ԿարևորՀասարակություն

Բազմաբնակարան շենքերի տակ աղմկող օբյեկտներ չեն լինելու

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Դիսկոտեկների, կարաոկեների, հեստապարային՝ ստրիպտիզ ակումբների, բաղնիքների, սաունաների   գործունեությունը   բազմաբնակարանային շենքերի առաջին հարկերում արգելվելու է։ Դրանցից որոշներն արդեն դադարեցրել են աշխատանքը, սակայն Երեւանի քաղաքապետարանը նրանց առաջարկում է այլընտրանքային տարբերակ: Աիդա Ավետիսյանն է եղել մի քանի, արդեն գործունեությունը դադարեցված ակումբներում:

Երևանում բազմաբնակարան շենքերի տակ գործող  զվարճանքի և ժամանցի որոշ օբյեկտների՝ դիսկոտեկների, կարաոկեների, հեստապարային՝ ստրիպտիզ ակումբների, բաղնիքների, սաունաների   գործունեությունը  սեպտեմբերի վերջերից դադարեցվել է: «Ռադիոլուրը» շրջեց որոշ փողոցներում գտնելու դիսկոտեկներ կամ կարաոկեներ՝ պարզելու, թե դրանք որտեղ են պատրաստվում ծավալել իրենց գործունեությունը, սակայն հանդիպեց միայն փակ դռների: Այդ պահին տարածքում ներկա գտնվողներն էլ չցանկացան խոսել միկրոֆոնի առաջ: Միայն փոխանցեցին, որ կգործեն այնպես, ինչպես օրենքն է պահանջում։   

2018թվականի սեպտեմբերին Ազգային ժողովը ընդունել է  «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքը, որն ուժի մեջ է մտել այս տարվա  սեպտեմբերից: Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանի խոսքով՝ սահմանափակման ենթակա օբյեկտների մասին դրույթն ընդունելու անհրաժեշտությունը վաղուց էր առաջացել, քանի որ քաղաքացիներից ամեն օր բողոխներ են ունեցել։  

«Ունեցել ենք բազմաթիվ ահազանգեր և ստիպված ենք եղել մեր ժամանակը, մեր վարչական ռեսուրսը ծախսել այդ ահազանգերին արձագանքելով՝ սկսած վիճաբանություններից, աղմուկից, հարբած երեկոներից։ Ահազանգերը տարաբնույթ են եղել»:

« Ռադիոլուրը» շրջայցի ժամանակ ևս  հանդիպեց բողոքող բնակիչների:

« Շատ լավ է, որ փակում են: Ես կոնկրետ ապրում եմ ոչ այդպիսի տարածքում, այլ «Բելաջոյի» հարևանությամբ։ Քուն– դադար չունենք»:

«Ես էլ եմ գոհ, որ փակում են, շոգեբաղնիքից մարդիկ դուրս էին գալիս  ալկոհոլ օգտագործած և շատ ժամանակ տհաճ խոսակցություններ են  լինում և խանգարում են մարդկանց անդորրը»:

Ըստ քաղաքապետարանի պաշտոնյայի՝ տվյալ օբյեկտների  որոշ տնտեսվարողներ աշխատել են օրենքի կոպիտ խախտումներով: Ամենաշատը բողոքել են, ըստ պաշտոնյայի, արգելված ժամից հետո աղմկելուց: Այլ խախտումներ ևս արձանագրվել են:

« Մի խումբ երիտասարդներ բացել են ակումբ և դա շատ ավելի նման էր որջի: Եվ դիմել ենք հարկային մարմիններին ու պարզել, որ նրանք  աշխատել են օրենքի կոպտագույն խախտումներով»:

Օրենքով արգելվելու է նաև  ոչ միայն բազմաբնակարան շենքերի, այլև  պետական  կամ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերում, բժշկական հաստատություններում, կրթական եւ պատմամշակութային հաստատություններում գտնվող այդ  օբյեկտների գործունեությունը:

«Շատ տրամաբանական է այս օրենքի  ընդունումը և անտրամաբանական կլիներ եթե նման ծառայությունները, օրինակ, հեստապարն իր գործունեությունն իրականացնի  բազմաբնակարան շենքի տարածքում կամ կրթական, պատմամշակութային շենքերի տարածքում»:

 Եվ կարևորը, օրենքը ոչ թե արգելում է վերջիններիս գործունեությունը, այլ  առաջարկում փոխել վայրը: Օրենքի խստացմանը զուգահեռ Երևանի քաղաքապետարանի  առեւտրի եւ սպասարկումների վարչությունն ավագանու քննարկմանը կներկայացնի նախագիծ, որով առաջարկվում է օբյեկտները տեղավորել իրենց գտնված վայրից 100 մետր հեռավորության վրա:

«100 մետր հեռավորություն պետք է պահպանեն  և շարունակեն իրենց գործունեությունը:  Ոչ թե արգելվում է,  այլ արգելվում է  նշված շինությունների տարածքներում»:  

Չթույլատրվող վայրերում իրենց գործունեությունը շարունակող տնտեսվարողները  տուգանվելու են 100- 150 հազար դրամի չափով:  Սակայն տուգանվելուց հետո գործունեությունը շարունակելու դեպքում տուգանքի չափը կմեծանա:

Կարդացեք նաև

Back to top button