
Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Երեւանի քաղաքապետը երեկ հայտարարեց «Սանիթեք» ընկերության հետ պայմանագիրը միակողմանի խզելու մասին: Արդեն մեկ ամիս է Երեւանի աղբահանությունն իրականացնում է համայնքային հիմնարկը, իսկ վերջին շրջանում աղբահանությունը լավացել է:
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի խոսքով, սակայն, աղբահանության հարցը համակարգային չի լուծվել եւ չի լուծվելու այնքան ժամանակ, քանի դեռ չկա պատշաճ աղբավայր եւ նույն Երեւանի քաղաքապետարանի ձեռք բերած մեքենաները 2-3 տարի անց բախվելու են այն խնդրին, ինչին բախվել են «Սանիթեքի» մեքենաները:
Արդյո՞ք համայնքային կառավարումը մայրաքաղաքի աղբահանության վերջնական մոդելն է լինելու: Կդիմի՞ արդյոք «Սանիթեքը» միջազգային արբիտրաժ եւ ի՞նչ խնդիրներ են լինելու այդ դեպքում:
Սանիթեք ընկերության հետ խնդիրներ կային դեռեւս 2015 թ-ից, իսկ 2018-ից դրանք ավելի ու ավելի ահագնացան եւ այս բոլոր հանգամանքները քաղաքապետին հուշեցին գույքագրել և ուսումնասիրել բոլոր խնդիրները: Այս մասին հայտարարեց Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Նա շեշդետ, որ այդ ուսումնասիրությունների աԱրդյունքում էլ եղավ քաղաքապետի հայտարարությունը՝ միակողմանի «Սանիթեքի» հետ պայմանագիրը խզելու մասին:

«Քաղաքապետարանի իրավական հիմքերը, փաստացի հիմքերը բավականին ամուր են և Սանիթեքի՝ արբիտրաժի դիմելն իրավիճակը չի փրկի։ Քաղաքապետարանը վստահ է, որ բոլոր գործողությունները բխում են ոչ միայն համայնքի շահերից, այլև բխում են օրինականության եւ իրավունքի տառից ու ոգուց»:
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը, հիշեցնելով, որ իրենք վաղուց էին խոսում խնդրի մասին, կարծիք հայտնեց, որ քաղաքապետի որոշումը այս պահին միակ ողջամիտ որոշումն էր:
«Որովհետեւ այդ «փոխհրաձգությունը», որը շուրջ մեկ տարի է «Սանիթեք»-ի եւ քաղաքային նոր իշխանությունների միջեւ տեղի էր ունենում որեւէ կերպ պետք է ավարտվեր»:
Ավագանու անդամը հույս հայտնեց, որ «Սանիթեքը» չի գնա արբիտրաժային դատարան եւ քաղաքապետարանը լուրջ խնդիրների առջեւ չի կանգնի:
«Չեմ ուզում նույնիսկ պատկերացնել, եթե «Սանիթեքը» որեւէ կետ գտնի պայմանագրի մեջ, որով եւ կարողանա արդարացնել իր անգործությունը, ինչպես նաեւ քաղաքապետարանի հետ վերջին մեկ տարվա հարաբերությունները»:
Կդիմի՞ «Սանիթեք»-ը միջազգային արբիտրաժ, թե՞ ոչ՝ «Ռադիոլուր»-ը երեկվանից փորձել է այս հարցի պատասխանը ստանալ ընկերությունից: Ընկերության մամուլի պատասխանատու Քնարիկ Առաքելյանն այսօր առավոտյան փոխանցեց, որ այս փուլում որեւէ մեկնաբանություն ընկերությունից չեն անելու:
Վերադառնանք աղբահանության կազմակերպման նոր մոդելին: Համայնքային հիմնարկի գաղափարը «Լույս» խմբակցությունը չի ողջունել՝ տեղեկացրեց Թեհմինա Վարդանյանը:
Այնուամենայնիվ հիմա մենք այն ունենք եւ հոսուվ եմ, որ ավելի թիմային կաշխատեն, ողջամիտ կգտնվեն եւ քաղաքը դուրս կբերեն վատ վիճակից՝ ձեւակերպեց նա: Նկատեց նաեւ, որ վերջին 10-15 օրերին մայրաքաղաքի աղբանհանությունը լավ վիճակում է եւ այդ տեմպը պետք է ոչ թե պահպանել, այլ՝ ավելի բարելավել:

Ի տարբերություն «Լույս» խմբակցության՝ Երեւանի քաղաքապետի քայլերն ամբողջությամբ ընդունելի են համարում ավագանու «Իմ քայլը»-ում: Քաղաքապետն ընտրել է աղբահանության խնդրի լուծման իդեալական տարբերակը՝ գնահատեց խմբակցության անդամ Արմեն Գալջյանը: Խմբակցությունում, սակայն, չեն շտապում կանխատեսումներ անել՝ արբիտրաժային դատարան «Սանիթեքի» դիմելու արդյունքում հնարավոր խնդիրների մասին: Որեւէ հիմք ընկերությունը չունի՝ կարծիք հայտնեց Արմեն Գալջյանը: Ավագանու ԲՀԿ խմբակցությունից Միքայել Մանրիկյանը, սակայն, չկիսեց գործընկերոջ գնահատականը: Ասաց, որ իրենք մտավախություն ունեն.
«Մտավախություն կա, այո, ոովհետեւ դուք շատ լավ գիտեք, որ միջազգային արբիտրաժային դատարանները միշտ մի փոքր առավելություն են տալիս միջազգային ներդրողների նկատմամբ»:
Խոսելով աղբահանության կազմակերպման վերջնական մոդելի մասին՝ «Իմ քայլը» խմբակցության անդամն ասաց, որ աղբահանության հետագա մոդելի ընտրության հարցում էլ վերջնական որոշում դեռեւս չկա:

«Առնվազն, մինչեւ դեկտեմբեր կսպասենք. տեսնենք, թե ի՞նչ արդյունքներ է գրանցում համայնքային հիմնարկը, մասնավորինը՝ տեսել ենք: Ըստ այդմ էլ կկայացնենք մոդելի ընտրության որոշում»:
Համայնքային հիմնարկն արդյունավետ կլինի՞, թե՞ ոչ պատասխանը կունենանք 2-3 տարի անց միայն՝ հակադարձեց ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչը: Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն էլ հստակեցրեց, որ մասնավոր 2-րդ օպերատոր ներգրավելու վերաբերյալ քննարկում այս պահին չկա: Որեւէ տարբերակ չի բացառվում, որոշումները թելադրում է իրողությունը՝ ձեւակերպեց Հակոբ Կարապետյանը՝ շեշտելով, որ ձեռք բերված ռեսուրսները համայնքինն են ու հաշվի կառնվեն այլ օպերատորներ ներգրավելիս: Չբացառեց մասնավորին վարձով տալու տարբերակը: Այստեղ խնդիր տեսավ Թեհմինա Վարդանյանը՝ համայնքային բյուջեից միլիարդներ են ծախսվել, որ հետագայում տանք վարձո՞վ. քաղաքապետարանն այստեղ արդեն հստակ դիրքորոշում պետք է ունենա՝ եզրափակեց «Լույս» խմբակցության անդամը:




