
Ուղիղ 16 տարի առաջ էր. 2004թ.-ին հայ և ադրբեջանցի սպաները Բուդապեշտում էին, հունվարի 11–ից ՆԱՏՕ–ի կազմակերպած «Գործընկերություն հանուն խաղաղության» դասընթացն էին սերտում, երբ ադրբեջանցի սպան կացնի 16 հարված է հասցնում խաղաղ քնած հայ խաղաղապահին: Բուդապեշտում ադրբեջանցի սպան դատապարտվում է ցմահ բանտարկության, 8 տարի հետո արտահանձնվում Ադրբեջանին, որտեղ էլ Սաֆարովին ընդունում են հերոսի փառքով, վճարում այդ 8 տարվա աշխատավարձը, բնակարան, երջանիկ ու ապահովված կյանքի ուղեգիր:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գտնում է, որ Մյունխենում պետք է բարձրաձայնվեր այս մասին, սա դիվանագիտական, նաև բարոյական ուղերձներ է պարունակում:
«Կարելի էր այդ մի դեպքի օրինակով միջազգային հանրությանը ապացուցել, որ Ադրբեջանում հայատյաց քաղաքականություն է տարվում, որ նրանց քաղաքացիները կարող են նույնիսկ քնած մարդուն սպանել և դրա դիմաց հերոսացվել: Այսինքն՝ ադրբեջանցիների համար սպանված հայը՝ ամենաընդունելի տարբերակն է», – ասում է Գագիկ Համբարյանը։

Ըստ նրա՝ դեպքից հետո ամեն ինչ գրեթե նորմալ էր, ընդհուպ մինչև այն պահը, երբ հունգարական իշխանությունները Սաֆարովին «վաճառեցին» Ադրբեջանին:
«Պետք է նաև չմոռանալ, որ հենց նույն հունգարական և եվրոպական բազմաթիվ այլ լրատվամիջոցներ անդրադարձան այդ դեպքին, ներկայացրին բացահայտ փաստեր, որ Հունգարիայի կառավարությունը՝ Վիկտոր Օրբանի գլխավորությամբ, բացահայտ վաճառել է Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանի իշխանություններին՝ դրա դիմաց, տարբեր տվյալներով, ստանալով 1–3մլրդ ԱՄՆ դոլար։ Հունգարական իշխանություններն այն ստացել են ոչ թե գումարի, այլ ներդրումների խոստումների տեսքով, ինչը նույնպես կաշառք է»,– ասում է քաղաքագետը:
Այդ դեպքից հետո միջազգային հանրությունըը Հունգարիային չմեղադրեց, այլ տարակուսանք ու հույս հայտնեց, որ Սաֆարովն իր պատիժը կկրի Ադրբեջանում:
Դա այն ժամանակ էր, երբ Ռամիլ Սաֆարովին ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռը Բուդապեշտից հասցնում էր Բաքու: Երբ տեսան, թե ինչպես են դիմավորում, հասկացան, որ Ադրբեջանի իշխանությունները արհամարհում են հնչած բոլոր մեղադրանքներն ու դատապարտումները:
Ամեն ինչ միջազգային պայմանագրերի շրջանակում էր, որոնցից մի քանիսն էլ կազմվել էին 2005 թ․-ից հետո, երբ Ադրբեջանը Հունգարիայի հետ դիվանագիտական սերտ հարաբերություններ հաստատեց: Հայաստանը արտահանձնումից հետո խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ ստեղծվեց հանձնաժողով: Գագիկ Համբարյանը գտնում է, որ ապարդյուն էր:

«Ռամիլ Սաֆարովի, այսպես ասած, ազատագրումից հետո Սերժ Սարգսյանը շատ խրոխտ ձայնով կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ հրահանգում է նիստից հետո Գորիկ Հակոբյանին, որն այն ժամանակ ԱԱԾ պետն էր, գնալ իր մոտ: Սերժ Սարգսյանը դրանից հետո բավական երկար նախագահեց, բայց որևէ մեկը Սերժ Սարգսյանի և Գորիկ Հակոբյանի հանդիպման արդյունքները չտեսավ: Այդ ընթացքում Ռամիլ Սաֆարովը բազմաթիվ անգամ լքել է Ադրբեջանի տարածքը, կան ֆոտոփաստեր, որ նա եղել է Մոսկվայում, Թուրքիայում, ժամանակ անցկացրել ու չի էլ վախեցել, որ կարող է վրեժխնդրության զոհ լինել։ Սա ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանն այդ ամենն արեց, որ հանգստացնի հանրությանը, գյումրեցիների լեզվով ասած՝ «թոզ փչի» աչքերին»,– ասում է Համբարյանը:
Քաղաքագետ Համբարյանը նման դեպքերում վկայակոչում է Իսրայելի օրինակը:
«Իսրայելական պետությունը՝ արհամարհելով միջազգային կարծիքը, և ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևերը, հրեա զինվորականին սպանած օտարերկրացուն, որը գտնվում է ազատության մեջ երրորդ երկրում, մինչև վերջ հետապնդում է և ոչնչացնում»:
Քաղաքագետը գտնում է, որ մենք պետք է շարժվենք ռեալ պոլիտիկով:




