Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
«WCIT-ն շարքային միջոցառում չէ, որն անցակցվում է Հայաստանում: Դա նշաձող է, որին մենք հասել ենք երկարատև ջանքերի շնորհիվ, նաև նշաձող է, որը պարտավոր ենք պահել, ձգտել ավելի բարձր նշաձողերի»,- «Ռադիոլուր»-ի հյուրասրահում հայտարարել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
Նա աշխատել է նաև Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում, միության փոխտնօրենն էր: Չոբանյանը պատմել է, թե ինչպես են 2014 թվականի գարնանը օրակարգային հարց դարձրել՝ հայտով դիմել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների համաշխարհային ալյանսին (որի անդամ էր նաև UATE-ն), որպեսզի WCIT-ն անցկացվի Հայաստանում:
«Այսօր իսկապես տեխնոլոգիական տոն է Հայաստանում: Կարող ենք ասել երեկվանից սկսած: Երեկ երեկոյան տեղի ունեցավ Համաշխարհային կոնգրեսի տոնական բացումը, այսօր ֆորումի պաշտոնական բացումն էր: Հայաստանը պետք է լինի համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի մայրաքաղաքներից մեկը: Ես ուրախ եմ հատկապես նրա համար, որ իմ ջանքերը կան այս գործընացի մեջ»,- ասել է Տավուշի մարզպետը: Հայկ Չոբանյանը խոսել է նաև Տավուշի մարզի խնդիրների, Իջևանի բժշկական կենտրոնի տնօրենի մրցույթի, ապօրինի անտառահատումների մասին:




