
Իտալիայում, կորոնավիրուսային վարակի կանխարգելման շրջանակներում, բոլոր խանութները ժամանակավորապես կփակվեն: Այս մասին տեղեկացրել է վարչապետ Ջուզեպպե Կոնտեն` ֆեյսբուքյան ուղիղ եթերում: Կգործեն միայն մթերային խանութները և դեղատները:
Նոր կանխարգելիչ միջոցառումներն ուժի մեջ կմտնեն մինչև մարտի 25-ը:
Կոնտեն ասել է, որ արդյունաբերական և գյուղատնտեսական ձեռնարկությունների աշխատանքը չի դադարեցվի, եթե ընկերությունները կարողանան աշխատակիցներին երաշխավորել կորոնավիրուսից պաշտպանություն: Գործելու են նաև թերթերի կրպակները, փոստային բաժանմունքները, բանկերը, ապահովագրական ընկերությունները և հասարակական տրանսպորտի համակարգը:
Իտալիայում բժիշկները մեկ օրում հայտնաբերել են կորոնավիրուսային վարակի երկու հազար դեպք, մահացել է 200 մարդ, հայտնում է երկրի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը:
Այսպիսով, երկրում արդեն վարակված է ավելի քան 12 462 մարդ, մահացել է 827-ը:
Մարտի 11-ի երեկոյան ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմել է 125 հազար մարդ: Վարակի դեպքեր են գրանցվել 110 երկրում:




