
Գոհար Մարտիկյան՝
«Ռադիոլուրի» համար
2020թ. փետրվարի 28-ի երեկոյան Գլենդելի «Անուշ» ռեստորանը լեփ լեցուն էր հայ մարզասերներով ու ճանաչված հայ մարզիկներով։ Նշվում էր ամենամյա մարզական տարետոնը, որը պարային ու մարզական յուրօրինակ և արհեստավարժ կատարումներով զուգակցված՝ նշանավորվեց նաև հայ պատանի մարզիկի՝ Հակոբ Հրաչյայի Առաքելյանի մարզական նշանակալի հաջողությամբ։ 15-ամյա պատանին՝ գերազանցելով իր իսկ ռեկորդը, կրկին դարձավ գինեսի ռեկորդակիր։
Պատանին հաջողությամբ շարունակում է հոր՝ Հրաչյա Հակոբի Առաքելյանի ընտանիքում ձևավորված ավանդույթը։ Հրաչյա Առաքելյանը ևս գինեսի բազմակի ռեկորդակիր է։
Հրաչյայի երազանքն է՝ սահմանել գինեսի հերթական աներևակայելի ռեկորդը՝ ապրիլի 24-ին, ի հիշատակ և ի խոնարհումն 1,5 միլիոն հայ նահատակների։
ԱՄՆ-ում բնակվող հայ դյուցազունին՝ գինեսի բազմակի ռեկորդակիր Հրաչյա Առաքելյանին, «Հայոց դյուցազնագրքում» իր պատվավոր տեղը զբաղեցրած հային մաղթենք երազանքների իրականացում։ Իսկ նրա երազանքն է՝ ապրիլի 24-ին, 150 փաունդ ծանրությունը բարձրացնել՝ 24 ժամում 10 հազար անգամ կքանստելով։
Հաջողություններ և երազանքների իրականացում հայր և որդի ռեկորդակիրներին՝ Հրաչյա և Հակոբ Առաքելյաններին:




