ԿարևորՀասարակություն

Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությունը մեծ է

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, ժխտումը դատապարտելու և կրթական ծրագրերում ներառելու մասին բանաձևը ԱՄՆ ներկայացուցիչների պալատում  քվեարկության կդրվի այսօր ուշ երեկոյան։ Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը մինչ քվեարկությունը լրատվամիջոցներին հայտնել է, որ  բանաձևի ընդունումը հնարավորություն կտա հակազդել Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը, ինչպես նաև կնպաստի Հայաստանի անվտանգության ուժեղացմանն ու Թուրքիայի հետագա զարգացմանը: Համբարյանի կարծիքով՝ բանաձևի ընդունումը կարևոր է նաև Մերձավոր Արևելքում Թուրքիայի որդեգրած մտահոգիչ քաղաքականությանը հակազդելու տեսանկյունից: Այս բանաձևի ընդունումը ազդակ կլնին Էրդողանի համար, որ Ամերիկան այսուհետ չի պատրաստվում քողարկել և աչք փակել  իր բռնի գործողությունների վրա:

Թուրք-ամերիկյան հարաբերությունների ջերմաչափ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, ժխտման դեմ միջոցներ ձեռնարկելու և կրթական ծրագրերի միջոցով ցեղասպանության թեման ճանաչելի դարձնելու  մասին բանաձևի քվեարկությունը պատկերավոր այսպես է ներկայացնում քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Այն լակմուսի թղթի նման ցույց է տալու թուրք-ամերիկյան հարաբերությունների խորքը.

«Հայերին սա տալու է մի ցուցիչ, որ արտացոլելու է թուրք-ամերիկյան հարաբերությունների խորքը։ Դա ցուցիչ է, որ հարաբերությունները տարընթերցման մեջ են՝ ակնհայտ է: Որքան Թուրքիան նետվի Ռուսաստանի գիրկը, այնքան ԱՄՆ ճնշումը կմեծանա»:

Հայոց ցեղասպանության մասին 296 բանաձևը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում քվեարկության կդրվի այսօր ուշ երեկոյան: Մինչ այդ  Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը հատուկ շեշտում է, որ հաշվի կառնվի այն, որ բանաձևը քվեարկության է դրվում ոչ թե որևէ հանձնախմբում,  հանձնաժողովում կամ ենթահանձնաժողովում, այլ հենց Ներկայացուցիչների պալատում:

«Երեկ քննարկումներ էին ընթանում, թե ինչպես պետք է արվի ու այսօր քվեարկության է դրվելու: Կարևոր է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի ներկայացուցիչների կողմից ,որ ցույց տա, որ ցեղասպանությունը չի մոռացվել և, որ երբեք չպետք է կրկնվի: Բառերը շատ կարևոր են, պետք է ասվի, որ ճանաչում են ու դատապարտում»:

Արփի Վարդանյանը շեշտում է, որ այսօր էլ Թուրքիան նույնը փորձում է անել  քրդերի նկատմամբ: Ու ճիշտ ժամանակն է ցեղասպանությունը ճանաչելու,  ժխտումը դատապարտելու և կրթական ծրագրերում ներառելու համար:

Քվեարկությանը դեռ մի քանի ժամ կա, մինչ այդ թեմային անդրադարձել են միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները։ Մասնավորապես՝ BBC- ին բանաձեւի ընդունման հավանակականությունը մեծ է գնահատում։ Ամերիկյան ազդեցիկ թե դեմոկրատ, թե հանրապետական կոնգրեսականները պաշտպանում են ցեղասպանության ճանաչումը։ Բանաձևի շուտափույթ քվեարկության դնելը պայմանավորված է թուրք-ամերիկյան հարաբերությունների ճգնաժամով՝ նշում են մեկնաբանները։ Իսկ Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը հայտարարել է, որ պաշտոնական Անկարան բանաձևի ընդունումից հետո հետ կկանչի Վաշինգտոնում իր երկրի դեսպանին, կոչ կանի չգնել ամերիկյան ապրանքներ։ Հենց նման կերպ է Անկարան վարվել մյուս երկրների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո։

Կարդացեք նաև

Back to top button