
Ավագանին այսօր 4–րդ նստաշրջանի առաջին նիստում դրական է արձագանքել «Աղբահանության և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ–ին 2019 թվականին տրամադրված միջոցների տեղափոխումը 2020 թվականի բյուջե։ Իշխող խմբակցության անդամները դժգոհել են քաղաքին մատակարարվող 1000 մետաղական աղբամանների գնման գործընթացից։
Ընկերության հանդեպ խտրական վերաբերմունք կա` ասել են։
«Աղբահանության և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ–ն այս տարի 357 մլն դրամի 4000 աղբամաններ ձեռք կբերի։ Նշված աղբամանները կազմակերպությունը պետք է ձեռք բերեր 2019 թվի բյուջեի շրջանակներում, սակայն Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված 2 ընթացակարգերով կոնտեյներների ձեռք բերման գործընթացները չեն ավարտվել և ապրանքների ձեռքբերման ու մատակարարման պայմանագրերը կնքվել են 2020 թ.ին` նախագիծը ներկայացնելիս ասաց փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։
« Նախագծով նախատեսվում է ֆոնդային պահուստային մասը նվազեցնել 357 մլն դրամով, այնուհետև 2020 թվականի տարեսկզբի համար պահուստային ֆոնդի որպես հետ բերել այդ գումարը, երբ որ մենք կբերենք , արդեն բյուջեի տարեսկզբի մնացորդի լրամշակման հարցն օրակարգ»։
Այնուհետև Հայկ Սարգսյանը հակադարձեց «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանի այն դիտարկմանը, որ սա բյուջեի ավելացում է։ Սա ավելացում չէ, այլ միջոցների տեղափոխում է, հստակեցրեց։ Եվ ավելացրեց, որ մեծ ծավալի աղբամանների ձեռքբերման պլան այս պահին չկա, փոքր թվով աղբամաններ ամեն տարի ձեռք են բերվում կախված վարչական շրջանների ներկայացրած հայտերից։
«Այս տարի ևս ունենք փոքր աղբամանների ձեռքբերման համար նախատեսված ծրագիր։ Արեյան– Եվս 2000–ի ձեռքբերում ունենք այս տարվա բյուջեով»։
Հայկ Սարգսյանը նշեց, որ 1000 մետաղական աղբաման արդեն մատակարարվել է, այս պահին ֆիննախի հետ փորձում են հասկանալ դրա ֆինանսավորումը։
1000 աղբամանների թեմային բուռն արձագանքեց « Իմ քայլից» ավագանու անդամ Լիլիթ Կիրակոսյանը։ Վերջինս իր ելույթում ասաց, որ « Գոլդ ֆլոր » ՍՊԸ–ն օրենքով սահմանված կարգով շահել է մրցույթը, իսկ մետաղական աղբամաններն արդեն տրոլեյբուսի պարկում են։ Սակայն մեկ ամիս է այդ ընկերությունն սպասում է հանձման- ընդունման ակտերին և հաշվի հաստատումներին։ Քաղաքապետարանը, սակայն, համառորեն չի հաստատում նշված փաստաթղթերը և ամեն անգամ ձգձգում է գործընթացը։ Կոմունալ վարչությունն արդեն երկրորդ անգամ փորձաքննություն է անցկացնում՝ պարզելու, թե արդյո՞ք մետաղը համապատասխանում է տեխբնութագրին։

«Նույն ընդունող հանձնաժողովը նախկինում կարողանում էր համապատասխանորեն ստուգել և ընդունել, հիմա չեմ հասկանում ինչ է պատահել , որ նախկին 4 մրցույթների հետ կապված կարողանում էին ստուգել աղբարկղերի չափսերը, տարողունակությունը և նման այլ տեխնիկական պարամետրեր, ընդունել դրանք, իսկ այս անգամ նույնիսկ նյութագիտական եզրակացությունից հետո»:
ԲՀԿ–ից Միքայել Մանրիկյանն արձագանքեց գործընկերոջը։ Սա կարևոր հարց է, քանի որ քաղաքապետարանի կողմից հայտարարվող հետագա մրցույթները կստվերեն քաղաքապետարանի աշխատանքը։
«ԲՀԿ խմբակցությունն է միանում իր գործընկերոջը և մենք պահանջում ենք բոլոր հարցերի պատասխանը։ Նախկինների փորձաքննությունը մենք բոլորս էլ հասկացել ենք ինչ կերպ է անցկացվել։ Նախկին կոմունալի պետի` Խաչիկյանի բարեկամն էր բերել, սղացրեցիք անցկացրիք։ Բայց սա հրատապ լուծվող իրավիճակ է և մենք պետք է այդ պատասխանը ստանանք»։
Հարցն այնուհետև քննարկվեց նիստից հետո հարցուպատասխանի ժամանակ։ Քաղաքապետ Հայկ Մարությանը բացառեց որևէ ընկերության հանդեպ յուրահատուկ վերաբերմունքը։ Ասաց, որ հանձնարարականն իջեցվել է իր կողմից և այդ աղբամանները, որոնք ընդունելու են, պետք է անպայման անցնեն փորձաքննություն։
« Պարտադիր պետք է անցնեն այդ փորձաքննությունը, որպեսզի մենք համոզված լինենք, որ մեզ մատակարարում են այն աղբամանները, որը մենք պատվիրել ենք։ Եթե այդ ընկերության վերաբերյալ լիներ բացասական վերաբերմունք, ապա այդ ընկերությունն ուշացրել է մատակարարումը և մենք կարող էինք չընդունել այն և գցել սև ցուցակ»։
«Իմ քայլի» ավագանու անդամը պարզաբանեց ընկերության խախտումը՝ փոթորիկի պատճառով է ուշացել ապրանքը։




