ԿարևորՀասարակություն

Ինչո՞ւ պետք չէ սպասել թույլտվության. Ալեքսիս Օհանյանը գիտի պատասխանը

Սիրանուշ Ղազանչյան
«Ռադիոլուր»

Ի՞նչ է կարելի և պետք է անել առանց թույլտվության: Reddit և Initialized Capital ընկերությունների համահինադիր Ալեքսիս Օհանյանը գիտի պատասխանը: Նա  կարծում է, որ եթե հրաշալի գաղափար ունես, պետք է իրականացնել այն, առանց սպասելու որևէ մեկի թույլտվությանը: Միակ խորհուրդը, որը կարող է տալ և որի ճշմարտացիությունը երաշխավորում է, այն է, որ երբևէ չես հաջողի, եթե չփորձես։ Պարզապես պետք է սկսել։

Ալեքսիս Օհանյանը Երևանում ներկա էր իր «Առանց թույլտվության» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսին: Լրագրողների հետ զրույցում ասաց, որ գրքի վերնագրի գաղափարը թույլտվություն չպահանջող նորարարության մեջ է:

«Գաղափարն այն է, որ համացանցը հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին, ով հիանալի գաղափար ունի՝ լինի բիզնես, թե շահույթ չհետապնդող նախաձեռնություն,  սկսել իրականացնել այն առանց սպասելու: Ուզում եմ, որ այն ոգեշնչի մարդկանց, որ ցանկացած ընթերցող հասկանա, որ եթե ձգտում ունի, ապա համացանցը տրամադրում է բոլոր գործիքները՝ դրան հասնելու համար», — ասում է Ալեքսիսը:

Ամենաշատը նրան մոտիվացնում է այն, որ համացանցը թույլ է տալիս Հայաստանում գտնվող ցանկացած մեկին իր հրաշալի գաղափարները կիսել Ամերիկայում կամ Եվրոպայում գտնվողների հետ, և հակառակը:

Իսկ գիրքը գրել է, որպեսզի խուսափի անընդհատ նույն հարցերին պատասխանելուց:

«Երիտասարդ ձեռնարկատերեն ինձ բազմաթիվ հարցեր էին տալիս իմ հաջողության գաղտնիքի մասին, և հասկացա, որ անդադար նույն հարցերին եմ պատասխանում: Մտածեցի, որ գիրք գրելը պատմությունը պատմելու ավելի արդյունավետ միջոց է», — ասում է ձեռնարկատերը:

Սակայն, ինչպես պարզվեց, գիրք գրելն, այնքան էլ հեշտ չէր:

«Մոտ մեկ ամիս չափազանց վատ աշխատեցի: Հետո փակվեցի տանը՝ առանց համացանցի, և մեկ շաբաթում գրեթե ավարտին հասցրեցի գործը», — ասում է Օհանյանը:

Ինչի՞ ես սպասում: Թույլտվությա՞ն: Հենց այսպես է գիրքն ավարտում Ալեքսիս Օհանյանը:  Գիրքն  ընթերցելուց հետո «Կարապ» ընկերության հիմնադիր Շավարշ Կարապետյանը թույլտվության չի սպասել և Ալեքսիսին նամակ է գրել: Ստացել է գիրքը թարգմանելու համաձայնություն, և մեկ տարի անց գրքի հայերեն տարբերակն արդեն վաճառքում է: Ալեքսիսը միայն ափսոսում է, որ բավականաչափ հայերեն չգիտի՝ այն ընթերցելու համար:

Իսկ հաջորդ գիրքը գրելու մասին Օհանյանը դեռևս չի մտածում: Առայժմ պատրաստ չէ ևս մեկ շաբաթ առանց համացանցի ապրել:

«Այսօր ես գտնում եմ, որ ավելի հեշտ է գաղափարներով կիսվել սոցիալական հարթակներում, քան ևս մեկ շաբաթ փակվել և մեծ ու երկար գիրք գրել: Բայց երբեք չես իմանա», — ասում է Reddit-ի համահիմնադիրը:

Խոստանում է՝ մյուս անգամ Հայաստան այցելել կնոջ՝ Սերենա Ուիլլիամսի և դստեր՝ Օլիմպիայի հետ:

Հայաստանի հետ կապված էլ պլաններ ունի: Առաջին «հայկական» նախաձեռնությունը Շախմատ կոնյակն էր, որը սահմանափակ քանակությամբ արտադրվեց ընկերների համար: Սակայն առօրյա կյանքում վենչուրային կապիտալիստ լինելով՝ ավելի շատ հետաքրքրված է ներդրումներ կատարել տեխնոլոգիական նորաստեղծ ձեռնարկություններում:

Կարդացեք նաև

Back to top button