ԿարևորՀասարակություն

Վիրտուալ կյանքի վտանգները

Ֆիզիկական տեղաշարժը սահմանափակող կորոնավիրուսի պատճառով այսօր մարդկությունը տեղափոխվել է վիրտուալ տիրույթ: Այս պահին համացանցում նույնքան աշխույժ է, որքան համացանցից դուրս էր ընդամենը մի քանի շաբաթ առաջ:

Ակտիվությունը վերաբերում է ինչպես սովորական շփումներին, այնպես էլ՝ վտանգներին ու ծուղակներին, որոնք և իրական, և վիրտուալ կյանքում ստիպում են պահպանել զգոնությունը:

Այնպես որ՝ արտակարգ դրության կանոնները պահպանելուն զուգահեռ ցանկալի է, որ գրագետ օգտագործվեն նաև վիրտուալ տիրույթի անվտանգության կանոնները:

Կորոնավիրուսի ֆոնին ավելացել են ինտերնետ խաբեությունները՝ փաստում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Օրինակներից մեկն օրերս բացահայտվել է «Վայբերում», բայց հանդիպում է սոցիալական այլ հարթակներում ևս:

Ուշագրավ է, որ հայերեն գրառմամբ տարածվում են խուճապ առաջացնելու միտումով հաղորդագրություններ։ Բովանդակությունը մոտավորապես հետևյալն է՝ հաղորդագրություն ստացողը կասկածվում է կորոնավիրուսով վարակված լինելու մեջ և նրան հորդորում են սպասել տանը, մինչև անձնակազմը կազատվի և կմոտենա բաժանորդին:

Սամվել Մարտիրոսյանը բացատրում է. հաղորդագրություն ուղարկած համարը ուկրաինական է, բայց ամենայն հավանականությամբ ղեկավարվում է հարևան Ադրբեջանի կողմից:

«Մի հավատացեք, նման հաղորդագրություն պատկան մարմինները չեն կարող ձեզ ուղարկել»,- հորդորում է տեղեկատվական անվտանգության փորձագետը:

Զգոն լինելու այլ պատճառներ էլ է թվարկում՝ նշելով, որ նման խաբեություններ համացանցում միշտ եղել են, բայց վերջին շրջանում մեծ տարածում են ստացել:

«Ցավոք,  Հայաստանում, չգիտեմ ինչու, բայց բուռն սկսել է աճել: Կորոնավիրուսն էլ ազդել է, որովհետև մարդիկ տներում  են նստած, լավ բան չեն սպասում: Մեկ էլ ըհը … միլիոններս եկան: Նամակ է գալիս: Հիմա վատը այն է, որ դա հայերեն է և մարդիկ ռեալ սկսում են հավատալ, որ  Մոզամբիկում մահացել է մի տատիկ  և թողել 50 միլիոն դոլար: Այնտեղ ուղղակի պետք է 147 դոլար փոխանցել, որ էն  մնացածը ստանաս: Խաբեության ձևերը շատ-շատ են: Մեկ-մեկ դուք շահում եք 50 միլիոն դոլար, ես 800 միլիոնի առաջարկ եմ նույնիսկ ստացել, բայց մեկ-մեկ դա լինում է մի հատ փոքր սմարթֆոն»,- ասում է փորձագետը:

Տարբեր հայտնի մարդիկ, ավելի ճիշտ՝ անհայտ խաբեբաները հայտնիների նկարներով, տարբեր մրցույթներ են առաջարկում: Առաջադրանքը, ասենք՝ ընդամենը մեկ թիվ գրելն է: Եթե դրանով դուք արժանանում եք մեծ շահումի, ապա դա ստանալու համար անհրաժեշտ են բանկային տվյալներ:

 «Պարզ է, որ այս ամեն ինչն արվում է, որ գտնեն այն մարդկանց, որոնք  խայծը կուլ են տալիս և ում կարելի է խաբել և փող կլպել: Պետք է հիշեք միշտ՝ ինտերնետում փող չկա: Ավելի ճիշտ՝ այնտեղ շատ փող կա, բայց երբեք նվերի ձևով, շահումի ձևով չի լինում: Դուք չեք կարող ժառանգություն ստանալ Կամերունում, Սենեգալում, Մոզամբիկում: Նաև Ինդոնեզիայում ձեզ չի սպասում 50 միլիոն դոլար»,- նշում է Մարտիրոսյանը:

Վերջին երկու օրվա ընթացքում մասնագետների ուշադրության կենտրոնում է հայտնվել  երկու օր առաջ ներկայացված AC19 բջջային հավելվածը, որը Հայաստանին է տրամադրել իրանական կողմը:

Որոշ մասնագետներ հավելվածը որակեցին  «լրտեսական»,  քանի որ հեռախոսահամարի գրանցման միջոցով հավելվածը ստանում է այն  ներբեռնած անձի տեղաշարժին հետևելու հնարավորություն:

ՀՀ փոխվարչապետ, գլխավոր պարետ Տիգրան Ավինյանի մամուլի  խոսնակ Վահան Հունանյանը  media.am կայքի հետ զրույցում նշել է, որ հավելվածն իսկապես օգտատիրոջից հարցնում է գտնվելու վայրը տեսնելու թույլտվություն, սակայն օգտատերը կարող է թույլ չտալ և անցնել հարցաշարը։

Թեստավորումը հնարավոր է անցնել նաև ac19.am կայքում՝ առանց հավելվածը ներբեռնելու։

Հարցաշարի պատասխաններից ստացված տվյալները հավաքագրվում են կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում։ Հավելվածի բոլոր բազաները և սերվերները գտնվում են Հայաստանում, և իրանական կողմը տվյալներին մուտք չունի: 

Կարդացեք նաև

Back to top button