
Նոյեմբերի 9-ին երևանյան ունկնդիրը կվայելի աշխարհի լավագույն ալտահարներից մեկի՝ Յուրի Բաշմետի կատարումները։ Այդ հնարավորությունը երաժշտասերներին ընձեռել է «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը‚ որի շրջանակներում Հայաստան են հրավիրվել մեր ժամանակների լավագույն կոմպոզիտորները և մենակատարները։
Նոյեմբերի 9-ի երեկոն նվիրված է ռուս կոմպոզիտոր Ալեքսանդր Չայկովսկուն։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կկատարի Ալեքսանդր Չայկովսկու ստեղծագործությունները։ Վերջինս հանդես կգա ոչ միայն որպես կոմպոզիտոր‚ այլև հանդիսատեսը կկարողանա վայելել դաշնակահար Ալեքսանդր Չայկովսկու կատարողական վարպետությունը։ Մասնավորապես‚ նա դաշնակահար Դարիա Չայկովսկայայի հետ կկատարի իր Կրկնակի կոնցերտը երկու դաշնամուրի և նվագախմբի համար։

Կներկայացվի «Էտյուդներ հասարակ տոներով» կոնցերտը՝ գրված ալտի, դաշնամուրի և նվագախմբի համար։
Նոյեմբերի 1ից 9-ը Երևանում անցկացվող «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը‚ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը։ Փառատոնին աջակցում է ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարությունը։




