
Ղարաբաղյան թեման Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում առանձնահատուկ ուշադրության արժանացավ: Դրան նպաստեց նաև ադրբեջանցի լրագրողի կողմից ՀՀ վարչապետին ուղղված հարցը:
Ֆրանսիայի հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև աղքատության հաղթահարման ու բարեկեցիկ ապրելու նպատակների մասին:
Արցախյան գործընթացում Հայաստանի դիրքորոշումը փոխվել է` ասում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Մանվել Ղումաշյանը` անդրադառնալով Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Ըստ փորձագետի` մենք ավելի վճռական ենք դառնում։
«Մենք տեսանք, թե ինչպիսի հարձակողական քաղաքականություն ենք ձեռք բերում ղարաբաղյան խնդրի շուրջ: Նախկին ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը միշտ ասում էր, որ Հայաստանի ու միջնորդների կարծիքները համընկնում են, անգամ փորձագետների շրջանում ծաղրանքով ասում էին, թե ՀՀ ՄԽ-ի չորրորդ համանախագահն է: Հիմա դրական իմաստով ագրեսիվ քաղաքականություն ենք դրսևորում: Նախկինում Խոջալուի դեպքերի մասին, երբ խոսում էին հակադարձող չկար, այսօր այդ իմաստով էլ է իրավիճակ փոխվել»:
Ղումաշյանը նկատի ունի Փաշինյանի` ադրբեջանցի լրագրողի ագրեսիվ հարցին տված պատասխանը։

Համաժողովի շրջանակում ադրբեջանցի լրագրողը վարչապետի «Լեռնային Ղարաբաղը Հայաստան է և վերջ» ձևակերպմանն անդրադարձավ` նշելով, թե որքանով է նպաստում դա խաղաղ բանակցային գործընթացին:
«Դուք ասացիք, որ դուք բարձր կարգավիճակ եք առաջարկում Լեռնային Ղարաբաղին՝ Ադրբեջանի տարածքում։ Ի դեպ Լեռնային Ղարաբաղն արդեն ուներ այդ կարգավիճակը։ Լեռնային Ղարաբաղը ինքնավար մարզ էր, և դա էր կարգավիճակը, որը անվանում եմ միջանկյալ կարգավիճակ, ինչը հանգեցրեց արյունոտ հակամարտությանը։ Եվ կրկնել, ևս մեկ անգամ կարգավիճակի հստակեցման մասին, նշանակում է սկսել զրոյից՝ նույն հակամարտությունը, նույն ճանապարհով»։
Ըստ Նիկոլ Փաշինյանի` խաղաղությունը հնարավոր կլինի, եթե Ադրբեջանի ղեկավարը նույնպես հայտարարի, որ ԼՂ հարցի որևէ կարգավորում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Սակայն Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է պնդել, թե Զանգեզուրը Ադրբեջանի մաս է, անկախ Հայաստանի մայրաքաղաք Երևանը՝ ադրբեջանական քաղաք է, Սևանը ադրբեջանական լիճ է։ ՀՀ վարչապետը ադրբեջանցի լրագրողին ասել է, որ որևէ մեկը չի կարող մեզ հետ խոսել սպառնալիքի լեզվով` հայտարարել էր Հայաստանի վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը շեշտել էր, որ շոշափելի հաջողություններ կան Լեռնային Ղարաբաղի հարցում: Վարչապետի կարգավիճակում իր համար ամենամեծ զարմանքն այն էր, որ միջազգային հանրությունը կորցրել է Լեռնային Ղարաբաղի հարցի բովանդակության մասին պատկերացումը և դա համատարած ներկայացվում է որպես տարածքային վեճ Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Այսօր, սակայն, ըստ Փաշինյանի, միջնորդները, ի վերջո, ավելի խորությամբ են ընկալում և ընդունում հայկական կողմի դիրքորոշումները:
Հայաստանի ու Արցախի պատկերացումները ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են հարյուր տոկոսով` ասում է Նիկոլ Փաշինյանը պարզաբանելով, որ նման իրավիճակ չի եղել երբեք, ինչը նշանակում է, որ մոտենում ենք հաջորդ կարևոր արդյունքին, որ հայ ժողովրդի շրջանում հայկական իրականության մեջ չկա բանավեճ ղարաբաղյան հարցի վերաբերյալ և շուտով կհասնենք այն վիճակին, որ հայության դիրքորոշումները Ղարաբաղի հարցի կարգավորման հարցում նույնական են:
Արդեն Ֆրանսիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսել էր աղքատության հաղթահարման ու բարեկեցիկ ապրելու հնարավորությունների մասին, ասել, որ IT ոլորտի ցանկացած մասնագետ կկարողանա ՀՀ չափանիշներով բարձր աշխատավարձով աշխատանք գտնել, քանի որ այսօր այդ ոլորտում 3-4 հազար թափուր աշխատատեղ կա։ Ըստ վարչապետի` պահանջված է ինժեների մասնագիտությունը.

«3-4 հազար թափուր աշխատատեղ կա այսօր, վաղը և մյուս օրը: Որքան էլ այդ 3000-ը հայտնվեն, մինևնույնն է պահանջարկ լինելու է»:
Պետք է թամադաներ պատրաստող կրթական համակարգը փոխարինենք ինժեներներ պատրաստող կրթական համակարգով` ֆրանսահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ շեշտել էր վարչապետը:




