
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են բողոքարկել դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումը՝ միաժամանակ հաստատելով առաջիկայում նոր միջնորդություններ ներկայացնելու մտադրությունը:
Երկու օր առաջ պաշտպանները Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխելու և նրան գրավով ազատ արձակելու միջնորդություն էին ներկայացրել: Այսօր դատարանում հրապարակվել է միայն այս միջնորդության որոշումը: Դատաքննությունը հետաձգվել է մինչեւ նոյեմբերի 12-ը:
Դատավոր Աննա Դանիբեկյանը չցանկացավ ազատ արձակել սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին անգամ այն դեպքում, երբ ամբաստանյալի պաշտպանները գրավի չափը որոշելու հարցը թողել էին դատարանին: Մերժման հիմքերը հետագայում փոխանցվելու են կողմերին, իսկ մինչ այդ պաշտպաններից Ռուբեն Սահակյանը ենթադրում է, թե ինչու մերժվեց իրենց միջնորդությունը:
«Այն, ինչ որ դատախազներն ասացին, երեւի դա կդնի հիմքում, որ հաշվի առնելով իր նախկին զբաղեցրած պաշտոնները՝ կարող է խոչընդոտել գործի քննությանը»:
Երկու օր առաջ մեղադրող կողմը դատարանում նշել էր, թե ինչու է դեմ Քոչարյանի դեպքում գրավի կիրառմանը:
«Ռոբերտ Քոչարյանը կապեր ունի ՀՀ սահմաններից դուրս, տեւական ժամանակ գտնվել, բնակվել է ՀՀ-ից դուրս: Դա արդեն իսկ մեծացնում է հավանականությունը ՀՀ-ից հեռանալու, քննությունից թաքնվելու ռիսկը: Ես չեմ ուզում խոսել իրավունքի չարաշահման մասին, առաջարկում եմ, որ մենք հնարավորինս շուտ անցնենք դատական քննության, որպեսզի կարողանանք հարցաքննել այն վկաներին, ում վրա ներգործելու որոշակի ռիսկեր կան: Եվ մենք միջնորդելու ենք, որ այդ վկաները հարցաքննվեն առաջինը»:

Ցուցմունքների հարցում կողմերը հակասական հայտարարություններ են անում: Քոչարյանի պաշտպանները պնդում են, որ որեւէ ցուցմունք կոնկրետ Քոչարյանի դեմ չկա, մեղադրական կողմը եւ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները խոսում են գործում առկա կարեւոր ցուցմունքների մասին: Թե ում պնդումներն են ճիշտ, պարզ կդառնա, երբ սկսվի բուն դատաքննությունը, ինչին գործը չի հասնում պաշտպանական կողմի շարունակվող միջնորդությունների պատճառով: Ժամանակն անցնում է՝ դրանք քննելով: Սա է պատճառը, որ Քոչարյանի պաշտպանական կողմին մեղադրում են միտումնավոր ժամանակ ձգելու մեջ: Ի պատասխան հնչում է հիմնավորում, որ օգտվում են իրենց իրավունքից:
«Մի մեղադրեք մեզ, որ մենք փորձում ենք խոչընդոտել եւ ձգձգել դատական քննությունը: Հակառակը՝ մենք հակված ենք հենց այսօր մտնել դատական վիճաբանությունների փուլ եւ արտասանել պաշտպանական ճառ: Մենք ընդամենը կատարում ենք մեր պարտականությունները: Գործով անբաստանվում է 4 անձ, ես չեմ կարող ասել, թե ինչ միջնորդություններ ունեն մյուս պաշտպանյալները: Օրինակ՝ մենք ունենք մի շարք միջնորդություններ, որոնք, եթե չներկայացնենք մինչեւ դատաքննության սկսվելը, հետո կմեղադրենք մեզ, որ պարտավոր էինք դրանք անել եւ չենք արել»,- ասաց պաշտպան Ռուբեն Սահակյանը:
Սա նշանակում է, որ պաշտպանական կողմը պատրաստվում է շարունակել իր որդեգրած քաղաքականությունը՝ դատարանին անընդհատ ներկայացնելով տարբեր միջնորդություններ: Սա չի ընկալվում բաց դատավարությանը հետեւող քաղաքացիների մի մասի կողմից: Այս դատավարությունն առանձնահատկությունն այն է, որ մթնոլորտն ավելի թեժ է ոչ թե դատավարության բուն մասնակիցների, այլ դրան հետեւողների շրջանում: Այսօրվա միջադեպի կիզակետում ակտիվիստ Վարդգես Գասպարին էր: Նա դուրս բերվեց նիստերի դահլիճից, եւ իր բոլոքի ակցիան շարունակեց պառկած:
«Քոչարյանի կողմնակիցներն աղմկում են, վանկարկում են ի պաշտպանություն Քոչարյանի, նրանց բան ասող չկա: Իսկ ես, որ ընդամենը լուռ կանգնել եմ, իմ պաստառն եմ պահել, պաստառ էլ չի, երկու հատ A4 ֆորմատի թուղթ պահել եմ, որի վրա գրել եմ իմ կարծիքը՝ «Ռոբիկ մարդասպան» եւ «Ռոբիկ սրիկա», բոլոր կարգադրիչները հարձակվեցին, իմ պաստառը պատռեցին եւ ինձ դուրս հանեցին: Ես խիստ կասկածում եմ, որ այս կարգադիչները կաշառված են Քոչարյանի աջակիցների կողմից»,- ասաց Գասպարին:

Քոչարյանի աջակիցներն այսօր հավաքվել էին դատարանի շենքի մոտ: Դատարանում էր նաեւ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանը: Նրա համար անակնկալ չէր դատարանի որոշումը: Խոսելով ի պաշտպանություն Քոչարյանի իրականացվող ստորագրահավաքի մասին՝ նա հերքել է լուրերը, թե մարզերում շատերը հրաժարվում են մասնակցել այդ ստորագրահավաքին.
«Ամենայն անկեղծությամբ ես էլ եմ մամուլից տեղեկանում այդ ամեն ինչի մասին: Որքան հասկանում եմ, բավականին արշխույժ ու լավ է անցնում: Մամուլում ինչ ասես, որ չի գրվում մեր, մեր ընտանիքի մասին: Վերջին 10 տարիներին ինչ սուտ , ինչ ստոր բաներ ասես չի գրվել: Այսինքն՝ մամուլում գրվածը համարել վերին ատյանի ճշմարտություն, իհարկե, սխալ է»:
Ի դեպ, այս գործով դեռ պահպանվում են տեսակցության սահմանափակումները: Օրինակ՝ Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին դեռ արգելված է տեսակցել հոր հետ: Սա հաստատեց պաշտպաններից Ռուբեն Սահակայնը՝ չմանրամասնելով արգելքի հիմքերը:




