
Մարիամ Հովսեփյան
«Ռադիոլուրի» համար
Գոռ Սարգսյանին Չինաստանում Սյաո Կաո են ասում: Չինաստանում երկար ապրած մարդիկ սովորաբար նաև չինական անուն են ունենում, որն անգամ այցեքարտերի վրա են տպում: Չինաստանն իրեն սիրել է տալիս:
Նա կարծում է, որ պետք է նոր առաջարկներով հանդես գալ, Չինաստանին գրավել ավելի մեծ պրոյեկտներով:

«Չինաստանը դրսևորում է նախաձեռնություններ: Դրանցից մեկը Հայ-չինական բարեկամության դպրոցն է, որը նվիրատվության ձևով տրամադրվեց Հայաստանի Հանրապետությանը»:
Տարիներ առաջ Գոռը Չինաստանում ընդունվեց համալսարան, սովորեց չինարեն, ու, քանի որ Չինաստանը տաղանդները հենց այնպես բաց չի թողնում, Գոռ Սարգսյանը հիմա ինքն է Հայաստանում չինարեն լեզվի թիվ մեկ դեսպանը: Ղեկավարում է Կոնֆուցիոսի ինստիտուտը:
«Կոնֆուցիոսի ինստիտուտը հանդիսանում է, հավանաբար, ամենամեծ հարթակը, որը կարողանում է հումանիտար ոլորտում կապեր հաստատել, սակայն պետք է հաշվի առնենք, որ Կոնֆուցիոսի ինստիտուտը Չինաստանի հանրային դիվանագիտության գործիքն է»:
Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարյուրամյակներ շարունակ ճղվող մեր տարածաշրջանում Չինաստանի ակտիվացումը ոգևորությամբ ընդունվեց: Այն կարող է դառնալ աշխարհաքաղաքական ռիսկերը բալանսավորող փրկօղակ: Սակայն հանրահայտ ափիոնային պատերազմներից հետո՝ վերջին 2 հարյուր տարվա մեջ որևէ մեկին չի հաջողվել չինական գործոնն իր պետական շահերին ծառայեցնել: Սովորաբար տեղի է ունենում ուղիղ հակառակը:
«Սովետական Միության անկումից հետո նաև որոշակի մտավախություն առաջացավ Արևմուտքի մոտ, որ Չինաստանը հնարավոր է դառնա այն գերտերությունը և այն մոդելը, որը մարտահրավեր կնետի արևմտյան աշխարհին»:
Մհեր Սահակյանը նույնպես Չինաստանում է սովորել: Անգամ ղեկավարել է Չինաստանի փոքրիկ հայ համայնքը: Հիմա «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ-հիմնադրամի նախագահն է:
«Չինացիները գերազանց բիզնեսմեններ են, և բիզնեսի հարցում նրանց հետ աշխատելը հեշտ է»:
Մհեր Սահակյանը կարծում է, որ Չինաստանի հետ հարաբերությունները կբարելավվեն, եթե Հայաստանն ակտիվորեն մասնակցի «Մետաքսի նոր ճանապարհ»ծրագրին:
«Անցյալ տարի Շանհայում նաև ներկրման էքսեբիշն բացեց և հնարավորություն տվեց, որպեսզի բոլոր երկրները ներկայացնեն իրենց ապրանքները: Չինացիներն այդտեղ միլիոնների պայմանագրեր կնքեցին, բայց Հայաստանն ուղղակի չմասնակցեց: Հայաստանը ներկա չէր բարձր մակարդակով նաև «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» առաջին նախաձեռնության համաժողովում: Այս տարվա ապրիլին նույնպես Հայաստանը չկար»:
Այսօր Չինաստանի հետ զարգացող հարաբերություններ հաստատելը հրամայական է: «Խումբ պետք է ստեղծվի, որը պետք է աշխատի ամեն օր, առաջարկություններով հանդես գա: Մինչև «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության երրորդ համաժողովը՝ մենք պետք է ունենանք կոնկրետ ստորագրելու բան և երրորդ համաժողովին գնանք ու ստորագրենք»:
Չինացիները հատկապես մշակութային ոլորտն են կարևոր համարում: Գոռ Սարգսյանի կարծիքով՝ անհրաժեշտ է զարգացնել հայ-չինական միջմշակութային հարաբերությունները:

«Պետք
է այս ուղղությամբ լուրջ, համակարգված քայլեր կատարենք, որպեսզի կարողանանք
չին-հայկական հարաբերություններում ավելի ակտիվացնել միջմշակութային փոխանակումը»:
Գոռ Սարգսյանն ասում է, որ երկկողմ հարաբերությունների բարելավմանը կարող են
նպաստել սոցիալական հարթակները: Դրանց միջոցով հայերն ու չինացիները նաև կճանաչեն
միմյանց:
«Այս փուլում մեզ հարկավոր է ձեռք բերել և գործածել Հայաստանի համար հանրային դիվանագիտոթյան գործիքներ՝ ուղղակիորեն ներազդելով Չինաստանի հանրության կարծիքի վրա և նման կերպ բարձրացնելով Հայաստանի Հանրապետության իմիջը Չինաստանի հանրության շրջանում»:
Չինաստանում գործում է «Նոր մետաքսի ճանապարհ» կայքը: Այն չինացիներին ներկայացնում է Հայաստանի մշակութային կյանքը: Չինական «Վեյբո» սոցիալական ցանցում կա «Հայաստան» կոչվող էջ: Գոռ Սարգսյանի խոսքով՝ այդ էջերում չինացիների ակտիվությունը վկայում է մեր երկրի նկատմամբ նրանց հետաքրքրության մասին:
«Հետևորդների հիմնական մասը հետաքրքրված են Հայաստանով: Նրանք դառնում են պոտենցիալ տուրիստներ: Այսօր մենք կարող ենք հումանիտար բլոկից ստանալ ռեալ եկամտաբերություն գոնե մշակույթի փոխանակման ոլորտում, նաև՝ մշակույթի արտահանում ու ներմուծում Չինաստանի հետ հարաբերություններում, և, իհարկե, տուրիզմ»:
Չինաստանն, այո, համաշխարհային գործոն է, որի հետ գրագետ կառուցված հարաբերությունները կարող են հայկական տնտեսության երկրորդ շնչառությունը դառնալ: Գրեթե առանց նախապայմանների չինացի գործընկերները մեր երկրին ինչ ասես չեն նվիրել՝ էլ շտապ օգնության մեքենա, էլ ավտոբուս, ըստ ճշգրտման կարիք ունեցող տվյալների՝ անգամ ռազմական նշանակության նվերներ: Շուրջ 400 ուսանող անվճար սովորել է այդ երկրում: Սակայն զարմանալին այն է, որ փորձագիտական շրջանակներում հիմնականում խոսվում է հայ-չինական բարեկամության օգուտներից միայն և իսպառ անտեսվում են ռիսկերը:
-Խոսենք նաև որոշակի վտանգների մասին: Ինչի՞ց խուսափենք, որ հանկարծ վտանգ չսպառնա մեր երկրին: Կա՞ն ռիսկեր, պարոն Սահակյան:
-Կարծում եմ, որ կան շատ հաջողված պատմություններ հայ և չին գործարարների միջև: Իհարկե, բիզնես անողը միշտ պետք է շատ զգույշ, շատ ուշադիր լինի: Մեր բիզնեսմենները շատ ժամանակ մինչև վերջ չեն ճշտում իրականությունը: Ես խոսում եմ այն փոքր տոկոսի մասին, ովքեր աշխատելով՝ կորցնում են:
-Կա՞ն ռիսկեր, պարոն Սարգսյան:
-Հայ-չինական հարաբերություններում ես վտանգ չեմ տեսնում: Առհասարակ, դրանք միշտ բացակայել են, և համոզված եմ, որ հետագայում բացակայելու են:
Քանի որ Չինաստանը լավ ճանաչող մեր հերոսները մեդալի հակառակ կողմի մասին չեն խոսում, ստիպված մեջբերում ենք հատվածներ հայրենական և արտասահմանյան մամուլի հրապարակումներից:
2013 թ. մեկնարկեց «Մետաքսի նոր ճանապարհ» նախագծը: Նպատակը վերջին տարիներին աճի տեմպերը թուլացրած չինական արդյունաբերությունը ամենագնողունակ եվրոպական շուկայի հետ կապելն է: Այլ կերպ ասած՝ ամերիկյան արտադրողներին Եվրոպայից դուրս մղելն է՝ չընկնելով Ռուսաստանից կոմունիկացիոն կախվածության մեջ: Հաջողության դեպքում երկիրը լրջորեն կսկսի հավակնել աշխարհի թիվ 1 գերտերության կարգավիճակին:
«2007 թվականին մի միջնորդի, որը կապեր ուներ Չինաստանում բազմաթիվ արտադրական ձեռնարկությունների հետ, մենք առաջարկեցինք, որ մեզ ուսուցանեն դռների և աղյուսների պատրաստման տեխնոլոգիան»:
Չինաստանի հետ բիզնեսը շահավետ է: Աշխարհում հարյուր-հազարավոր փոքր ձեռնարկություններ աճել են այդ երկրի հետ գործակցության հաշվին: Չինաստանի հետ աշխատել փորձած, բայց սնանկացված ձեռնարկությունները նույնպես քիչ չեն: Տիկին Ղազարյանի ընտանեկան փոքրիկ բիզնեսը հենց դրանցից է:
«Տվյալ դռների կամ աղյուսի պատրաստման համար համապատասխան նյութեր էին պետք: Բերեցինք և ներդրեցինք դա Հայաստանում: Առաջին պահից ստացվեց մի փոքր, բայց հետո նկատեցինք, որ բաղադրությունները, որոնք առաջարկել էին, որոնցով պետք է ստանայինք տվյալ արտադրանքը, չարդարացրեցին իրենց, և անմիջապես ճաքեր տվեցին: Վատն այն էր, որ մենք իրավական ոչ մի փաստաթուղթ չունեինք, այսինքն՝ խաբված դուրս եկանք»:
Չինաստանը շահավետ, բայց բարդ գործընկեր է: Տիկին Ղազարյանի բիզնեսի ճակատագրին ամբողջ երկրներ են արժանանում: Դեղին վիշապի հետ անզգույշ լինելը աֆրիկյան տարածաշրջանի երկրների համար, օրինակ, արդեն ճակատագրական է: Ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի կողմից կատարված հետազոտության արդյունքների՝ Չինաստանը 2000-2014 թթ. 86 միլիարդ դոլար է պարտք տվել աֆրիկյան պետություններին: Չինաստանն այսօր այդ տարածաշրջանի ամենամեծ վարկատուն է:
Նրան է պատկանում Աֆրիկայի երկրների արտաքին պարտքի ավելի քան 14 %-ը: Անգոլան չինական 3,5 միլիարդ դոլար վարկը փակում է՝ Չինաստանին փոխանցելով մի շարք նավթահորեր: Զամբիան 8 միլիարդ դոլար է պարտք չինական տարբեր կազմակերպությունների և հիմնադրամների: Պարտքի դիմաց պետք է հանձնի էներգետիկ ու տրանսպորտային ենթակառուցվածքներ և շահութաբեր հանքեր, այդ թվում՝ ալմաստի:
2012 թ. Զամբիայում հակաչինական ցույցերի ժամանակ անգամ բախումներ եղան: Կազմակերպիչները չինացի գործատուներից պահանջում էին ածխահորերում ապահովել նորմալ աշխատանքային պայմաններ և բարձրացնել աշխատավարձը:
Չինական փափուկ ուժ: Սկզբից մշակութային փոխգործակցություն, հետո արժեքավոր նվերներ, բիզնեսի շահավետ պայմաններ, հետո վարկեր:
Չինացիները հեռատես են: Պլանավորման հորիզոնը՝ հարյուրամյակներ: Նախընտրում են հաղթանակ՝ առանց զենք բանեցնելու: Չինական այս ռազմավարությանը դիմակայել սովորած երկրները ի դեմ Չինաստանի հզոր դաշնակից են ձեռք բերում, ձախողվածները պարզապես գաղութացվում են:




