ԿարևորՀասարակություն

ԲՈԿ-ը «կոմպրոմատներ» տվող գործիք չէ

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը չկիսեց դիտարկումը, թե ԲՈԿ-ը դարձել է կոմպրոմատների գործիք տվող:

Ներկայացնելով կառույցի անցած ամիսների աշխատանքները՝ նա արձանագրեց, որ տարին բավականաչափ աղմկահարույց ստացվեց: Նաեւ պարզաբանեց, թե ինչո՞ւ է այդպես ստացվել.

«Որովհետեւ ինչպես տեսնում ենք արժեքային հեղափոխությունը ոչ  ամենուրեք է մտել իր արժեքներով եւ այդ թվում գիտությունն ու բուհական համակարգը բացառություն չէ»:

2018 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 17-ը ԲՈԿ է մուտքագրվել 286 որակավորման գործ, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 188: Այսինքն՝ 98-ով պակասել են մոտքագրված գործերը եւ դրա արդյունքում որակավորման գործերն ուսումնասիրելու համար ունեն ավելի շատ ազատ ժամանակ: Ինչո՞վ է պայմանավորված գործերի նվազումը: Գոգյանն այսպես պարզաբանեց.  

«Սա բացատրվում է ոչ թե նրանով, որ անորակ կադրերը որոշել են հեռու մնալ, այլ հասկանալով, որ խնդիրներ են ունենալու համակարգի հետ, այլ սկսել են մշակել իրենց ատենախոսությունները, ովքեր ունեն արտագրություններ, սկսում են մշակել տեքստերը, ինչը նշանակում է, որ հնարավոր է մյուս տարի ունենանք սովորականից ավելի շատ հոսք»։

ԲՈԿ-ի ղեկավարը տեղեկացրեց, որ մշակել են գիտական հարթակ, որը մեկ ամսից կգործի: Ասաց, որ այնտեղ լուսաբանվելու է ասպիրանտների ամբողջ գիտական գործունեությունը, ինչը իրենց թույլ կտա խոսափել, Գոգյանի ձեւակերպմամբ, բավականաչափ օդիոզ դեպքերից, երբ մարդիկ, ընդհանրապես գիտության հետ չառնչվելով, գալիս ու գիտական աստիճան են ստանում։

«Արդեն նրանք ստիպված կլինեն իրենց գիտական գործունեության ամեն մի քայլը լուսաբանել , ինչը նշանակում է, որ չեն կարող ձեռի հետ՝ ոչ մի բան չանելու արդյունքում, ստանալ գիտական աստիճան»:

Անդրադառնալով բուհերի ռեկտորների ատենախոսությունների հետ կապված ուսումնասիրություններին՝ ԲՈԿ-ի նախագահը հայտնեց, թե ինքն անձամբ եւ ԲՈԿ-ի որեւէ աշխատող երբեք անվանական ոչ մի որակում փորձել են չտալ։ Թե ինչո՞ւ ՀՊՏՀ-ի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի դեպքում տեղի ունեցավ անվանարկում, Սմբատ Գոգյանն այսպես պատճառաբանեց:

«Ժող.-ի ռեկտոր Ռուբեն Հայրապետյանի դեպքում ինչու ստացվեց, որ անվանարկվեց, որովհետեւ այստեղ երկու կողմից բախում եղավ, ինչի հետևանքով խնդիրը դուրս եկավ ջրի երես։ Մեդիան այն վերցրեց եւ սկսեց երկար ժամանակ շահարկել: Նա վերջին մեկ տարվա մեջ միակ մարդը չի, որի հետ կապված այդ խնդիրը եղել է. անցած տարի ես հայտարարեցի, որ երկու ռեկտոր իրենց ատենախոսությունների հետ խնդիր ունեն և նրանք շատ արագ դիմում գրեցին, գնացին, եւ առանձնապես հանույթը չիմացավ, թե ում մասին է խոսքը գնում»:

Թեման եզրափակելով՝ Սմբատ Գոգյանը շեշտեց, որ շահարկումներն ինքը չի ընդունում: Ասաց, թե ինքը ցանկանում  է խնդիրները լուծել համակարգային, բայց ոչ անձնական և շոու սարքելու նպատակով։ Մինչեւ հիմա էլ ինստիտուցիոնալ փոփոխություններ չեն արվել, քանի որ վտանգավոր են համարում, երբ դեռ լիովին հասկանալի չէ խնդիրների հիմքը, իսկ հետեւանքներն էլ  չեն կանխատեսվում:

Կարդացեք նաև

Back to top button