
Ստեփանակերտում մեկնարկել են թեստաբանության դասընթացներ, որոնք վարում է պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների դոկտոր, թեստաբան Վադիմ Ավանեսովը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն ասել է, որ Վադիմ Ավանեսովն ուսումնական տեքստերի քվանտավորման ծրագրի շրջանակներում դասընթացներով հանդես է գալիս տարբեր երկրներում, և անհրաժեշտություն կար դրանք անցկացնել նաև Արցախում:

«Շատ կարևոր է ճիշտ կազմել թեստերը և դժվար նյութերը մատչելի ձևով մատուցել աշակերտներին: Թեստաբանության ոլորտում մենք բաց ունեինք և այդ նպատակով մեզ պետք էր թեստաբան, ով կկարողանար վերապատրաստման դասընթացներ իրականացնել մեր մասնագետների հետ: Տարբեր երկրներում բավականին մեծ ճանաչում վայելող մեր հայրենակից Վադիմ Ավանեսովը պատրաստակամություն հայտնեց աշխատելու մեզ հետ: Դասընթացները տևելու են 5 օր, որի ընթացքում մասնակիցները սովորելու են պարոն Ավանեսովի հեղինակած ուսումնական տեքստերի քվանտավորման ծրագիրը:Մասնակիցների թվում են նաև ԱՀ ԿԳՍ գնահատման և թեստավորման կենտրոնի մասնագետներ, ում համար ևս դասընթացները շատ օգտակար կլինեն»,-մասնավորապես ասել է նա:
Դասընթացի մասնակից, համար 8 միջնակարգ հոսքային դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Քնար Գրիգորյանն էլ ասել է, որ թեստերն արդեն կայացած իրողություններ են կրթական համակարգում և իր կարծիքով անհրաժեշտություն կար նման վերապատրաստման դասընթացների:
«Յուրաքանչյուր կրթական երևույթի մեջ կարելի է գտնել դրական կողմեր և զարգացնել դրանք: Դասընթացի մեկնարկը շատ տրամադրող է և վստահ եմ, որ կսովորենք թեստաբանությունից ստանալ միայն արդյունք: Մենք կկարողանանք վարժեցնել երեխաներին ոչ թե անգիր անել այս կամ այն հատվածը, այլ սովորել գիտակցաբար: Իմ կարծիքով կարելի է զարգացնել այս համակարգը և դասընթացները հենց այդպիսի միտում ունեն»,-մասնավորապես ասել է նա:




