
Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»
Շիրակի մարզի Աշոցք համայնքի բնակավայրերում մեկ շաբաթ առաջ են ավարտել հատիկավոր մշակաբույսերի բերքահավաքը: Կրծողների տարածվածության պատճառով այս տարի ցածր բերքատվություն են ստացել, իսկ հնդկաձավարն ու կարտոֆիլն ամբողջությամբ ցրտահարվել էր հուլիսի 2-ի գիշերը 0-ից ցածր ջերմաստիճան գրանցվելու պատճառով:
Սիզավետ համայնքում արդեն 4 տարի ՄԱԿ-ի զարգացման ծրագրով հնդկաձավար, ոսպ, կտավատ ու դեղին ոլոռ են ցանում: Սկսել են մշակել նաև հատապտուղներ։

Ծովի մակերևույթից 2070 մ․ բարձրության վրա գտնվող Սիզավետ գյուղում արդեն 4 տարի ՄԱԿ-ի գյուղատնտեսության զարգացման ծրագրով մշակում են հնդկաձավար, կտավատ, ոսպ, դեղին ոլոռ: Ծրագրի իրականացման նպատակով ստեղծել էին 5 անդամից բաղկացած «Լատիֆ» կոոպերատիվը և մշակել հատիկավոր մշակաբույսեր: Համայնքի նախկին ղեկավար Արարտ Պողոսյանը հնդկաձավարի համար ընտրել էր սևահող տարածք, լավ բերք ստացել ու շարունակել մշակությունը, մյուսների բերքատվությունը քարքարուտներում ցածր էր եղել ու դադաերցրել աճեցնելը:
Արարատ Պողոսյանն այս տարի էլ 2 հա հնդկաձավար էր ցանել, որն ամբողջությամբ ցրտահարվել էր: Հուլիսի 2-ի գիշերը օդի ջերմաստիճանը 0-ից 4 աստիճան նվազել էր և ցրտահարվել էր նաև կարտոֆիլը: Սիզավետ գյուղի վարչական ղեկավար Հենրիկ Պողոսյանը նշում է վնասները.

«Կարտոֆիլը մեր մոտ ցրտահարվավ, բերքատվությունը 100 քատակուսուց 2 մեշոկ հազիվ ելել է, էն էլ շատ մանդր կարտոշկա: Հնդկացորենը ամբողջությամբ ցրտահարվեց, 3.5 հա ունեինք, ոչ մի կիլոգրամ չենք քաղել»:
Հնդկացորենը ցանում են հունիսի կեսից, որպեսզի պաշտպանված լինի գարնանային ցրտահարություններից, քանի որ բույսը ցրտադիմացկուն չէ: Հատիկավոր մյուս բուսերից լավ բերք էին ստացել, բայց այս անգամ բերքի կորստի պատճառը դաշտամկներն են եղել, որոնք երաշտի պատճառով արագ բազմացել ու վնասել են ցանքատարածքները: Հուլիսի 12-ից մինչև օգոստոսի 25-ը անձրև չի եղել:

«4 հա ոսպ էինք ցանել, էս տարի մի ամիս անձրև չեկավ, մուկը լավ աշխատել էր, լավ տարել էր բերքը, մոտ 2 տոննա ստացել էինք, 1 հա-ի ուղիղ կեսը տարել էր, չկա: Մկների դեմ ոչ մի պայքար չենք տանում, արդեն 30 տարի դրա դեմ պայքար չկա»:
Մկները վնասել են նաև կտավատի ու վարսակի բերքը: Գյուղում նոր մշակաբույսերի աճեցմամբ զբաղվում է նախկին համայնքի ղեկավար Արարատ Պողոսյանը: Անցած տարի բերքից գոհ էր, կորուստ չէր ունեցել:
«1 հա-ից 20ց կտավատ էի ստացել, 2տ ոսպ էի ստացել: Հանձնել եմ Շիրակի մարզի խանութներին, մեր համագյուղացիներին: Ոսպի 1 կգ 500 դրամ, կտավատի 1 կգ՝ 1000դ: Ամիսը 30լ-40լ ձեթ եմ ծախում ամեն ամիս»:

Բացի սերմի վաճառքից, կտավատից ստանում է նաև ձեթ՝ առանց համ ու հոտի, որը բնորոշ է կտավատի ձեթին: Գյուղատնտես-բուսաբույծը բ ացահայտում է լավ բերք ստանալու գաղտնիքը, եթե բնական վնասներ չեն կրում:
«Իմ կտավատը խոշոր է, 2կգ-ից 1 լ ձեթ եմ ստանում: Հողը 2 անագամ եմ վարում, ծախս եմ անում, որ եկամուտ շատ ստանամ»:
Ձիթհանը Լոռու մարզի Մեծ Պառնի գյուղում է, որտեղ զտում է, ձեթը հանում և շշալցնում: Այն անցել է որակական քննություն, ստուգվել է սննդամթերքի անտանգության պետական ծառայության կողմից, որի պահպանման ժամկետը 9 ամիս է: Մկնանման կրծողների ու բնության տարերքի հասցրած վնասները չեն հիսթափեցրել հողի մշակին:

«Ես կոչ կենեմ ժողովուրդը թող չընկճվի, գյուղը մնա, հողը մշակե, մշակելը արդյունք կուդա, բերք կուդա, չմշակես՝ չի տա»:
Արարատ Պողոսյանը մասնագիտությամբ ագրոտեխնիկ է, հետաքրքվում է նաև հատապտուղների մշակությամբ: Իր տնամերձում աճեցնում է ելակ, ազնվամորի, փշահաղարջ, մտադրվել է մշակել նաև հապալաս: Ելակն արդեն 5 տարի է մշակում, համտեսեցի՝ քաղցր էր ու ջրալի:
«Հըբը, տես, կըսես՝ քու պառնիգինն է լավ, թե էսի է լավ: Էս էլ կոկռոշ, ահամ, նայի՝ ինչ բերք է տալիս, Իջևանից ենք բերել սա էլ: Ունենք մալինա, ուժեղ բերք տալիս է մալինեն էլ»:
Ելակի ու մյուս նորատունկ հատապտուղների կողքին, սխտոր է ցանել: Սա էլ պաշտպանիչ ազդեցություն ունի գորտերից: Սխտորը վանում է նրանց: Հարևան Թավշուտ գյուղում ազնվամորի են աճեցրել ու լավ բերք ստացել, 250քմ հողատարածքից՝ շուրջ 500 կգ: Արարատ Պողոսյանն ասում է՝ թող հարևան գյուղի օրինակը վարակիչ լինի իր գյուղացիների համար ու եկամտաբեր մշակաբույսեր աճեցնեն:




