ԿարևորՀասարակություն

Թեղուտի պատվարի վիճակը բուլղարացիները կգնահատեն

Նունե Ավետիսյան
«Ռադիոլուր»

Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարի վթարը այսօր մեզ ստիպեց անդրադառնալ նաեւ Թեղուտին։ «Թեղուտ մայնինգ» ՓԲԸ–ն վերսկսել է աշխատանքները։

Ազդակիր համայնքի բնակիչներին պոչամբարի պատվարի հնարավոր փլուզման վտանգը պե՞տք է անհանգստացնի, թե՞ ոչ։ Արդյո՞ք հաշվարկվել են բոլոր ռիսկերը մինչ շահագործումը։

Մասնագետները բազմիցս ահազանգել են, որ Հայաստանում պոչամբարները սխալ են կառուցված, և իրենց գոյությամբ վտանգ են ներկայացնում մարդկանց համար։ Դրանցից մեկն էլ Թողուտի պոչամբարն է։

Վերջերս ավստրալիական կազմակերպություններից մեկն է անհանգստություն հայտնել, որ պոչամբարը կարող է փլուզվել, ինչը աղետալի հետեւանքների կհանգեցնի։ 

Միջազգային ընկերության եզրակացությունը հրապարակել է լրագրող  Նարինե Կիրակոսյանը․

«Ավստրալական «էյթիսի Վիլիամս» ընկերությունը տեխնիկական հաշվետվություն է ներկայացրել Թեղուտ ՓԲԸ–ին՝  պոչամբարի վերաբերյալ և եկել է այն եզրահանգման, որ պոչամբարի պատվարը ծայրահեղ վտանգավոր վիճակում է։ Այն կդիմանա  վեց ամիս, հետո կփլուզվի։ Ասում են, որ Թեղուտի պոչամբարը ներկա վիճակով էականորեն վտանգավոր է շրջակա միջավայրի և ազդակիր  համայնքների համար։ Պոչամբարն առկա վիճակով չպետք է գործարկվի և անհապաղ անհրաժեշտ է շտկման աշխատանքներ կատարել»։

Առհասարակ Հայաստանում գործող բոլոր պոչամբարների կառուցման հետ կապված խնդիրներ կան՝ ասում է Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ, երկրաբան Լևոն Գալստյանը։ Ըստ նրա՝ դրանք լեռնային երկրների բնակլիմայական պայմաններին չեն համապատասխանում, այլ երկրների օրինակները ցույց են տալիս, որ այստեղ պատճառն ամենեւին էլ սեյսմակայունությունը չէ․ «Վերջին  4 տարվա ընթացքում Կանադայում և Բրազիլիայում փլուզվեցին մի քանի պոչամբարների պատվարներ ․ առանց որևէ սեյսմիկ ակտիվության։ Փլուզվեցին, քանի որ կառուցված են նույն սխալներով, ինչ–որ Հայաստանում է կառուցված»։ 

Պոչամբարի պատվարի անվտանգության խնդրի մասին բարձրաձայնել էր նաև «Վալլեքս»-ը։ Իսկ ահա, «Թեղուտ մայնինգ» ընկերության նոր ղեկավարությունն այլ բան է ասում։ Ընկերության PR պատասխանատու  Մարինա Թունյանը նշեց.

«Այս պահին պոչամբարի պատվարի վիճակը գնահատվում է նորմալ, բոլոր հետազոտությունները բոլոր նորմերին համապատասխան է, ոչ մի շեղում չունենք։ Իսկ  վերջնական եզրակացությունը մեզ կտրամադրի բուլղարական ընկերությունը, որն այս պահին կատարում է հետազոտություն։ Հետազոտությունների մի մասը Հայաստանում է արվելու, մյուս մասը ՝ արտերկրում։ Վերջնական արդյունքը հաջորդ տարվա սկզբին պարզ կլինի»։

Թե որքանով է այժմ պոչամբարը վտանգավոր ազդակիր համայնքների համար կամ ռիսկերը որքանով է նվազագույնի հասցված պարզ չէ՝ ասում է Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչը։

«Իրենք բուլղարական ընկերությանը հետազոտություն են պատվիրել, որը կարվի և մի քանի ամիս հետո արդյունքները պարզ կլինեն։ Ըստ էության հիմա գործունեությունը սկսվել է առանց վտանգներն իրական գնահատելու, նախորդ գնահատումն էլ անուշադրության է մատնվել»։

Արդյո՞ք անհանգստություն չունեն պոչամբարի պատվարի անվտանգության հետ կապված, մեր հարցին Շնող խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը պատասխանեց, որ անհանգստություն միշտ էլ ունեն, բայց մյուս կողմից էլ հանգիստ են, քանի որ պատկան մարմինները պարբերաբար գալիս են, հսկում են․

«Իմ տեղեկություններով որևէ վերանորոգում չի եղել, նոր տնօրենը ուղղակի պնդել է և ապացուցել, որ պոչամբարը որևէ խնդիր չունի։ Այս պահին էլ հորատման աշխատանքներ են կատարվում, որպեսզի պոչամբարի գրունտի ուսումնասիրություններ արվեն։ Վերահսկողության տակ է, իմ կարծիքով, ընդհուպ վարչապետն անձամբ է վերահսկում»։

Պոչամբարի պատվարի հնարավոր փլուզումն աղետալի հետևանքներ կունենա ազդակիր համայնքների համար։ Պետական օղակներից չհաջողվեց պարզաբանումներ ստանալ, հարցերը գրավոր ենք ուղարկելու։

Կարդացեք նաև

Back to top button