
Արցախի Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի բնակիչ, քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը դադարեցրել է հացադուլը: Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքի իր էջում։
«Ուրախ եմ տեղեկացնելու բոլորիդ, որ Քարվաճառում՝ տարածքի կայուն համապարփակ վերաբնակեցումն ու զարգացումը խաթարող եւ բնապահպանական աղետալի վիճակ ստեղծող փոքր ՀԷԿ-աշինութեան կասեցման ուղղութեամբ պայքարի առաջին փուլն աւարտուել է։ Ստեղծուել է ներկայացուցչական յանձնաժողով, որը պէտք է քննի գործող ՓՀԷԿ-երի նախագծման եւ շահագործման համապատասխանութիւնն աւրէնսդրութեանը եւ բնապահպանական չափորոշիչներին։ Կիսակառոյց ՓՀԷԿ-երը ենթակայ են ուսումնասիրության՝ դրանց թոյլտուութեան բնապահպանական պահանջներին եւ աւրէնսդրութեանը համապատասխանութեան տեսանկիւնից։
Վերոնշեալն ինձ թոյլ է տալիս կայացնել ՀԱՑԱԴՈՒԼԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ որոշումը եւ լինել իր իրաւունքների համար քաղաքացիական կամք դրսեւորած հայրենակիցներիս կողքին»,- գրել է Քանանյանը ։
«Ուրախ եմ, որ Ալեքսանդր Քանանյանի ու կառավարության միջև բանակցությունները վերջապես հասան իրենց ավարտին, ինչի արդյունքում մասնագիտական հանձնաժողովը այսօր գումարեց իր անդրանիկ նիստը, իսկ Ալեքսն էլ քիչ առաջ հայտարարեց հացադուլը դադարեցնելու մասին: Ենթադրում եմ, որ Մհեր Պողոսյանը նույնպես կդադարեցնի հացադուլը»,- գրել է Արցախի ՄԻ պաշտպան Արտակ Բեգլարյանը:
Ալեքսանդր Քանանյանը հունվարի 21-ից հացադուլ էր իրականացնում իր տան բակին կից փոքր ՀԷԿ-երի շինարարությունը դադարեցնելու պահանջով: Հունվարի 27-ից էլ Ստեփանակերտի բնակիչ Մհեր Պողոսյանն էր հայտարարել հացադուլի մասին Ալեքսանդր Քանանյանին սատարելու նպատակով:
ՀԷԿ-երի շինարարությունը դադարեցված է: Արցախի կառավարությունը վստահեցրել է, որ աշխատանքները չեն վերսկսվի՝ մինչև մասնագիտական հանձնաժողովի համապատասխան եզրակացություն ստանալը:




