
Կա՞ն արդյոք խախտումներ ՊՆ-ում իրականացված գնումների մասով, ինչո՞ւ են գիշերային տեսանելիության եւ ջերմատեսիլ սարքավորումները որսորդական, այլ ոչ ռազմական։
Վերջերս պաշտպանության նախարարության գնումների գործընթացում տեղի ունեցած խախտումների մասին գրել էր հայկական թերթերից մեկը՝ մասնավորապես նշելով, որ «ORSIS ARMS» ընկերության կողմից ներկայացված գիշերային տեսանելիության եւ ջերմատեսիլ սարքավորումը նախատեսված չէ ռազմական գործողությունների համար, այլ` որսորդության համար է:
Իսկ ՊՆ կողմից հայտարարված մրցույթում հաղթում է հենց այս ընկերությունը։ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ձեռնպահ մնաց մեկնաբանություններից` նշելով, որ քրեական գործ է հարուցվել, սպասենք ընթացքին․
«Կա քրեական գործ, ես ձեռնպահ կմնամ այդ բնույթի գնահատականներ տալուց։ Մրցակից ընկերություններից մեկը նման բողոք ներկայացրել է, որ այդ սարքը ռազմական չէ, բայց հիմա քննություն է ընթանում, քննությունը ցույց կտա»։
«ՈւնիկումԻնժիներինգ» ՍՊԸ-ն մասին է, որի բողոքից հետո, այսպես ասած, ջրի երես դուրս եկան հնարավոր խախտումները։ Ընկերությունից չցանկացան պատասխանել մեր հարցերին` պարզաբանելով, որ ՊՆ-ին է առնչվում և ձեռնպահ կմնան ինֆորմացիա տարածելուց։
Այդուհանդերձ, քրեական գործ է հարուցվել։ Գործը քննչական կոմիտեից տեղափոխվել է Հատուկ քննչական ծառայություն։
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանի հետ զրույցում պարզ դարձավ, որ «ORSIS ARMS» ընկերությունն իր հերթին է հաղորդում ներկայացրել, որ ՊՆ ռազմամթերքի կողմից խոշոր խմբաքանակ ձեռք բերելու նպատակով հանձնաժողովը կեղծ պատճառաբանությամբ մերժել է իրեն.
«ՀՀ-ում գրանցված ռեզիդենտ հանդիսացող «ORSIS ARMS» ընկերության ներկայացուցիչ, Փաստաբանների պալատի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հաղորդում էր ներկայացրել ՊՆ կողմից ռազմամթերքի խոշոր խմբաքանակ ձեռք բերելու նպատակով փակ մրցույթին մասնակցելու իրենց հայտը գնահատող հանձնաժողովի կողմից կեղծ պատճառաբանությամբ մերժվելու վերաբերյալ։ ՔԿ–ի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ օրենսգրքի 386-րդ հոդվածի առաջին մասով։ Այս պահին նախաքննությունն ընթանում է։ Քննություն է տարվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, միջադեպի մասնակիցների յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու վերաբերյալ»։

ՊՆ-ին մատակարարված գիշերային տեսանելիության եւ ջերմատեսիլ որսորդական սարքավորումների մասին։ Խոսքը Dedal-T2.380 Hunter LRF սարքավորման մասին է: Արծրուն Հովաննիսյանի դիտարկմամբ՝ առհասարակ կան զինատեսակներ կամ սարքեր, որոնք որսորդական են, բայց օգտագործվում են ռազմական նպատակներով նաեւ.
«Շատ բաներ կան , որ որսորդական են, ունեն երկակի նշանակություն և օգտագործվում են»։
Այն, որ վերը նշված սարքավորումն ունի կրկնակի նշանակություն, փաստում են ոլորտի մասնագետները։ «Ողջ մնալու արվեստ» ՀԿ նախագահ Վովա Վարդանովը մանրամասնում է․
«Կրկնակի նշանակության սարքը համ քաղաքացիական, համ ռազմական ոլորտում կարող է օգտագործվի։ Օրինակ` ԱՄՆ–ից մեր հայրենակիցներն ուզում են որսորդական սարքեր ուղարկել, բացահայտ որսորդականը ոչ մի խնդիր չի ունենում, իսկ եթե ունենում են կրկնակի նշանակություն, նաև ռազմական են, շատ լուրջ բարդությունների են հանդիպում և գրեթե անհնար է, որ դուրս հանվի։ Ուզում եմ ասել, որ սարսափելի ոչ մի բան չկա, որ ընտրված էր հենց այդ տեսակը։ Կրկնակի նշանակության սարքերը, երբ պետական պատվեր է և ռազմական նշանակության է, շատ հաճախ ավելի ամուր են անում, մի քիչ ավելի շատ մետաղ են օգտագործում»։
Վարդանովը, ավելի մանրամասն ներկայացնելով սարքը, ընդգծեց, որ գնված գիշերային տեսանելիության սարքը ունիվերսալ է՝ բազմակի օգտագործման հնարավորությամբ:
Վովա Վարդանովի խոսքով ՝ապրիլյան դեպքերի ժամանակ գիշերային տեսանելիության սարքերի բացակայության խնդիր ենք ունեցել։ Եթե ունենայինք նման սարքեր, ապա կորուստներն ավելի քիչ կլինեին։ Հիմա ձեռք են բերվել սարքերը, ինչը բանակի համար կարևոր նշանակություն ունի։ Իսկ նրանց, ովքեր կարծում են, որ սարքը միայն որսորդական է, ապա Վարդանովը դա անգրագիտություն է համարում։
Ինչ վերաբերում է ՊՆ-ում այս գործով պաշտոնանկություններին, ապա ՊՆ մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ նման բան չկա, գործը դեռ բացահայտված չէ և պաշտոնանկությունների մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում։




