
Հայաստանի հաստոցաշինական երբեմնի ավանդույթները վերականգնելը բարդ է, բայց ոչ անհնարին։ Այս մասին «Ռադիոլուր»-ի հետ հարցազրույցում ասել է «Ֆրեզերային հաստոցների գործարան» ՍՊԸ հիմնադիր Սոկրատ Գրիգորյանը՝ կատակով, որ ֆիզիկայի օրենքները չեն փոխվել եւ դեռեւս ոլորտը հիմնված է ֆիզիկայի գործող օրենքների վրա։
Նա նաեւ նկատել է, որ աշխարհում հաստոցաշինության մեջ պարզապես շատ առաջ է գնացել ծրագրային կառավարումն ու ունիվերսալիզացումը, երբ մեկ հաստոց բազմակի նշանակությամբ օգտագործելու հնարավորություններ ունի։
Այս առումով էլ ընկերությունում խնդիր են դրել՝ հնարավորինս փորձել վերականգնել ոչ միայն հայկական հաստոցաշինության ավանդույթները, այլ նաեւ՝ մրցակցել արտերկրի որոշ հաստոց արտադրողների հետ։ Որոշ դեպքերում, ի դեպ, արդյունքները գերազանցում են սպասելիքները։
«Հաստոցը կոչվում է լայնաունիվերսալ գործիքաշինական ֆրեզերային հաստոց։ Ինչու» նայնաունիվերսալ, որովհետեւ իր «գլուխը», սեղանը հնարավոր է փոխել ու ե՛ւ հորիզոնական, ե՛ւ ուղղահայաց մշակում իրականացնել, անկյան տակ մշակում իրականացնել»,– Հայաստանում հաստոցաշինության ավանդույթների վերականգնումը միանգամայն հնարավոր է։ Ասում է «Ֆրեզերային հաստոցների գործարան» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն Սոկրատ Գրիգորյանը՝ ցույց տալով ընկերության կողմից մշակված նոր հաստոցի եւ դրան տրված նոր հնարավորությունների մասին։
«Հաստոցը չափերով շատ մեծ չէ, բայց ունի բավականին ամուր «իրան», որի վրա 300-400 կգ-անոց դետալ կարելի է տեղադրել եւ մշակել։ Հիմա մենք փորձում ենք ավելի կատարելագործել հաստոցը։ Օրինակ՝ սա երեք առանցքանի հաստոց է եւ մենք փորձում ենք նրան ավելացնել նաեւ չորրորդ առանցքը»,– նշում է Գրիգորյանը։

Բարդություն չկա՝ ասում է ինժեները։ Նրա փոխանցմամբ՝ ընկերությունը ներկայումս փորձում է մրցակցել նմանօրինակ հաստոցներ արտադրող չինական ընկերությունների հետ, այսինքն՝ ամենաէժան գնային մակարդակի մեջ։ Չինականը էժան է եւ անորակ, մերը՝ գնով չինականին համահունչ է, բայց ավելի որակով՝ վստահեցրեց ինժեները.
«Մեր եկամտի հաշվին փորձում ենք մտնել հենց այդ ապրանքային «գոտու» մեջ։ Դժվար է, բայց կարողանում ենք, որովհետեւ այսօր, մերը չինականի եւ ռուսականի հետ համեմատելով, տեսնում ենք, որ ունի առավելություն։ Ռուսականը նախկին հին օգտագործած հաստոցներն են, որոնք ներկում են, փայլացնում ու վաճառում նորի տեղ, իսկ չինականները՝ շատ անորակ են։ Այս դեպքում՝ մենք, իրոք, հնարավորություն ունենք մրցակցելու»։
Սոկրատ Գրիգորյանն ասաց, որ ակնկալում է 2020 թվականից իրենց հաստոցների վաճառքի ավելացում, քանի որ որակապես են նաեւ կատարելագործում։ Ձուլվածքը ստանում են Բելառուսից, առաջնային հումքից են պատվիրում մշակված հաստոցի դետալները, ինչն իր հերթին որակական առավելություններ է տալիս արտադրանքին՝ չինականի համեմատ։ Բացի այդ՝ հայ ինժեներները նաեւ հաստոցին թվային կառավարման հնարավորություններով են «օժտել»։ Մասնակցել են մի քանի միջազգային ցուցահանդեսների։
«Դրա շուրջ էլ լուրջ հետաքրքրություն կա, որովհետեւ այդ կերպ բավականին մրցունակ «պրոդուկտ» ենք ստանում»։
Այսօր կա ինժեներների թիմ, որոնց հետ ընկերությունը համագործակցում է։ Սոկրատ Գրիգորյանը միաժամանակ ցավով նկատեց, որ շատ բարձրակարգ հայ ինժեներներ խորհրդային միության փլուզումից հետո հեռացան երկրից։ Ոմանց հետ փորձում է համագործակցել նաեւ այսօր։ Եթե պատվերներն ավելանան, այդ դեպքում, իհարկե, մասնագետների խնդիր կունենան։ Նկատեց, որ այս առումով կրթական համակարգում էլ անելիք կա, քանի որ ավելի քան երկու տասնամյակ նման մասնագետների պահանջարկ չի եղել։

«Մի բան կարող եմ ասել, որ «դուխներս» տեղն է, այն առումով, որ մեր մեջ, մեր սրտում էս բնագավառը «չմեռավ»։ Մենք հույս ունենք, որ այս բնագավառն աճելու է, որովհետեւ ամեն օր տեսնում ենք, որ ինչ-որ ճյուղեր սկսում են զարգանալ. եթե, օրինակ, շինարարությունը զարգանում է, մեր պատվերները ավելանում են…. Անցած տարի ես երկու հաստոց եմ վաճառել հենց Հայաստանում։ Նման բան իմ պատմության մեջ չէր եղել։ Իհարկե՝ շատ քիչ է։ Մենք կարող ենք այսօրվա վիճակով ամսական 10 հաստոց արտադրել»։
Թե, այսպես ասած, որ ծայրից է պետք սկսել՝ հայկական հաստոցաշինական երբեմնի համբավը լիովին վերականգնելու գործը, Սոկրատ Գրիգորյանը կարծում է, որ այդ առումով արդեն պետական համակարգային մոտեցում է պետք։




