Աջակցություն բիզնեսին և խոցելի խմբերին. կորոնավիրուսի հետևանքները մեղմելուն ուղղված կառավարության քայլերը ճիշտ են թիրախավորված, խնդիրը դրանց արդյունավետությունն է՝ ասում է «Արժեքների հեղափոխություն» հաղորդաշարի հեղինակ Վահե Հովհաննիսյանը։
Նրա կարծիքով՝ կառավարությունը փորձում է թիրախավորված, հասցեական աջակցել, բայց տասնյակին մոտ ծրագրեր իրականացնելը և կառավարելը ռեսուրսներ են պահանջում։ 9 փաթեթի փոխարեն կողմնակից եմ 1 ընդհանուր փաթեթի՝ ասում է Հովհաննիսյանը։
Անդրադառնալով տնտեսական միջոցառումներին ՝ կարևորում է գյուղատնտեսությանն ուղղված փաթեթը․ «Այս պահին առավել, քան երբևէ կարիք ունենք ոլորտին զարկ տալու։ Այն խնդիրները, որոնց երկար ժամանակ ձեռքներս չի հասել, որոնց համար ժամանակ չենք ունեցել, պետք է հենց հիմա լուծենք»։
Բիզնեսին ուղղված աջակցությունը, Հովհաննիսյանի կարծիքով, փոքր ու միջին ձեռնարկություններին կօգնի դիմակայել, բայց կարող է նաև անարդարության զգացում առաջացնել։ «Այն ընկերությունները, որոնք թիրախային խմբում են, կարծում են, որ աջակցությունը անհամաչափ քիչ է, այն ընկերությունները, որոնք այդ խմբում չեն, մոտեցումն անարդար են համարում», -ասում է նա։
Իրավիճակն, ըստ Հովհաննիսյանի, այլ բան է ցույց տալիս․ այն ոլորտները, որոնք ունեն համախմբվածություն, իրենց խնդիրները տեղ են հասցնում, նրանց ձայնը ավելի լսելի է։ Ուստի՝ ընկերությունները պետք է ուղիներ փնտրեն ասոցիացիաներ կազմելու համար, որ կարողանան ավելի լսելի լինել։




