
Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
-Ահա, -ասաց Թամարը,-այս դանակով էր հայրս որսի գնում, վերցրու, բարձրացիր գրապահարանների վրա ու սկսիր կտրել կտավը։ Ուրիշ լուծում չունենք։ Ուշադիր եղիր, որ նկարը չփչացնես ու վայր չընկնես։ Թումանյանի դստեր՝ Թամար Թումանյանի այս խոսքերից հետո այն ժամանակ դեռ 17-ամյա Ռուբեն Հովակիմյանը կատարեց իր կյանքի ամենագեղեցիկ ու կարևոր առաքելություններից մեկը։

Թիֆլիսաբնակ եմ,-ասում է։ Միջնակարգն էլ այնտեղ է ավարտել, բայց ճարտարագետի մասնագիտությունն, արդեն 50 տարի Ֆրանսիայում բնակվող Ռուբեն Հովակիմյանը Երևանի Պոլիտեխնիկում, ներկայում՝ Ճարտարագիտական համալսարանում է ստացել։ Մասնագիտական կարողություններով լիուլի ծառայել է Ֆրանսիային՝ աշխատելով տեղի հայտնի ընկերություններում։ Ֆրանսաբնակ ճարտարագետին հյուրընկելելու առիթը, սակայն, ոչ թե նրա մասնագիտական ձեռքբերումներին, այլ կյանքի ուշագրավ դրվագներից մեկին է առնչվում։ Ժամանակին Ռուբեն Հովակիմյանը բախտ է ունեցել շփվելու Թումանյան ընտանիքին ու որոշակի մասնակցություն ունեցել գրողի՝ երևանյան թանգարանի ձևավորման գործին։

Ըստ նախագծի՝ գրողի թիֆլիսյան աշխատասենյակը պետք է վերականգնվեր նույնությամբ։ Կահույքի, գրադարանի տեղափոխումը որևէ լուրջ խնդիր չէր ներկայացնում, խնդիրը Թումանյանի աշխատասենյակի առաստաղն էր՝ ծածկված զարդանկարներով, որը սենյակին յուրահատուկ հմայք էր տալիս։ Առաստաղին փակցրած նախշազարդ պաստառի խնդիրը լուծելու համար գրողի դուստրը՝ Թամար Թումանյանը, դիմում է ընտանիքի բարեկամին՝ բանաստեղծ, դերասան Պահարեին՝ Հայկ Պետրոսյանին, որը նաև Հովակիմյան ընտանիքի բարեկամն էր։

«Երբ Թամարը դիմում է Պահարեին, վերջինը, չգիտես ինչու, ինձ է հիշում։ Ընդամենը 17 տարեկան անփորձ տղա էի։ Երբ գնացի Թումանյանի բնակարան, Թամարը ձեռքս տվեց մի մեծ դանակ ու ասաց՝ այս առաստաղը պիտի հանես»։
Մի քանի ժամ ու կտավն արդեն փաթաթված, անկյունում դրված էր։ 17-ամյա Ռուբեն Հովակիմյանն իր կարևոր առաքելությունը հաջողությամբ իրականացրել էր։ Նախշազարդ կտավն այսօր զարդարում է Թումանյանի երևանյան թանգարանի աշխատասենյակի առաստաղը։ Մոտ մեկ տարի անց արդեն Երևանում ուսանող դարձած Հովակիմյանը ժամանակ առ ժամանակ այցելում էր Թումանյանի թանգարան։

«Այցելում էինք նույն Պահարեի հետ։ Հենց այդ ժամանակ էլ ծանոթացա Թումանյանի կնոջ՝ Օլգայի հետ։ Ծերացած էր, բայց շատ աշխույժ էր, միայն աչքերն էին, որ լավ չէին տեսնում։ Թերթ էր կարդում խոշորացույցով»։
Դեռ երիտասարդ էր, այնքան հասուն չէր, որ Թումանյանի մասին լուրջ զրույցներ ունենար՝ պատմում է, հիշում այն ապրումների մասին, երբ առաջին անգամ այցելեց գրողի թիֆլիսյան բնակարան։
«Երբ մտա աշխատասենյակ, զգացի, որ այդտեղ արտառոց մի բան կա»։
Թումանյանին խորությամբ ընկալեց ու հասկացավ հետո՝ տարիների ընթացքում. 86-ամյա ճարտարագետի համար Ամենայն հայոց բանաստեղծն այսօր ոչ միայն գրական հանճար է, այլև հայի հոգին վերածնող մտավորական, անառարկելի հեղինակություն, որի նմանն այլևս չունեցավ հայոց պատմությունը։ Թումանյանին, անկասկած, սիրում ու գնահատում է ժողովուրդը, բայց արդյո՞ք կրում է իր մեջ այդ կերպարը։

Հարցին զրուցակիցս արձագանքում է. «Կասկածում եմ։ Սարսափելին այստեղ այլափոխություն է։ Շահումյանի հրապարակից մինչև Ռադիոտուն քայլելով եկա, հայերեն մեկ հատիկ հայերեն գրությամբ ցուցափեղկ չտեսա»։
Հետո նյարդայնացած ավելացնում՝ Թումանյան ու Թումանյանի հայերենն ունեցող ազգն արդյո՞ք իրավունք ունի այսպես ապրելու։




