
Մառլենա Հովսեփյան
«Ռադիոլուր»
Հոկտեմբերի 3-ին Սոչիում հյուրընկալել են Ադրբեջանի նախագահին։ Ալիևը ռուս պաշտոնակցի կողմից հրավիրվել էր «Վալդայ» ակումբի քննարկումներին մասնակցելու։ Ալիևը երեկ Սոչիից արձագանքել է դեռևս մեկ ամիս առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությանը։ «Հայաստանն ինքը չի ճանաչում այդ ապօրինի կազմավորումը, Ղարաբաղը պատմական ադրբեջանական տարածք է, այնպես որ Ղարաբաղն Ադրբեջան է և բացականչական նշան»,-ասել է նա։
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը այսօր մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի ելույթը․ «Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումները գոյաբանական սպառնալիք են ստեղծում Արցախի ժողովրդի համար, հայտարարել է ԱԳՆ խոսնակը։ «Ստիպված ենք արձանագրել, որ Ադրբեջանի նախագահի խոսքում որևէ նոր բան չկար: Ադրբեջանի որդեգրած առավելապաշտական դիրքորոշումը, որը մշտական և հիմնական վտանգ է հանդիսանում խաղաղ գործընթացի համար, շարունակում է անփոփոխ մնալ՝ չնայած կողմերի միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածություններին,որոնք ենթադրում էին ժողովուրդներին խաղաղության նախապատրաստում», — ասել է Նաղդալյանը:

Ըստ ԱԳՆ պաշտոնական կայքէջի տարածած հաղորդագրության, Աննա Նաղդալյանը նշել է, որ հենց այդ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառությունն առավել գործնական հարթություն բերելու նպատակին էր ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկված բանաձևը, համաձայն որի հանգուցալուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար:
«Այս բանաձևն ուղղված է բոլոր կողմերի համար փոխզիջումների գաղափարն ընդունելի դարձնելուն, խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման գործում հասարակություններին ներգրավմանը, ինչպես նաև իրենց ժողովուրդների առջև ղեկավարների պատասխանատվության և հաշվետվողականության ամրագրմանը», — ասել է ԱԳՆ մամուլի խոսնակը:
Սոչիում նախօրեին կայացել է նաև Ալիև-Պուտին հանդիպումը։ Մանրամասներ հայտնի չեն, պաշտոնական հաղորդագրություն քննարկված հարցերի մասին նույնպես չկա։ Ռուսաստանի նախագահի հետ զրույցի բովանդակությունը մասամբ փոխանցել է Ադրբեջանի նախագահը՝ համաժողովին ունեցած իր ելույթում։
Ռուս-ադրբեջանական ռազմավարական հարաբերություններից խոսելիս՝ Ալիևը շեշտել է, որ Մոսկվան և Բաքուն պայմանավորվել են շարունակել աշխատանքները ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում։ Ադրբեջանի նախագահը նաև հիշեցրել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանն ունեն ռուսական սպառազինություն ձեռք բերելու 5 միլիարդ դոլարի պայմանագիր, որից 3 մլրդ-ն արդեն իրականացված է:

Սոչիում Ադրբեջանի նախագահը հատուկ ընդգծել է Պուտինի հետ իր բարեկամական հարաբերությունները՝ ՌԴ նախագահին անվանելով իմաստուն, վճռական ու քաջ, խոսել է «Պուտինի գործոնի» մասին, որի շնորհիվ Ռուսաստանն այսօր համաշխարհային առաջատար տերություն է համարվում: «Պուտինի գործոնն» օգնեց Ռուսաստանին հաղթահարել 2000-ական թվականների տնտեսական խնդիրները»,–հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
Իր ելույթում Ալիևը հիշատակել է նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի նախօրեին արած հայտարարությունն այն մասին, թե «Ղարաբաղը Հայաստան է» հայտարարությունը չի նպաստում քաղաքական երկխոսության սկսելու համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը»։ Ալիևն ասել է, որ Ռուսաստանն արդեն տվել է համապատասխան գնահատական Փաշինյանի հայտարարությանը։
Սոչիում ռուս-ադրբեջանական բարձր մակարդակի շփումները հաջորդել են Վլադիմիր Պուտինի՝ Երևան այցին։

«Շատ հաճախ ոչ միայն Վլադիմիր Պուտինը, այլև մյուս երկրների ղեկավարներն աշխատում են այնպես անել, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումները ժամանակային տեսանկյունից մոտ լինեն։ Այս անգամ այդպես է, թե՝ ոչ, դժվար է ասել, բայց կարող է լինել նաև այդպես», – նշում է ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ԵԱՏՄ երևանյան գագաթաժողովից ու Փաշինյան-Պուտին համաժողովից օրեր անց Ալիևը ՌԴ նախագահին հրավիրվեց Սոչի։
Ինչ վերաբերվում է նույն հարթակում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերին, թե «Ղարաբաղը Հայաստան է» հայտարարությունը բանակցային գործընթացին չի նպաստում, փորձագետը նշում է, որ նախկինում էլ են եղել նմանատիպ հայտարարություններ նաև Ադրբեջանի հասցեին, երբ որևէ անհամաձայնություն է եղել. բավականին կոռեկտ, բայց համանախագահները ակնարկում են իրենց անհամաձայնությունը։
«Պետք է հասկանալ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչ թե հակամարտությունն է կարգավորում, այլ օգնում է կողմերին բանակցել, այդ իսկ պատճառով նրանց կարծիքը հանձնարարական բնույթի է, օրենք չէ։ Հայաստանն ու Ադրբեջանը շատ տարբեր մոտեցումներ ունեն Ղարաբաղյան խնդրում։ Ինչ է խոսվում դիվանագիտական լեզվով, այնքան էլ կարևոր չէ, մենք գիտենք, որ ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը այժմ լուծման առաջ կանգնած չեն և Ադրբեջանում այսօր համաձայն չեն զիջումների գնալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում, ուստի բանակցությունները ձևական բնույթ են կրում։ Ես ինքս չեմ տեսնում որևէ առաջխաղացում հիմա և առաջիկա տարիներին էլ, կարծում եմ, որևէ բան չի փոխվելու»,-նշում է Ներսիսյանը։

Հոկտեմբերի 3-ին հակառակորդի կրակից Տավուշում զոհվել է պայմանագրային զինծառայող Մուշեղ Աբովյանը։ Վերջին շրջանում նկատվում է սահմանային միջադեպերի հաճախակիացման միտում։ Լեոնիդ Ներսիսյանի խոսքով, իրավիճակը սրվել է դեռևս մայիս-հունիս ամիսներից, ինչը նրա խոսքով կանխատեսելի էր․
«Բաքվի ակնկալիքները Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո ղարաբաղյան հակամարտության մասով չարդարացվեցին։ Ադրբեջանում ակնկալիքներ կային, որ Հայաստանի նոր կառավարությունը ինչ–ինչ զիջումների կարող է գնալ, բայց քանի որ դա չեղավ, իրավիճակը կամաց–կամաց վերադառնալու է նախկին հուն։ Պետք է նաև նշել, որ Ադրբեջանը ինքը մոտ տասը զոհ է ունեցել վերջին շաբաթվա ընթացքում՝ դիվերսիա, անհասկանալի վթար, իրավիճակը սրվում է, և պետք է դրան պատրաստ լինել», -նշում է ռազմական փորձագետը։




