
ԶՈՒ-ում սննդի մատակարարման նոր կարգի արդեն անցել է բանակի 38-40 տոկոսը: Սա ՊՆ Դավիթ Տոնոյանի ներկայացրած թվերն են: 2020-ին նախատեսվում է ամբողջական ավարտին հասցնել ծրագիրը:
Այսօր Աժ-ում դռնփակ պայմաններում քննարկվել է 2020 թվականի բյուջեի նախագիծը՝ ուժային կառույցների գծով: Դռնփակ քննարկումներից հետո նախարարը լրագրողների հետ զրույցում մի շարք հանրային հնչեղություն ունեցող հարցերի փակագծեր է բացել:
«Զրույց քաղաքացու հետ» ձեւաչափով վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ անդրադարձավ խոսակցություններին, թե թուլացնում ու վարկաբեկում է «գեներալիտետին», որոնք իրենց հերթին դժգոհություններ ունեն իշխանություններից: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հերքում է նման տրամադրությունների առկայությունը բանակում:
«Ինձ թվում է որոշ ինչ-որ խոհանոցային խոսակցություններ, որոնք կուտակվում-կուտակվում են եւ հասնում վարչապետին, իր մոտ տպավորություն է ստեղծում, որ գեներալիտետի մոտ կա ինչ որ դժգոհություն: Կարող է կան գեներալներ, որոնց մոտ կան այդ մտահոգությունները, կարող է, բայց այն, ինչ արվել է այս վերջին 1.5 տարվա մեջ, ես չեմ կարծում, որ պետք է գեներալիտետի մոտ դժգոհություն առաջանա»:
Խոսակցությունների համար պատճառ են դարձել թերեւս այն քրեական գործերը, որոնցով մեղադրվում են հենց գեներալները: Սա մտահոգում է թե վարչապետին, թե պաշտպանության նախարարին:
Կողմերը, սակայն, ընդունում են՝ օրենքի առաջ բոլորն են հավասար.
«Այո, կան այդպիսի գործեր, գաղտնիք չէ: Բայց մի՞թե մենք չենք պայմանավորվել, որ ՀՀ-ում պետք է օրենքի առաջ բոլորը լինեն հավասար: Մի՞թե մենք ուզում ենք այնպիսի իրավիճակ, երբ գեներալական կամ որեւէ այլ կարգավիճակ մեզ պետք է հնարավորություն տա անարգել իրականացնել գործողություններ: Ես չեմ ուզում որեւէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Իհարկե, դա մտահոգում է, բայց եւ կարծում եմ, որ դա մեր բարձրագույն հրամանատարական կազմին նաեւ որոշակի «տոնուսի» մեջ է պահում»,- նշեց Տոնոյանը:
Գեներալիտետին, այսպես ասած, տոնուսի մեջ կարող է պահել նաեւ 2016-ի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը: Ինչ կբացահայտի հանձնաժողովը. նախարարը չի շտապում գնահատականներ տալ: Պնդում է՝ նախարարությունում պարզ է՝ ինչ է կատարվել եւ ինչպես է կատարվել: Տոնոյանը դեռ հրավեր չի ստացել, բայց ստանալուն պես անմիջապես ընդունելու է եւ կլինի քննիչ հանձնաժողովում, որի աշխատանքը համարում է անկողմնակալ: 2016-ին Դավիթ Տոնոյանը պաշտպանության նախարարի առաջին տեղակալն էր.
«Եղել են դավադիր գործողություններ հակառակորդի կողմից: Հայկական կողմից եղել են բազմաթիվ թերացումներ, որոնք վերլուծվել են եւ մենք դրա վերաբերյալ քաջատեղյակ ենք: Արդյունքը ես ակնկալում եմ դրական, որը ավարտ կտա բոլոր խոսակցություններին»:

Ուժային ոլորտները, ի դեպ, այսօր դռնփակ էին քննարկում 2020-ի բյուջետային հատկացումները: Բյուջեի նախագծի քննարկումներից հետո նախարարը նշեց՝ կցանկանար պետական հատկացումները կրկնապատկվեին եւ եռապատկվեին:
Բայց անգամ ներկա ֆինանսավորմամբ բավարար միջոցներ կան նոր սերնդի սպառազինություն գնելու համար: Հայաստանը սպառազինություն է գնում առնվազն 4 երկրից: Նախարարը տեղեկացրեց, որ դեկտեմբեր-փետրվար ընկած ժամանակահատվածում Հայաստան կհասնեն ՌԴ հետ պայմանագրով նախատեսված «Սու 30СМ» չորս կործանիչները:
Դռնփակ քննարկվեցին նաեւ արտակարգ իրավիճակների նախարարության հետագա անելիքները: Դրանցից է օրինակ՝ քաղաքացիական ապաստարանների կառուցումը՝ ինչպես սահմանամերձ գոտիներում, այնպես էլ քաղաքներում՝ եղածները կիրառելի չեն: Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյան.
«Մեկ շաբաթ առաջ մեկը բացվեց Բերդի տարածաշրջանում: Տավուշի մարզում է հիմնականում մինչեւ հիմա եղել: Սահմանային հարցերը լուծվում են, բայց ավելի լուրջ խնդիր ունենք: ՀՀ քաղաքներում, Երեւանում շատ լուրջ է: Մենք հաշվառումը, կարելի է ասել, ունենք, թե ինչ կա: Մնում է տեսնենք, թե ինչը կարող ենք աշխատեցնել: Որովհետեւ հիմնականում անմխիթար վիճակում են, հիմնականում փակ դռներով, տարբեր սեփականատերերով եւ այլն, եւ այլն: Սա լրջագույն խնդիր է, որով մենք պետք է զբաղվենք»:
Արտակարգ իրավիճակների եւ պաշտպանության նախարարությունները 2020-ից համագործակցելու են նաեւ այլ ուղղությամբ: Խոսքը՝ հրդեհների դեմ օդից պայքարի մասին է:

«Ուղղաթիռ ունենալու ենք, մեր ուղղաթիռների հարցը լուծում ենք ՊՆ հետ համատեղ: Նորերի մասին է խոսքը: Ունենալ ԱԻՆ-ի առանձին այդպիսի տրանսպորտային միջոցներ ինչ- որ տեղ նաեւ ֆինանսական տեսակետից ձեռնտու չէ: Իսկ իրենք, որ անեն, դա մեզ ձեռնտու է դառնում»:
Արտակարգ իրավիճակների նախարարը, ի դեպ, ընդունում է՝ այս տարին հրդեհների մասով աննախադեպ էր՝ է նախորդ տարվա համեմատությամբ 3 հազարից ավելի հրդեհ է գրանցվել: Այս պահի դրությամբ իրավիճակը թեթեւացել է անձրեւների շնորհիվ: Արտակարգ իրավիճակների նախարարությունն առաջիկայում ծրագրել է լուրջ տեխնիկական վերազինում: 260 միլիոնի ձեռքի գործիքներ արդեն ձեռք են բերել, սպասում են մեքենաների՝ 22-ը Ճապոնիայից, 26-ը՝ Ռուսաստանից:




