ԿարևորՀասարակություն

Դիմակի դեֆիցիտ կա, բայց ոչ արհեստական․ ՏՄՊՊՀ

«Հայաստանում իրավիճակը երեկվա համեմատ նույնն է՝ 1 հաստատված դեպք և 31 կարանտինի մեջ գտնվող անձ, բոլորի առողջությունը փաստացի նորմալ է: Ընդհանուր առմամբ իրականացվել է 120 լաբորատոր հետազոտություն, որից միայն 1-ն է դրական արդյունք ունեցել:

Եվս 9 թեստ այսօր է իրականացվելու, որոնց պատասխանների վերաբերյալ տեղեկատվությունը կտրվի հայտնի դառնալուն պես»,– Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի այսօրվա նիստում հայտնել է առողջապահության  նախարար Արսեն Թորոսյանը։

Կառավարությունում հորդորում են զգույշ լինել,  բայց նաև  խուճապի չմատնվել։

Իրանի հետ Հայաստանի վիզային  ռեժիմը   ժամանակավորապես  կվերականգնվի․ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝   կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքային խմբի ընդլայնված կազմով նիստի ժամանակ։ ՊԵԿ–ում քննարկում են՝  Իրանից   բեռնափոխադրումներ կազմակերպե՞լ, թե՞ ոչ։ 

«Մենք Իրանի մեր գործընկերների հետ մշտական հաղորդակցության մեջ ենք, մեր զորակցությունն ենք հայտնում Իրանի բարեկամ ժողովրդին և կառավարությանը՝ այս դժվար իրավիճակը հաղթահարելու գործում և մեր հնարավորությունների սահմանում կաջակցենք Իրանի հարևան և բարեկամ ժողովրդին և կառավարությանը»:

Վարչապետը կոչ  է անում  սահմանափակել դեպի Իտալիա և Թուրքիա ուղևորությունները։ Նիկոլ Փաշինյանը խոսքով՝   բոլոր ուղղությունները փակել հնարավոր չէ, բայց այս  պահին գնահատվում են առավել ռիսկային ուղղությունները։ Կորոնավիրուսը գործնականում տարածված է ամենուր: Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովում սպասում են 9 թեստի պատասխանի:

«Արձանագրենք, որ երեկվանից նույն իրավիճակն է․ 1 հաստատված դեպք ունենք։ Ընդհանուր առմամբ իրականացվել է 120 լաբորատոր հետազոտություն, որից միայն 1-ն է դրական արդյունք ունեցել: Եվս 9 թեստ այսօր է իրականացվելու։ Հույս ունենք, որ հիվանդությունը չի հաստատվի, բայց եթե Աստված մի արասցե, հաստատվի, մենք դրա մասին կտեղեկացնենք:  Բայց  հաստատվելն էլ որևէ խուճապի առիթ պետք է չստեղծի , որովհետև պետք է արձանագրենք, որ սա հաղթահարելի հիվանդություն է»։

«Կորոնավիրուսով հիվանդ անձն իրեն լավ է զգում»,– ասաց վարչապետն ու նշեց, որ «Գոլդեն փելես» հյուրանոցում գտնվող անձանց մոտ նույնպես հիվանդության  ախտանշաններ ի հայտ չեն եկել: Երեկ մի  քանի կասկածելի դեպքեր են  եղել, բոլորի ախտորոշման արդյունքները  բացասական են։

Կառավարությունում անձնական հիգիենայի հիմնական կանոնները պահպանելուց զատ  հորդորում են խուճապի չմատնվել։    Մասնագետներն էլ խորհուրդ են տալիս բժշկական  դիմակներ կրել։ Միայն թե այս օրերին  Հայաստանում  բժշկական դիմակի դեֆիցիտ կա, Դեֆիցիտն արհեստական չէ՝ արձանագրում է  ՏՄՊՀ նախագահ  Գեղամ Գևորգյանն ու նշում ՝  որևէ խոշոր ներմուծող ընկերություն դիմակի գին չի բարձրացել։ Սրանում համոզվել են ուսումնասիրությունից։

 «Փոքր դեղատներում կա դիմակի գների բարձրացում․ որոշներում գինը 200 դրամ է, տեղեր էլ  կան՝ 300 դրամ։ Դրանք հիմնականում տնտեսվարող սուբյկետներ չեն, հիմնական ծավալ ապահովող ընկերությունները գնային փոփոխություն այս պահին չեն իրականցրել։ Նույնիսկ մեզ ուղարկում են, որ list.am-ում են վաճառում»։

Պարզեցինք՝  list.am-ում  դիմակ  վաճառում են։ Հայտարարություններից երկուսը    տեղադրված են մարտի երկուսի՝ այսօրվա  ամսաթվով։  Մեկի վաճառքը Երևանում էր, մյուսինը՝ Ուկրաինայում․

« Շտապ վաճառվում է բժշկական դիմակ 3 շերտանի․ մեծ խմբաքանակի դեպքում ՝1 հատը 260 դրամ։

Վաճառում ենք ուկրաինական արտադրության բժշկական եռաշերտ, ռեզինով դիմակներ՝ որակի սերտիֆիկատով։
Վաճառքը միայն մեծածախ՝ 3.000.000 հատ և ավելի։
Քանակը՝ անսահմանափակ։ Ապրանքը կհանձնվի գնորդին մարտի 18-20-ը Կիև քաղաքում, Հայաստան չի ներկրվում»։

ՏՄՊՊՀ–ում պարզել են՝ Հայաստանից դիմակների մեծ խմբաքանակ արտահանվել է,  սակայն թե  որքան ու  երբ, այս պահին հայտնի չէ։ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը մեր դիտարկմանն այսպես  արձագանքեց․

«Այս պահին թվային տվյալները, կոդերը ՊԵԿ–ի հետ ճշտում ենք։ Մաֆիա խաղալու դիմակն էլ է դիմակ, մի քիչ առնաձնացնելը բարդ է։ Մաքսայինի մեր գործընկերներին ասել ենք, տեղեկատվությունը կտան»։

Դիմակ ներկրողների հետ  կառավարությունն այս պահին քննարկում է նոր խմբաքանակներ  Հայաստան ներկրելու հարցը։  «Ինչ վերաբերում է ախտահանիչ նյութերին, ապա դրանք հիմնականում Հայաստանում են  արտադրվում»,– ասում է  ՏՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն ու պարզաբանում

 «Կորոնավիսրուսի  առաջին դեպքից  հետո քաղաքացիները մեծ ծավալով սկսեցին  գնել։  Նախորդ օրերը շաբաթ, կիրակի էին, մեծ պահանջարկ չկար։ Սակայն այսօր իրավիճակը բոլորովին այլ է։ Հայկական  «Արսանիդ» ընկերությունը պատրաստվում է առաջիկա օրերին  մեծ խմբաքանակ հանել տեղական շուկա»։

Անդրադառնալով մարդկանց խուճապահար մյուս գնումներին ՝ հանձնաժողովի նախագահը նկատեց, որ դրա անհրաժեշտությունը չկա: «Օրինակ, շաքարի ծավալներն  այնքան շատ են, որ կբավականացնեն ավելի քան մեկ տարի: Նույնը վերաբերում է ալյուրին: Անտեղի գնումների կարիք չկա», –ասում  է ՏՄՊՀ նախագահը։

Կարդացեք նաև

Back to top button