
Մարիամ Ավանեսյան
«Ռադիոլուր»–ի համար
Քար, հատիչ, մուրճ՝ այս համադրությունից կստանանք խաչքար, որը պատկերացնելիս մտքիդ առաջինը գալիս է փոշոտ արհեստանոցում քարի վրա մուրճով կտկտացնող ահեղ տղամարդ։ Բայց արի ու տես, որ բարալիկ ձեռքերով աղջիկներն էլ կարող են խաչքարագործ լինել ու հատել սեփական մոդելները։
Լուսինեն մասնագիտությամբ հնագետ է, կարելի է ասել, որ նրա՝ խաչքարի հանդեպ սերը սկսվել է դեռ ուսանողական տարիներից։ Ասում է` հայկական միջնադարյան կոթողներն ուսումնասիրելիս չէր էլ պատկերացնում, թե մի օր ձեռքը կվերցնի հատիչն ու մուրճը, իսկ այսօր էլ արդեն պատրաստի գործեր կունենար։

«Ես չեմ կողմնորոշվում խաչքարագործությունը հոբբի՞ է, թե՞ մասնագիտություն։ Եթե մասնագիտություն է, այսինքն՝ աշխատանք, ապա ես չեմ ուզում խաչքար պատրաստելը, խաչքարագործություն սովորելու ընթացքը ինձ համար դառնա աշխատանք»,– նշում է Լուսինեն։
Նա պատմում է, որ արհեստանոց գնալու մասին սկզբնական շրջանում ոչ ոք չգիտեր, նույնիսկ ամենամոտ ընկերները, առավել ևս ծնողները, աղջիկը վախենում էր, որ գլուխ չի հանի տղամարդուն հատուկ գործից, ժպիտով է հիշում՝ սկզբում չէր կողմնորոշվում ինչպես բռներ հատիչը, իսկ մուրճի ծանրությունից ձեռքն անընդհատ ցավում էր։
«Ծնողներիս համար մի քիչ բարդ է. սկզբում հնագիտություն մասնագիտությունն էի ընտրել, որը հող, փոշի՝ աղջիկ․․․ աշխատում եմ թանգարանում մաքուր գնում գործի գալիս եմ, բայց հետո՝ խաչքար։ Առաջին խաչքարը, որ մամայիս նվիրեցի համ ուրախացել էր, համ ասաց՝ էլի փոշի, ասում էի մամ այս փոշին ուրիշ է․ այս փոշին ես լրիվ կարողանում եմ շնչել »,– ասում է խաչքարագործը։
Քարի վրա հատված խաչը սովորական է այնքան ժամանակ մինչև հատուկ կարգով օծվում է ու ստանում սուրբ քարի՝ խաչքարի նշանակություն։ Հնագետի խոսքով՝ վարպետը չի կարող միանման գործեր քանդակել երկու անգամ, դա ձեռագործ աշխատանք է, ոչ թե արտադրանք․ ամեն դեպքում ինչ-որ նախշ կտարբերվի։
«Խաչքարը պատկերում է կյանքը։ Կենտրոնում՝ հոգու համար մատուցվող պատարագ, ներքևում՝ դժոխք, դժոխքի ավերումը խորհրդանշող վարդյակ: Արևի նման կլոր է, ապա հավերժության նշանն է և դրախտը», – ասում է Լուսինեն, ով մինչ այսօր էլ ներքին վախ ունի, որ իր մոտ այս գործը չի ստացվի, բայց պահանջկոտությունը չի թողնում հանձնվել, իսկ ամենամեծ քաջալերողը վարպետն է։





