
Աստղիկ Փիլիպոսյան
«Ռադիոլուր»
Գյուղատնտեսությունը մեր երկրի տնտեսությունում առաջնային ոլորտ է դիտարկվում, բայց հողերի մշակման առումով մենք լուրջ խնդիրներ ունենք: Հակակարկտային, ոռոգման չլուծված խնդիրներից զատ, գլխավոր հարցը անմշակ մնացած հողերն են համարվում: Հայաստանի կառավարությունը հանրային քննարկման է դրել գյուղնշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման հայեցակարգ:
Հայաստանի ամբողջ տարածքի շուրջ 70 տոկոսը գյուղատնտեսական նշանակության հողեր են: Այդ 2 միլիոն 100 հազար հեկտար գյուղնշանակության հողերից մոտ 40 տոկոսը սակայն կա՛մ ոչ նպատակային են օգտագործվում, կա՛մ ընդհանրապես չեն օգտագործվում:
Հայաստանի հանրապետության կառավարությունը 2019 թվականի սեպտեմբերի 30-ից «Գյուղատնտեսության նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման հայեցակարգը հաստատելու մասին» որոշման նախագիծ է դրել քննարկման:
Հայաստանի Գյուղատնտեսական Դաշինքի փորձագետ Հրաչյա Զաքոյանը նշում է, որ գյուղատնտեսական հողերի հետ կապված խնդիրները հենց սեփականաշնորհման ձևաչափից են սկիզբ առել: Ըստ նրա, չի դիտարկվել, արդյո՞ք տվյալ չափի հողակտորից հնարավոր էր շահույթ ստանալ, թե՞ ոչ:
Գյուղատնտեսության փորձագետը հիշեցնում է, որ հողօգտագործումը շղթայական մոտեցում է պահանջում: Օրինակ, եթե կողք-կողքի հողակտորներից մեկն օգտագործվում է, իսկ մյուսը՝ ոչ, ապա օգտագործողի դժվարություններն ավելանում են:
1990-ականների սեփականաշնորհման գործընթացից հետո հողատերերից շատերն իրենց հողը ոչ թե տնտեսական այլ սոցիալական բարիք ընկալեցին՝ նկատում է փորձագետը և հավելում, որ հողակտորների փոքր չափերով պայմանավորված առ այսօր էլ դրանք մշակողներին էական տնտեսական արդյունք հիմնականում չեն ապահովում:




