ԿարևորՀասարակություն

ԱԻՆ-ը չորս նոր ուղղաթիռ կունենա

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Արթուր Վանեցյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում երաշխավորել է Ֆելիքս Ցոլակյանը։ Արտակարգ իրավիճակների նախարարը չի փոշմանել դրա համար։ Ու սա չի նշանակում, որ պետք է ինքը հրաժարական տա։

«Ես հրաժարական չեմ տալիս, շարունակելու եմ աշխատել, դրա մասին բազմիցս եմ ասել: Եվ որևէ մեկի դուրս գալը իմ գնալու կամ մնալու հետ կապ չունի: Ես իմ ասելիքն ասեցի և խնդրում եմ այդ հարցով ինձ այլևս չանհանգստացնել»:

Նախարարը մեկ տարի հետո այլեւս իրենց հասած ժառանգության մասին չի ցանկանում խոսել։ Խոսում է, թե ինչ է արվել այս մեկ տարում։ Առաջին հերթին՝ մարվել է նախորդ տարիներից մնացած վառելիքի պարտքը.

« Այսօր հասել են նրան, որ հանրապետության ամենածայրամասային փրկարարական ջոկատն ապահոված է անհրաժեշտ քանակի վառելիքով:  Նույնիսկ  ապահոված ենք մինչև փետրվար»:

Կառավարության աջակցությամբ վերանորոգվում են  երբևէ չվերանորոգված հրշեջ փրկարարական ջոկատները: Հանրապետության 64 հրշեջ փրկարարական ջոկատներից  32-ն այժմ  վերանորոգման փուլում են:

« Կարևոր է այն իմաստով, որ հրշեջները պետք է աշխատեն նորմալ պայմաններում: Ես եղել եմ մի քանի կետերում և անմարդկային պայմաններ են եղել:  Եվ այս ամեն ինչը տեսնելուց հետո կարողացանք կառավարության  օգնությամբ լուծել խնդիրը:  Դրան զուգահեռ  մենք ունենք նաև տարբեր բարեգործական դոնոր կազմակերպությունների միջոցով  մի  քանի հրշեջ փրկարարական ջոկատների վերանորոգման, կառուցման  ծրագրեր: Գործընթացը գնում է: Երկու-երեք տեղ վերանորոգվել է դոնորների միջոցով, մոտ  4-5-ն էլ նախատեսվում է, որ պետք է նորը կառուցվի»:    

Նաեւ բարձրացվել է հրշեջ- փրկարարների աշխատավարձը:
«Հրշեջ — փրկարարները ստանում էին ցածր աշխատավարձ:  85-90 հազար դրամ:  Ներքևի օղակը՝ շարքային հրշեջ –փրկարարական աշխատողների  աշխատավարձը կբարձրանա 50 տոկոսից ավելի:  Մյուս տեղերում բարձրացումները մի փոքր պակաս կլինեն և  ամենաբարձր օղակում 5 տոկոսից ավել չի լինի: Բոլոր տեղերում է բարձրացել աշխատավարձը»:  

Նախարարությունն աշխատանքներ է տանում նաև հրշեջ-փրկարարների բնակարանային պայմանների բարելավելու համար։ Հնարավոր է, որ առանձին փրկարարներ պարգևատրման եղանակով նաև ստանան բնակարաններ:  Նախարարությունը պատրաստվում է նաև կառուցվածքային փոփոխություններ իրականացնել, օպտիմալացումներ են լինելու։

 « Անջիգյար  հրշեջը նորմալ հրշեջի կողքը տեղ չունի: Եվ այն  մարդիկ, որոնք անգործ ապրում են,  փչացնում են հրշեջի անունը, դրանցից մեկ րոպե շուտ ազատվելը փրկություն է: Եթե խոսում ենք կառուցվածքային փոփոխությունների, օպտիմալացումների մասին, չի նշանակում, որ ջարդ ենք իրականացնելու: Կօպտիմալացվեն  կրկնվող վարչություններն ու գործառույթները»:

Այս ամառ հատկապես հրշեջները աշխատել են ծանր գրաֆիկով: Նախորդ  տարվա համեմատ 3000-ով ավելի հրդեհներ են գրանցվել։ Նախարարությունը նաև փորձում է մասնագիտացված ուղղաթիռներ ձեռք բերել։ Կառավարության միջոցներով ռուսական չորս ուղղաթիռ կունենան։ Ճգնաժամային իրավիճակներում հրշեջ- փրկարարները նաեւ կարող են օգտվել վրացի եւ իրանցի գործընկերների ավիացիայից։ Նման պայմանավորվածություններ արդեն ձեռք են բերվել։

Կարդացեք նաև

Back to top button