
Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Արագած լեռան այն հատվածը, որտեղ սեպտեմբերի 14-ին գրանցվել է ողբերգական դեպքը, դեռ վտանգավոր է։ Լեռնային տուրիզմի և ալպինիզմի հայկական ֆեդերացիան հորդորում է խուսափել այդ հատվածով լեռը բարձրանալուց։ Արջը հարձակվել է լեռ բարձրացողն լեհ զբոսաշրջիկների վրա։
Ստացած ծանր վնասվածքներից երիտասարդ տղան մահացել է։ Մասնագետներն ասում են, որ արջի վարքագիծը խիստ տարօրինակ է եղել, փորձում են հասկանալ պատճառները։
Սեպտեմբերի 14-ին լեհ զբոսաշրջիկների վերելքը դեպի Արագած լեռ, ցավոք, ողբերգական ավարտ ունեցավ։ Շուրջ 3500 մետր բարձրության վրա արջը հարձակվել էր երիտասարդ զույգի վրա։ Տղան կռիվ էր տվել կենդանու հետ՝ փրկելով ընկերուհու կյանքը։ Աղջիկն ահազանգել էր փրկարար ծառայություն, սակայն դեպքի վայր ժամանած փրկարարներն ու իրավապահները հայտնաբերել էին տղայի արդեն անշնչացած դին։
Հայ լեռնագնացների կարծիքով՝ լեհ զբոսաշրջիկների վրա հարձակված արջի վարքագիծը նորմալ չէ։ Լեռնային տուրիզմի և ալպինիզմի հայկական ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանի խոսքով՝ առնվազն 20 տարի նման դեպք չի գրանցվել։
Ստեղծվել է մասնագիտական աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի արջի ագրեսիվ վարքագծի պատճառը և համապատասխան որոշում կկայացնի՝ ինչպես վարվել կենդանու հետ։ Մինչ այդ՝ Լեռնային տուրիզմի և ալպինիզմի հայկական ֆեդերացիայի ներկայացուցիչը զգուշացնում է՝ Արագածի լանջերը դեռևս վտանգավոր են արշավականների համար։
«Խոսքը նույն արջի մասին է։ Նա կարող է վիրավորված լինել, որդեկորույս լինել։ Եթե մեկ անգամ հարձակվել է մարդու վրա, ինչու չէ, կարող է և նորից հարձակվել»։

Կենդանու վարքագիծն ուսումնասիրող մասնագիտական խմբի կազմում Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի փորձագետ, Երևանի կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանն է նաև։ Արջի վարքագծի վերաբերյալ վաղաժամ եզրակացություններից խուսափում է։ Վերջնական եզրակացության համար լուրջ աշխատանք պետք է տարվի:
«Եթե պարզվի, որ արջի վարքագիծը ոչ ադեկվատ է, ապա հանձնաժողովը կորոշի նաև՝ ինչպես վնասազերծել կենդանուն»,- ասում է կենդանաբույժը։
Ի դեպ, նշենք, որ խորհրդարանն այսօր ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ կենդանիների նկատմամբ բռնությունը քրեականացնող օրինագիծը, որով առաջարկվում է Քրեական օրենսգրքում լրացում կատարել և ավելացնել հոդված՝ «Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը» անվանումով։
Օրինագծի ընդունումը կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանը խիստ դրական է գնահատում։ Նրա խոսքով՝ պետք է բացառել կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը, նրանք պետք է պաշտպանված լինեն, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում։ Իսկ ինչ անել, որպեսզի և՛ կենդանիները լինեն պաշտպանված, և՛ մարդիկ՝ խուսափեն այնպիսի ողբերգություններից, ինչպիսին տեղի ունեցավ օրերս Արագածի լանջին.
«Դա պետք է անել և՛ կրթելով, և համապատասխան վայրում ցուցանակներ կպցնելով․․․մեթոդները շատ են»։
Մասնագետները ոչ ավելորդ անգամ զգուշացնում են․ վայրի կենդանիներից պետք է հնարավորինս խուսափել, բայց եթե, այնուամենայնիվ, հանդիպեցիք, չպետք է անել շարժումներ, որոնք կենդանին կարող է ընկալել որպես ագրեսիայի դրսևորում։ Պետք է քայլել հիմնական ճանապարհով և արշավախմբից շատ չհեռանալ։




