անցկացնեն, այս ձևականությունները ամոթ է։ Եթե իրենք իսկապես արդյունավետ պայքար մղեին, բանը սրան չէր հասնի»։

Այսօրվանից կանոնները խստացվել են՝ պատգամավորներն անխտիր պետք է կրեն դիմակներ։ Պայմաններն այդպիսին չէին անգամ այն շրջանում, երբ ԱԺ  աշխատակազմում կորոնավիրուսի դեպք հաստատվեց: Խորհրդարանն այս պահից հետևում է պարետատան որոշումներին, և պատգամավորների հանդեպ պատժամիջոցները նախազգուշացումով չեն սահմանափակվելու՝ նրանք կարող են հեռացվել դահլիճից 1 կամ 7 օրով։ Սա հերթական սահմանադրական վեճի առիթն  է՝ կրկին «լուսավորականների» և մեծամասնության միջև։

Էդմոն Մարուքյան .«Ուզում եմ հիշեցնել Սահմանադրության այն նորմը, որ արտակարգ դրությունը չի տարածվում ԱԺ–ի վրա, հետևաբար արտակարգ դրության շրջանակներում պարետի որոշումները չեք կարող կիրարկել խորհրդարանում և պատգամավորներին դուրս հրավիրել և այլն, և այլն։ Հետևաբար, Ձեր այդ որոշումը կրկին պետք է քննարկել Սահմանադրության նորմի իմ նշած համատեքստում»։

Արարատ Միրզոյան. «Համավարակի պայմաններում, երբ յուրաքանչյուրը կարող է լինել վարակի կրող,  ինքն էլ չիմանա այդ մասին, գա և վարակի մյուսներին, սա կնշանակի խոչընդոտել ԱԺ բնականոն աշխատանքները, իսկ նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու համար ԱԺ կանոնակարգը նախագահողին տալիս է մի շարք հնարավորություններ։ Բարեբախտաբար, բողոքարկելու հնարավորություններ կան, և մեր գործընկերները կարող են բողոքարկել մեր որոշումները՝ ընդհուպ մինչև ՍԴ–ում, որ կազմով էլ այն աշխատի»։

ԱԺ դահլիճում դիմակ կրելը մի քանի նպատակ ունի։ Առաջինը կանխարգելումն է․ սովորական բարձրախոսը կարող է վարակի կրիչ լինել։ Երկրորդ նպատակն օրինակ ծառայելն է՝ ընտրողների, հանրության համար։ Պատգամավորները գիտակցել են նախկինում թույլ տված սխալը։ Այսօր հնչեցին ափսոսանքի խոսքեր թե՛ ԱԺ նախագահի, թե՛ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի կողմից։ Նույն խմբակցությունից Միքայել Զոլյանն էլ փորձեց դիմակով ելույթի արդյունավետությունը։

Միքայել Զոլյան. «Քաղաքացիները մեզ հետևում են, սոցիալական ցանցերում, ռադիոյում հարցնում են՝ ինչո՞ւ պետք է դիմակ կրենք, եթե պատգամավորներն այդ պահանջը չեն կատարում»։

Արարատ Միրզոյան. «Ես ինքս եղել եմ այն իրավիճակում, որ փակ տարածությունում դիմակ չեմ կրել, ուզում ասել՝ սխալ եմ արել, մտածել եմ ինչ–որ հանդիսավոր պահ է, Արցախի նախագահի երդմնակալության արարողությունն է, թեև փակ դահլիճում չեմ կրել դիմակը և ուզում եմ խոստովանել՝ սխալ էր»։

Լիլիթ Մակունց. «Այո, արժեր, որ դիմակներ կրեինք, ինչի համար ես հայցում եմ մեր քաղաքացիների ներողամտությունը։ Հորդորս, կոչս, խնդրանքս է հետևել կանոններին»։

Պահանջները սահմանել է պարետատունը, բայց մասնագետները՝ բժիշկներն իրենք ընդհանուր հայտարարի այս հարցում չեն գալիս։

«Մի կողմից ասում ենք, որ այո, պետք է դիմակներ կրել, բայց գիտենք, որ կա դիմակների տարբեր տեսակներ և պարտադիր չէ, որ մենք կրենք N95 կամ FFP տիպի դիմակներ»,- ասում է բժիշկներից մեկը։

«Դիմակը պետք է առաջին հերթին հիվանդը հագնի, եթե մարդը հազում կամ փռշտում է, շնչուղիներից թքի կաթիլների միջոցով վիրուսը կարող է մոտ 2 մետր հեռավորության վրա տարածվել»,- մեկ այլ բժշկի կարծիք է։

«Դիմակը, եթե ճիշտ դիմակ է, այսինքն՝ հակավիրուսային պատնեշ հանդիսացող դիմակ է , ապա պետք է հիվանդներին, ոչ թե առողջներին։ Առողջներին դա ոչ փրկում է, ոչ օգնում, ոչ էլ պաշտպանում»,- նշում է բժիշկը։   

Կարծիքների տարբերության պատճառը վիրուսն է, որը ամիսներ շարունակ այդպես էլ մնում է չբացահայտված։ Նրա հետ «շփման» վարքագծի կանոններն աշխարհում անընդհատ  փոխվում են, յուրաքանչյուր պետություն փորձում է իր մեթոդները՝ այնուամենայնիվ, հետևելով միջազգային առողջապահական կազմակերպությունների հորդորներին։

Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դեռ 3 ամիս առաջ մտածում  էր գործընկերների պես, այսօր արդեն բացատրում է, թե ինչու է փոխել կարծիքը և ինչն է դիմակ կրելու պահանջի իրական նպատակը․

«Այս հիվանդությունը հիմնականում փոխանցվում է տարբեր մակերեսներից ձեռքով վերցնելու և ձեռքը քթին, բերանին կամ աչքերին հպելու պատճառով։ Դիմակներն այստեղ ունեն ոչ թե օդային ճանապարհով վարակը կանխարգելելու, այլ  հիմնականում օգնում են, որ ձեռքը պատահաբար, անգիտակցորեն չմոտեցնենք մեր շուրթերին կամ քթին։ Իհարկե, ակնոց ունեցող մարդկանց նաև օգնում է, որպեսզի մենք մեր ձեռքը չմոտեցնենք մեր աչքերին»,- ասում է Արսեն Թորոսյանը։

Այսօր խորհրդարանում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը առաջարկեց քաղաքական ուժերին կնքել ներքին «ջենթլմենական» պայմանավորվածություն՝ քաղաքական նպատակներով չօգտագործել կորոնավիրուսային իրավիճակը։

Ընդդիմադիրները,  սակայն, այն կարծիքին չեն, որ համավարակը քաղաքականությունից դուրս է, շարունակում են քննադատել կառավարությանը  սխալ և ուշացած քայլեր ձեռնարկելու համար։ Մինչդեռ խորհրդարանական մեծամասնությունը հակադարձում է՝ համավարակի հարցում հաջողել–չհաջողելուն  գնահատական տալը դեռ վաղ է․  խնդիրը հաղթահարված չէ ամբողջ աշխարհում, և Հայաստանը բացառություն չէ։

Կարդացեք նաև

Back to top button