ԿարևորՀասարակություն

Վանեցյանն ու Թովմասյանը՝ քաղաքական օրակարգում

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

ԱԺ լիագումար նիստերն ամփոփող խորհրդարանական ճեպազրույցներն այսօր կենտրոնացել են երկու թեմայի շուրջ. Արթուր Վանեցյանի հրաժարական և ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու նախաձեռնություն:

Նման գործընթաց սկսելու մասին երեկ խորհրդարանական մեծամասնության նիստից հետո հայտարարել էր «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Դրան նախորդել էր ԱԺ նախագահի հայտարարությունն այն մասին, որ խորհրդարանը պետք է արձագանքի Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին և դիրքորոշում հայտնի  դրա վերաբերյալ:

Խորհրդարանական մեծամասնությունն ասում է՝ հիմքեր կան, բայց առայժմ դրանք չի մանրամասնում,  խորհրդարանական ընդդիմությունն էլ սպասում է հիմքերին, առանց դրանց՝ նախաձեռնությունը լավ չի պատկերացնում:

Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսելու համար խորհրդարանական մեծամասնությունը կօգտվի ԱԺ կանոնակարգի 109-րդ հոդվածից, որով սահմանվում է այս հարցը բարձրացնելու ընթացակարգը:

Առաջին քայլը որոշման նախագիծ ներկայացնելն է, որում  պետք է նշվեն նման հարց բարձրացնելու համար առիթ դարձած հիմքերը:  Որպես հիմք օրենքում նշվում են անհամատեղելիության պահանջները խախտելը, քաղաքական գործունեությամբ զբաղվելը, առողջական վիճակի պատճառով պաշտոնավարման անհնարինությունը, էական կարգապահական խախտում կատարելը:

Խորհրդարանական մեծամասնությունը ակնարկել է, որ նախագծի հիմքում դնելու է  կարգապահական խախտում կատարելը, բայց դեռևս չի շտապում վերջնականապես հաստատել: Սուրեն Գրիգորյան Իմ քայլը խմբակցության անդամ.

«Եթե խմբակցությունը կայացրել է որոշում, որ նման նախագիծ է ներկայացնելու, Բնականաբար այդ հիմքերը կան: Այս պահին զերծ եմ մնում դրանց մասին խոսելուց, բայց ոչ շատ ուշ՝ առաջիկա օրերին, դուք դրանց գրավոր ծանոթանալու հնարավորությունը կունենաք»:

Իսկ խորհրդարանական ընդդիմությունը սպասում է հիմքերին: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն ասում է  դեռևս չկա այն թուղթը, որին պետք է միանան: Ասում են՝ փաստաթուղթը կարդալուց ու քննարկելուց հետո դիրքորոշում կհայտնեն, այս պահին միայն արձանագրում են, որ Իմ քայլը նման նախաձեռնությամբ հանդես գալու  իրավունք ունի և օգտվում է այդ իրավունքից: Նաև հիշեցնում են.

«Ես ու մեր խմբակցությունից էլի պատգամավորներ ժամանակին դեմ են քվեարկել Հրայր Թովմասյանի ՍԴ նախագահ ընտրվելուն: Հետևաբար, մեզ համար բարդ չէ դա անել ևս մեկ անգամ, բայց մեզ համար ֆունդամենտալ հարց կա՝ որքանով է գործընթացը սահմանադրական: Եթե այն կհամապատասխանի իրավական նորմերին և մեզ կհամոզի, որևէ խնդիր չեմ տեսնում»:

Հիմքերին սպասում են նաև ԲՀԿ-ում.  

«Մենք այն քաղաքական ուժը չենք, որ միանանք ինչ-որ նախաձեռնության՝ առանց դրա հիմքերն ուսումնասիրելու եւ վերլուծելու։ Այս պահին մենք նման հիմք չենք տեսնում»,- ասում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Պատգամավորը հիշեցնում է նաև գործընթացի երկրորդ փուլի  մասին. եթե խորհրդարանը ձայների 3/5-ով ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու հարց բարձրացնելու  մասին որոշում կայացնի, հաջորդ  քայլով այդ դիմումը պետք է ներկայացնի Սահմանադրական դատարան: Ստացվում է, որ վերջնական որոշումը ՍԴ գործող կազմինն է:

«Թե ինչպիսի որոշում կկայացնի ՍԴ-ն, մենք իրավունք չունենք կանխակալ կարծիք հայտնել: Դա կարող է դիտարկվել որպես ճնշում»:

ԲՀԿ-ում առայժմ չեն շտապում հստակեցնել իրենց գնահատականը  ԱԱԾ տնօրենի հրաժարականի վերաբերյալ:  Ասում են՝ չեն տիրապետում ամբողջական իրավիճակին, ակնարկներ ու ենթատեքստեր տեսնում են, բայց դրանցով  եզրակացություններ անել չեն շտապում: Խմբակցությունից Իվետա Տոնոյանն առայժմ մեկ բանից է տարակուսում:

«Մինչև երեկ Արթուր Վանեցյանի դիֆերամբներ էին ձոնվում, երեկվանից նա դարձել է քննադատության թիրախ: Սա ինձ զարմանալի ու տարակուսելի է թվում»:

ԲՀԿ-ում, ընդհանուր առմամբ, Արթուր Վանեցյանի շուրջ մեկուկեսամյա գործունեությունը դրական են գնահատում: «Իմ քայլում» ո՛չ Վանեցյանի գործունեության, ո՛չ հրաժարականի, և ո՛չ էլ հրաժարականի տեքստի մասին գնահատականները շատ չեն:

Այստեղ կարծում են, որ սպառիչ արձագանք տվել է վարչապետի խոսնակը: Արուսյակ Ջուլհակյանը մեկ նախադասությամբ իրենց գնահատականն այսպես է ձևակերպում:

«Կարծում եմ՝ Արթուր Վանեցյանը չի արդարացրել այն ակնկալիքները, որ նրանից  ունեցել է քաղաքական մեծամասնությունը»:

Իսկ «Լուսավոր Հայաստանին» քաղաքական ինտուիցիան հուշում է, որ Արթուր Վանեցյանը հեռուն գնացող հայտարարություն է արել ու այդ հայտարարությամբ սկիզբ է դնում իր քաղաքական գործունեությանը: Հրաժարականից հետո լրագրողների հետ առաջին զրույցում Արթուր Վանեցյանը քաղաքականությամբ զբաղվելու հեռանակարը  չի բացառել:  

Կարդացեք նաև

Back to top button