
Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
Այսօր Երևանում իր ծառայողական պարտականությունները կատարելիս սպանվել է 18 տարի ոստիկանական համակարգում աշխատած ոստիկանության ավագ Տիգրան Առաքելյանը, մեկ այլ ոստիկան ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով՝ Տիգրան Առաքելյանը՝ հետմահու և վիրավորում ստացած ոստիկան, ոստիկանության կրտսեր սերժանտ Ա. Հակոբյանը, ծառայողական պարտականությունները կատարելիս դրսևորած խիզախության համար պարգևատրվել են «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս ցավակցել է սպանված ոստիկանի հարազատներին.
«Հայաստանում ոստիկանների պաշտպանվածությունը պետք է բարձրանա այնպես, որ դա ոչ միայն ու ոչ այնքան ոստիկանների, որքան քաղաքացիների պաշտպանվածության մակարդակը բարձրացնի: Տիգրան Առաքելյանը կարժանանա պետական պարգեւի՝ անձնուրաց ծառայության համար, իսկ հանցագործները կստանան իրենց արժանի պատիժը»,- ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Փաշինյանը:
Ի՞նչ է տեղի ունեցել, ինչպե՞ս է սպանվել ոստիկանը:
Տիգրան Առաքելյանը Արարատի մարզի Արգավանդ գյուղից էր, երկու անչափահաս երեխաների հայր։ Նա ոստիկանության համակարգում աշխատում էր 2002թ-ից, ուներ ոստիկանության ավագի կոչում։
Տիգրանը և 1994 թվականին ծնված Ա. Հակոբյանը, ով նույնպես ոստիկանության աշխատակից էր, ժամը 03:40-ի սահմաններում՝ իրենց ծառայությունը կատարելու ընթացքում, «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս, տեսնելով պարեկային մեքենան, դիմել են փախուստի։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք փորձել են դիմել փախուստի, և նրանցից մեկը խլել է ոստիկանին ամրակցված զենքը և կրակել։ Այսօր կեսօրին ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը այցելեց հիվանդանոցում գտնվող վիրավորում ստացած ոստիկանին։ Արդեն լրագրողների հետ զրույցում առավել մանրամասն ներկայացրեց դեպքերի ընթացքը։

«Ոստիկանության ծառայողն իր պարտականությունները կատարելիս տեսնում է կասկածելի անձանց, հետամուտ է լինում նրանց ինքնությունը պարզելուն: Երբ մոտեցել են, վերջինները դիմել են փախուստի, մեր ոստիկանները հետապնդել են նրանց և կարողացել են մեկին բռնել։ Երկրորդը, որը մինչ այդ կարողացել էր դիմել փախուստի, Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի հատման խաչմերուկում՝ Հաղթանակ զբոսայգու մոտակայքում, մթության մեջ միանգամից հարձակվել է մեր 2-րդ ոստիկանի վրա և փորձել ազատել իր բռնված ընկերոջը։ Այդտեղ որոշակի քաշքշուկի ընթացքում գողացվել է մեր ոստիկանի ատրճանակը, որը հատուկ պարանով ամրակապված է եղել իր վրա, և արձակել կրակոցներ։ Ի ուրախություն մեզ՝ կարճ ժամանակահատվածում կարողացել ենք գտնել այդ ստահակներին, վերջիններն արդեն մեզ մոտ են, խոստովանում են»,- ասաց ոստիկանապետը։
Ձեռարկված օպերատիվ միջոցառումների արդյուքնում արդեն կեսօրին բերման ենթարկվեցին երկու երիտասարդ։ Նրանք եղբայրներ են՝ ծնված 2003 և 2001 թվականներին: Նախաքննության ընթացքում պարզվեց, որ եղբայրները դեպքից ժամեր առաջ գողություն են կատարել Արաբկիր վարչական շրջանի գեղեցկության սրահներից մեկից, որից հետո նկատվել են ոստիկանների կողմից և դիմել փախուստի։
«Ես կցանկանամ մի հանգամանքի մասին խոսել, կուզեմ, որ հանրային ընկալման մեջ բոլորը գիտակցեն՝ ոստիկանի վրա ձեռք բարձրացնելը հավասարազոր է պետության վրա ձեռք բարձրացնելուն, և խստագույնս պատժվելու են նրանք, ովքեր այս կամ որևէ կերպ կհանդգնեն պետության վրա ձեռք բարձրացնել։ Քննության արդյունքների մասին, ենթադրում եմ, դուք կտեղեկացվեք, որովհետև մեծ հաշվով սպանվել է ոստիկան, սպանվել է իր ծառայողական պարտականությունները կատարելիս, չեմ վարանի ասել՝ խիզախաբար, որովհետև իրենք կարող էին ուղղակի չտեսնելու տալ, չհետապնդել, բռնելուց հետո էլ այդ երկար տարածությունը չվազել, ձեռնամարտի հնարք չկիրառել և այլն»:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին, 316-րդ հոդվածի 2-րդ և 104-րդ հոդվածի 1-ին մասերով։




