
Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
«Հայելի» ակումբի վրա կատարված հարձակմանն են այսօր անդրադարձել մի քանի լրատվամիջոցների ղեկավարներ՝ դատապարտելով կատարվածը: Նրանց գնահատմամբ՝ իշխանությունների լուռ համաձայնությունը խոսում է վտանգների մասին, որոնց առջեւ կարող են կանգնել բոլոր լրատվամիջոցները: Խմբագիրները կասկած են հայտնել, որ հարձակում կատարողները կպատժվեն:
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ «Հայելի» ակումբի հետ կապվածի առթիվ համապատասխան հոդվածով քրեական գործ հարուցված է եւ վստահեցնում, որ համապատասխան իրավական գնահատականներ կտրվեն:
«Հայելի» ակումբի դեմ հարձակման ակցիան քաղաքական ակտ է և առաջին հերթին ուղղված է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ, քանի որ ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանը Հրայր Թովմասյանի քույրն է՝ այս կարծիքին է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը: Ըստ նրա, այդ ամենով պետք է դիտարկել խնդիրը. չես կարող մի դրվագով նայել՝ ասաց: Նրա ձեւակերպմամբ՝ թավշյա հեղափոխությունից հետո ձեւավորված լեքսիկոնը, ատելության խոսքն ու մթնոլորտը, իշխանության լուռ համաձայնությամբ, հասել է վտանգավորության աստիճանի.
«Պետք է ոչ միայն դատապարտել այլեւ կոնկրետ գործողություններ ակնկալել, պահանջել, որ կոնկրետ գործողություններ արվեն: զսպվածության կոչով հանդես գան իշխանությունները, զսպեն իրենց համակիրների ատելության խոսքը, անձնական վիրավորանքները, այդ հայհոյախառն այդ տեքստերը: Զերծ պահեն, որովհետեւ դրանով նրանք նաեւ վնասում են լրատվամիջոցների աշխատանքը թե՛ սոցիալական ցանցերում, թե՛, առհասարակ, ինտերնետ տիրույթում»:
Անդրադառնալով Հայելիի նկատմամբ հարձակման պատճառին՝ Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածին, Սեյրանյանն ասաց, թե չի քննարկում հոդվածի վերնագիրը. այլ հարց է ինքը կդներ նման վերնագիր, թե ոչ: Շեշտեց նաեւ, որ անթույլատրելի է համարում, երբ խոսում ու դաս են տալիս մարդիկ, որոնք իրենց ղեկավարած ԶԼՄ-ներում բազմիցս թույլ են տվել նման քայլեր: «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը լավատես չէ, երբ զոհի մեջ պատճառներ են փնտրում:
Կատարվածը հարձակում է ո՛չ միայն Թովմասյանների դեմ, այլ ժողովրդավարության այն մակարդակի դեմ, որին հասարակության ջանքերով հասել ենք՝ շատ հաճախ ի հեճուկս իշխանությունների՝ ձեւակերպեց մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ տնօրեն Լարիսա Ալավերդյանը.

«Հարձակում, գրոհ է տեղի ունենում հասարակության եւ ժողովրադավարական Հայաստանի վրա: Ես կոչ եմ անում նույն իշխանություններին՝ հստակեցնել, որ սա այն ճանապարհը չէ, խիստ հակառակը՝ սա դեգրադացիայի. երկիրը, հասարակությունը դեգրադացիայի տանող ճանապարհ է: Ես պնդում եմ, որ մեր պանծալի ոստիկանությունը չքողարկի այդ ցինիկ, խուլիգանական արարքը»:
Վերջին երկու տարիներին հատկապես ՀՀ գլխավոր դատախազությունն անընդհատ շեշտել եւ հավատարիմ է մնացել իր հայտարարությանը, որի համաձայն՝ ցանկացած դեպք, որն առնչվում է լրագրողների եւ լրատվամիջոցների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուն, անպայման դառնալու է ուշադրության առարկա եւ դրա հետ կապված անշուշտ իրավական գնահատականներ տալու ահնհրաժեշտություն է առաջանալու: Մեզ հետ հեռախոսազրույցում նախ ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Նա նաեւ շեշտեց, որ «Հայելու» հետ կապված դեպքն էլ բացառություն չէր.
«Հայելու» հետ կապված միջադեպից անմիջապես հետո, հաշվի առնելով մամուլում հրապարակումները, բարձրացված ահազանգերը, հանձնարարություն տրվեց ոստիկանությանը, որպեսզի քրեադատավարական ընթացակարգերով ստուգվեն դեպքի հանգամանքները եւ անհրաժեշտ իրավական գնահատականներ տան: Դրանից հետո, այդ գործընթացը տեղի է ունեցել, քրեադատավարական կարգով նյութեր են նախապատրաստվել եւ դրա արդյունքում կիրակի օրը Երեւան քաղաքի դատախազության հանձնարարությամբ, դեպքի առնչությամբ քր. օր.-ի 164-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով, այսինքն՝ լրագրողի մասնագիտական, օրինական գործունեությունը խոչընդոտելու, կամ տեղեկություններ տարածելուց հրաժարվելուն հարկադրելու հատկանիշներով քրեական գործը հարուցվել է»:
Այս պահին քննություն է տարվում, որի արդյունքում քրեական գործի նախաքննության շրջանակներում կտրվեն անհրաժեշտ գնահատականները՝ վստահեցրեց գլխավոր դատախազի խորհրդականը:




