
Հասարակական կազմակերպությունները ստիպված կլինեն հրապարակային դարձնել իրենց ֆինանսական հոսքերն ու միջոցները։ Կառավարության մշակած նախագիծը ներկայացվել է խորհրդարանի քննարկմանը։
Գործող կարգավորումներով ևս հաշվետվություն ներկայացնելու պահանջ սահմանվում է, բայց միայն այն դեպքերում, երբ կազմակերպությունը ֆինանսավորվում է հանրային միջոցներից: Նոր կարգավորումներով թափանցիկ աշխատելու պահանջը վերաբերելու է բոլոր ՀԿ–ներին։
Կառավարությունը ցանկանում է թափանցիկ դարձնել հասարակական
կազմակերպությունների աշխատանքն ու ֆինանսական հոսքերը
Գործադիրի առաջարկը խորհրդարանական մեծամասնությանը բաժանել է երկու մասի։ Մի կողմում,
օրինակ, Բաբկեն Թունյանն է․ լրատվական
դաշտում աշխատանքային նախկին փորձից գիտի՝
ՀԿ–ների մասին ինֆորմացիա ստանալը խնդիր է, մյուս կողմում Հերիքնազ Տիգրանյանն է․
ԱԺ տեղափոխվել է հասարակական սեկտորից։
Բաբկեն Թունյան .«Պետք է ավելի շատ խստացնել այս օրենքը։ Իմ անձնական կարծիքով՝ ՀԿ–ները պետք է նաև իրենց ֆինանսավորման աղբյուրները բացահայտեն, որովհետև կոնկրետ ինձ համար ամենակարևոր ինֆորմացիաներից մեկը դա է։ Բա չիմանա՞նք։ Ով վճարում է, նա էլ երաժշտությունը պատվիրում է»։

Հերիքնազ Տիգրանյան. «Հակասություն եմ տեսնում որոշ դրույթների միջև։ Կներկայացնեմ գրավոր առաջարկներ, որպեսզի հաշվետվությունը լինի շատ ավելի ամփոփ՝ չխախտելով կազմակերպությունների անկախությունը»։
Դեռ մեկ ամիս առաջ խորհրդարանի Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկումների ժամանակ հերքվեց այն վարկածը, որ խստացումները կապված են այսպես կոչված «սորոսական» կազմակերպությունների գործունեության հետ։ Չկան նաև փաստացի տվյալներ, որ փոփոխությունն արվում է փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարի համար։
Նախագծով ՀԿ–ներն իրենց տարեկան հաշվետվությունները ներկայացնելու են ՊԵԿ–ին, որի պաշտոնական կայքում էլ տվյալները հրապարակվելու են։

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյան․ «Տարբեր կառույցներ կան, որոնք փողերի լվացման ու ահաբեկչության դեմ պայքարի որոշակի գործառույթներ ունեն և իրականացնում են։ ՊԵԿ–ը որոշակիորեն առնչվում է այդպիսի գործառույթների ընդհանուր կատարմանը։ Մենք ուղղակի ապահովելու ենք հարթակ, որտեղ ՀԿ–ն հանրության, այդ թվում նաև պետության առջև պարտավոր է լինելու թափանցիկ ներկայացնել այդ տեղեկատվությունը։ Հանրային պահանջ կա այդպիսի»։
Նախորդ իշխանության ժամանակ այս օրենքը այլ կերպ կընդունվեր, որպես ՀԿ–ներին ճնշելու փորձ, այսօր իրավիճակն այլ է, և որևէ օրենք վատ «իմաստով» կիրառվել չի կարող։ Սա խորհրդարանական բանավեճի հիմնական թեման էր։
Նախագիծը որպես մահակ օգտագործելու հեռանկարին առնչվող հարցերին ՊԵԿ նախագահն այսպես է պատասխանում․ «Թե 5 տարի հետո որևէ իշխանություն ինչ կփորձի անել, գիտեք՝ նայած, թե ինչ մտքի թռիչք կունենան»։

Խորհրդարանական ընդդիմությունն այս հարցում փորձում է հավասարակշռություն պահել։ «Բարգավաճ Հայաստանը» և, և–ի կողմնակից է, «Լուսավոր Հայաստան»–ը ՀԿ–ներին կոչ է անում ոտքի կանգնել։ «Բարգավաճ Հայաստանից» Արման Աբովյանին և «Լուսավոր Հայաստանից» Անի Սամսոնյանին լսենք․
Արման Աբովյան. « Պետք է լինի շատ կարևոր բալանսավորում։ Կարծում եմ, պետք է լինի լիարժեք թափանցիկություն նաև այն ՀԿ–ների կողմից, ովքեր արտասահմանից են ֆինանսավորում ստանում։ Անպայման։ Դրա հետ մեկտեղ հանկարծ չստացվի այնպես, որ պետությունը կարողանա ուղղակի այս կամ այն ձևով ազդեցություն ունենալ այդ կազմակերպությունների վրա»։

Անի Սամսոնյան. «Շարունակում եմ զարմանալ մեր գործընկերների այն մտածողության վրա, որ ՀԿ–ները մեր իշխանության ժամանակ անհարկի ճնշումների չեն ենթարկվի։ Հարգելի գործընկերներ, եթե մենք օրենք են փոխում, ապա դա պետք է գործի բոլոր ժամանակների և բոլոր ղեկավարների համար։ Բարի թագավորի կամքին մենք չպետք է ապավինենք։ ՀԿ–ները պետք է առավել ակտիվ լինեն, որովհետև, այո, եթե նախկին իշխանության ժամանակ սա բերվեր, հաստատ բոլորը խոսելու էին հնարավոր ճնշումների մասին ։ Հիմա զարմանում եմ մի փոքր, որովհետև պասիվություն կա այս առումով։ Լավ կլինի, որ ակտիվանան»։
Խորհրդարանի քննարկմանը ներկայացված նախագիծը մշակվել է մեկ տարվա ընթացքում։ Աշխատանքային խմբում ընդգրկված են եղել ՀԿ ներկայացուցիչներ, կազմակերպվել են հանրային քննարկումներ՝ ասում է ՊԵԿ ղեկավարը։ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովից խոստանում են՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կշարունակեն երկխոսությունը ՀԿ ներկայացուցիչների հետ։




