
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Երևանի քաղաքապետարանը միակողմանի լուծեց «Սանիթեք» ընկերությունների հետ կնքված պայմանագրերը: Պատճառները, ըստ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի, բազմազան են:
2017 թվականից սկսած «Սանիթեք» ընկերությունը սկսել է թերանալ
աղբահանության գործում և արդեն ահագնացած վիճակը տևել է մինչև այս
տարվա սեպտեմբեր: Սա էլ հիմք է հանդիսացել
քաղաքապետարանի համար ճշտելու՝ արդյո՞ք « Սանիթեքը»
պատշաճ կերպով է իրականացնում իր կողմից կնքված պայմանագրերի բոլոր կետերը և ստուգել այդ պայմանագրերի
կնքման օրինականությունը:
Ընկերությունների տեխնիկայի, ինչպես նաև գործունեության համար անհրաժեշտ այլ պայմանների ուսումնասիրությունն ու գույքագրումն
ավարտվել է օրեր առաջ :
« Հաշվի առնելով առաջին աղբի սիստեմատիկ չհավաքման փաստերը, աղբամանների անբավարար քանակը, դրանց տեխնիկական վիճակը և շահագործվող աղբատար մեքենաների անբավարար քանակը, որոնք միասին վերցրած անհնար են դարձնում պայմանագրով սահմանված պահանջներին և ժամկետին համապատասխան ծառայությունների մատուցումը, 2019 թվականի օգոստոսի վերջերից ծառայությունների իսպառ դադարեցումը, 4-րդ պայմանագրերով նախատեսված ապահովագրության պայմանագրերի բացակայությունը, 5-րդ գնումների մասին օրենսդրությամբ՝ մասնագիտական փորձառություն, ֆինանսական միջոցներ , որակավորման չափանիշների սխալ գնահատումը պայմանագրերի կնքման ժամանակ, որոնք արձանագրված են իմ կողմից տրված ծանուցման մեջ, հիմք ընդունելով պայմանագրերի համապատասխան դրույթները և ղեկավարվելով ՏԻՄ օրենքով՝ ամբողջությամբ միակողմանի կերպով լուծում եմ այդ ընկերությունների հետ պայմանագիրը»:
«Սանիթեք»-ից քաղաքապետի այս որոշմանը դեռևս տեղյակ էին բանավոր, գրավոր որևէ ծանուցում չէին ստացել: Սակայն հաջորդ զանգին արդեն ընկերության հանրային կապերի պատասխանատու Քնարիկ Առաքելյանն այլ նորություն փոխանցեց.
«Քանի որ պաշտոնական ծանուցումը, որը մենք ստացել ենք Երևանի քաղաքապետարանից, բավականին լայնածավալ է, մոտ 35 էջ, իրավաբանական թիմը խնդրել է որոշակի ժամանակ, որպեսզի ուսումնասիրություն կատարի և վաղը մենք հանդես կգանք պաշտոնական հայտարարությամբ»:




