ԿարևորՀասարակություն

Ապրիլյան հարցերով ԱԺ հանձնաժողովի աշխատանքը չի քաղաքականացվում․ Վարդանով

Այն, ինչ լրատվամիջոցներով տեսնում ենք, ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքների հետ կապված, թույլ է տալիս ասելու, որ կարծես թե չեն քաղաքականացվում եւ դա արդեն լավ է։

Այս կարծիքն է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել ազատամարտիկ, նախկին հետախույզ Վովա Վարդանովը։ Ոնց որ թե՝ փորձում են օբյեկտիվ լինել, գնահատել է նա՝ միաժամանակ հավելելով, որ, ըստ իրեն, կա մի խնդիր, որը ո՛չ այդ հանձնաժողովն է պատասխան տալու, ո՛չ էլ ՊՆ-ն է փորձում։

Ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանովը Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի գործողություններում քաղաքականացված որեւէ բան չի տեսնում.

«Ես հասկանում եմ որոշ հայտարարություններ ինչի պատճառով են. լրագրողների սադրիչ հարցադրումների արդյունքում եթե նախագահը կամ հանձնաժողովի որեւէ անդամ կարող է ինչ-որ տեղ քաղաքականացված պատասխան տա, հանձնաժողովի աշխատանքների մեջ դեռ չի երեւում քաղաքականացում։ Դա արդեն լավ է»։

Մեր բանակի խնդիրները պայմանավորված են բավականին հին կառուցվածքով եւ կառուցվածքային առումով կտրուկ փոփոխություններ են պետք՝ կարծում է ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանովը։ Ըստ նրա՝ դա երեւաց նաեւ ապրիլյան պատերազմի օրերին։

«Նույնիսկ նախորդ իշխանությունները, կտրուկ փոփոխությունների չգնալով, լուրջ բարելավման փորձ արեցին։ Ես նկատի ունեմ «ազգ-բանակ» կոնցեպտը, որը իմ կարծիքով, բավարար չէր, բայց գոնե որոշակի լուրջ փոփոխություններ էր մտցնում պաշտպանական գործողություններին մեր վերաբերմունքում։ Կարեւորագույնն իհարկե ակտիվ ռեզերվի ստեղծումն էր»։

Կարճ ասած՝ լուրջ փոփոխություններ է պետք մտցնել. սովետական մոբիլիզացիոն համակարգը, Վարդանովի ձեւակերպմամբ, փոքր Հայաստանի դեպքում իրեն չի արդարացնում, ազգ-բանակ կոնցեպտը կամաց-կամաց պետք է կիրառվեր, բայց շարունակությունը չենք տեսնում, թեպետ՝ այդ կոնցեպտից չենք հրաժարվել՝ նկատեց Վովա Վարդանովը։ Նրա խոսքով՝ այսպիսի հարցերի պատասխանը Ապրիլյան պատերազմի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը չի տալու, հետեւաբար՝ ինքը լուրջ ակնկալիքներ չունի։ Ասածի հիմնավորումը ետեւյալն էր.    

«Որովհետեւ հանձնաժողովի անդամներից, կարելի է ասել, ոչ մեկը ռազմական գործին այդ աստիճան խորը  չի տիրապետում։ Արդյունքում՝ իրենք էքսպերտների էլ են հրավիրել, որոնք բոլորը այդ ցարասովետառուսական համակարգի մեջ կրթություն ստացած եւ ծառայած կամ աշխատած մարդիկ են։ Ես նրանցից ոչ մեկից չեմ լսել, որ ասեն՝ բանակի այ էս հին կառուցվածքը իրեն սպառել է։ Կարճ ասած՝ լուրջ ակնկալիքներ չկա։ Ստուգելու են հին ոճի բանակի գործողությունները հին ոճի բանակի մտածողություն ունեցող մարդիկ, որոնք կբացահայտեն որոշ սխալներ, որը կշտկվի՝ համոզված եմ, բայց շտկվելու է  էլի այդ նույն կաղապարների մեջ»։  

Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը, սակայն, մեզ հետ հեռախոսազրույցում չկիսեց այն գնահատականը, որ բանակի կառուցվածքը հին է եւ չի համապատասխանում Հայաստանին։

 «Խնդիրներ, իհարկե, կան։ Ասել՝ արմատական փոփոխությունների կարիք ունի ՀՀ ԶՈՒ-երը, այո՛, ունի, բայց այդ կառավարման համակարգը, որը վերցված է Խորհրդային Միությունից, ես կարծում եմ, որ համապատասխանում է ՀՀ-ի զինված ուժերի չափանիշներին, բովանդակությանը»։

Ռազմական փորձագետը կարծում է, որ խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի հետ կապված սպասելիքներն էլ պետք է լինեն այնքանով, ինչքանով կապված են ապրիլյան պատերազմի ժամանակ տեղի ունեցած գործողությունների հետ, որոնց վերաբերյալ հանձնաժողովը պետք է գնահատական տա եւ բացահայտի թերացումները։   

Կարդացեք նաև

Back to top button