
Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Վայոց Ձորում, մասնավորապես Արենի խոշորացված համայքի Աղավնաձոր գյուղում կրկին իրարանցում է խաղողի մթերման գնի շուրջ։ Գյուղացու առաջարկած գինը տնտեսվարողները մերժում են, ասում են ՝ մրցունակ չէ։ Ի նշան բողոքի՝ հոկտեմբերի 12-ին գյուղացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը։
Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչները օրերս փակել էին Երևան-Մեղրի ճանապարհը։ Դժգոհության առիթը խաղողի մթերման գներն են։
Աղավնաձորը Արենի խոշորացված համայնքի կազմում է, որի ղեկավար Հուսիկ Սահակյանն ահա թե ինչ է փոխանցում Ռադիոլուրին․
«Բողոքը հետևյալն էր․ անցյալ տարի խարջի տեսակի խաղողը մթերվել է 450-470 դրամով, այս տարի մթերողներն առաջարկում են 200-225 դրամ։ Մյուս խնդիրն էլ կապված է արենի տեսակի հետ։ Գյուղացիներն առաջարկում են գոնե 300 դրամով մթերել, բայց չեն ընդունում այդ գնով»։
Իրավիճակի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով զրուցեցինք նաև էկոնոմիկայի նախարարության պարենային անվտանգության և ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանի հետ։ Նա էլ չժխտեց, որ 2018-ին խարջի տեսակի խաղողը մթերվել է 450-470 դրամով, արենի տեսակը՝ 265 դրամով։ Վերջինի համար տնտեսվարողներն այս տարի հետևյալ գներն են առաջարկում․
«Այս տարի Պռոշյանի գործարանն առաջարկում է 260 դրամ, Արմենիա Վայնը մթերում է 265 դրամով»։
Ինչո՞վ է պայմանավորված խարջի խաղողի տեսակի գնի կտրուկ անկումը։ Ըստ նախարարության ներկայացուցչի՝ 2018-ին վերոնշյալ գնով մթերում է իրականացրել ընդամենը երկու կազմակերպություն, որոնցից մեկը Ոսկեվազի գինու գործարանն էր։ Իսկ թե ինչու է 470 դրամով մթերում իրականացրած ընկերությունն այս տարի հրաժարվում այդ գնից, «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը երեկ պարզաբանեց նույն ընկերության ներկայացուցիչը։

«Այդ խնդրի առաջացման «մեղավորներից» մեկն էլ ես եմ։ Գործընկերներս լավ հիշում են, թե ինչպես անցյալ տարի գյուղացիները կրկին փակեցին ճանապարհը և հրաժարվում էին հանել իրենց մեքենաները, մինչև մենք չտվեցինք մեր համաձայնությունը նրանց ցանկալի գինը վճարելու։ Ինձ պարզապես պարտադրեցին, այս տարի չեմ պատրաստվում վճարել այդ գինը»։
Նախորդ տարվա խաղողից ստացված գինին գնի պատճառով չի իրացվել, հետևաբար նույն գնով տնտեսվարողը մթերել չի ցանկանում։ Ինչպես ասում է ոլորտը համակարգող նախարարության ներկայացուցիչ Գևորգ Ղազարյանը, գյուղացիների առաջարկած գինը մրցունակ չէ վերամշակողի համար։
«Որևէ մեկի շահը չենք ուզում անտեսել, պարզապես գյուղացին առաջարկում է գումար, որը հնարավորություն կտա մի փոքր եկամուտ ստանալ ու լուծել կուտակված վարկերի ու պարտքերի խնդիրը»,-ասում է Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը։ Ընդհանրապես, գյուղացի-տնտեսվարող հարաբերությունները կարգավորելու համար նա առաջարկում է մտնել նախապես կնքված պայմանագրային հարաբերությունների մեջ․
«Իր այգին մտնելիս գյուղացին պետք է նախապես իմանա՝ իր արտադրած խաղողը որքանով է վաճառվելու։ Նույնն էլ վերաբերում է տնտեսվարողին։ Նա պետք է իմանա, թե որքանով է գնելու խաղողը»,- ասում է Հուսիկ Սահակյանը։
Շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ հոկտեմբերի 15-ին Վայոց Ձորում քննարկում է նախատեսված խաղողի մթերման խնդրի շուրջ։ Արենի համայնքնի ղեկավարը համոզված է, որ բոլոր կողմերի համար ընդունելի լուծում, այդուամենայնիվ, գտնելու են։




