
Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվել եւ դրական եզրակացության է արժանացել ՍԴ ղեկավար Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ «Իմ քայլը» կառավարող դաշինքի նախաձեռնությունը: Նախագծին հավանություն է տվել նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, իսկ «Բարգավաճ Հայաստանն» առայժմ որոշում չի կայացրել:
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը խորհրդարան է ներկայացրել «ԻՄ քայլը» խմբակցությունը: Այն 76 էջանոց փաստաթուղթ է, որում հիմնականում 4 հիմնավորում է ներկայացված, թե ինչո՞ւ պետք է դադարեցվեն Հրայր Թովմասյանի լիազորությունները:
«Իմ քայլը» դաշինքի գնահատմամբ՝ ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի գործի քննության ժամանակ Հրայր Թովմասյանի կողմից թույլ է տրվել էական կարգապահական խախտում: «Իմ քայլը» խմբակցությունը սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հիմնական 4 հիմնավորում ունի: Հարցի քննարկման ժամանակ դրանք ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:
Նրա փոխանցմամբ՝ մասնավորապես նախագծի դրույթներից մեկը վերաբերում է Հրայր Թովմասյանի՝ ՀՀԿ-ին անդամակցությանն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Հիմնական զեկուցողը նկատեց, որ ՀՀԿ-ն եւ նրա առաջնորդ, նախկին նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում են աջակցել Ռոբերտ Քոչարյանին: Երկրորդ հիմնավորմամբ նշվում է Հրայր Թովմասյանի եւ Քոչարյանի փաստաբանններից Արամ Օրբելյանի քավորսանիկական կապը:
«Հարազատական հարաբերությունները կողմնակի դիտորդի մոտ կարող են օբյեկտիվ կասկած առաջացնել, մեր կարծիքով, դատավորի անաչառության վերաբերյալ»:
Երրորդ հիմնավորմամբ նշվում է, որ Հրայր Թովմասյանը նախկինում արտահայտել է տարբեր կարծիքներ մարտի 1-ի իրադարձությունների եւ հետագա դատավարությունների վերաբերյալ: Չորրոդ հիմնավորումն էլ այն է, որ այս երեք հիմքերի առկայության պայմաններում ՍԴ-ն չի քննարկել դատավարությանը մասնակցելու Հրայր Թովմասյանի անհնարինության հարցը:
«Ահա այս 4 հիմքերի համախումբն է եւ փոխկապակցվածությունն է հիմք հանդիսացել, որպեսզի «Իմ քայլը» խմբակցության կողմից նախաձեռնվի այս գործընթացը»:
Անդրադառնալով ներկայացված փաթեթին՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նախ հիշեցրեց, որ ԲՀԿ-ն դեմ էր քվեարկել Հրայր Թովմասյանին ՍԴ անդամ առաջադրելուն, ապա հավելեց.
«Հանրությունը պիտի բացարձակապես վստահ լինի, որ եթե մերժում ենք մի բան, որտեղ հիմքում տեսնում ենք անաչառություն, ապա մեր բոլոր գործընթացները, քայլերը պիտի լինեն բացառապես օրինական, այսինքն՝ սուբյեկտիվիզմ չպիտի լինի, պիտի բացառվի»:
Քննարկումներում «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները մի քանի անգամ վստահեցրին, որ գործընթացը զուտ իրավական հարթությունում են դիտարկում, թեպետ՝ քաղաքական որոշակի բաղադրիչներ ունի:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց, թե հիմնավորումները ոչ բոլորին են համոզիչ, ապա հավելեց.
«Եթե մենք գտնում ենք, որ ՍԴ-ն հանրային ընկալման մեջ վստահություն չի ունեցել, այդ դեպքում մենք ինչո՞ւ ենք կարծում, որ ՍԴ նախագահին փոխելով՝ իրականացնում ենք ինչ-որ լուրջ փոփոխություն: Մի՞թե ավելի ճիշտ չէր լինի խնդրին ինստիտուցիոնալ լուծում տալ»:
«Իմ քայլը» դաշինքը ցանկանում է պարզապես հանել Սահմանադրական դատարանի ղեկավարին՝ կարծիք հայտնեց Սերգեյ Բագրատյանը: Հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, սակայն, չկիսեց այս պնդումը եւ բհկաական պատգամավորին հավաստիացրեց, որ իրենք Թովմասյանի տեղում այլ ղեկավարի բերելու մտադրություն չունեին:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը քվեարկությամբ նախագծին դրական եզրակացություն տվեց: «Իմ քայլը» դաշինքի նախագծին հավանություն տվեց նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, իսկ «Բարգավաճ Հայաստանն» առայժմ որոշում չի կայացրել:
Խորհրդարանում այսօր պարզաբանվեց նաեւ գործընթացից բխող հետագա քայլերը: Եթե ներկայացված նախագիծը տեղափոխվի ԱԺ լիագումար նիստ եւ ընդունվի՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ-ի դիմումը կուղարկվի ՍԴ:
Խորհրդարանի լիագումար նիստում էլ ՍԴ դիմելու նախագիծ ընդունելու համար պահանջվում է գաղտնի քվեարկությամբ ձայների 2/3 հարաբերակցություն: Հարցով վերջնական որոշումն ընդունելու է ՍԴ-ն՝ 2/3-րդ ձայներով:




