
Անի Մինասյան
«Ռադիոլուր»
Հաճախ, շատ հաճախ մենք դժգոհում ենք, թե շտապօգնությունն էլի չի շտապում: Կարող է արագ հասնել, բայց գալիս է դանդաղ, աշխատում կամաց ու հեռանում՝ առանց որեւէ էական օգնություն տալու:
Մենք հաճախ, շատ հաճախ չենք ուզում մտածել, որ ամբողջ Երեւանով աշխատում է շտապօգնության 50 մեքենա՝մեկական բուժանձնակազմով: Իսկ 24 ժամում յուրաքանչյուր մեքենա իր բուժանձնակազմով շտապում է միջինը 22 կանչի:
Հարություն Սահակյանը շտապօգնության մեքենայի ղեկին է արդեն տասը տարի: Սիրում է իր աշխատանքն ու չի դժգոհում, միայն փոխհասկացվածություն ու շնորհակալության կարիք ունի: Իսկ «Ռադիոլուրը» որոշեց մեկ օր կիսել ու շտապել շտապօգնության հետ:
Շտապ վարորդն իրար գլխի փորձում է հավաքել այն բոլոր պատմությունները, որոնք իրեն ժպտալու, ուրախանալու ու իր աշխատանքը սիրելու առիթներ են տալիս:

«Դեկտեմբերի 31-ին 12-ին 5 պակաս էր, 10-ը պակաս էր, կանչ տվեցին գնացինք՝ մի կին էր, ասում էր տաքությունս իջեցրեք: Դե էլ ինչ՝ Նոր տարին էլ միասին դիմավորեցինք»:
Ասում է շնորհակալությունն ամենացանկալին է, որ ուզում է բառերով, վերաբերմունքով, առանց խոսք ստանալ: Մի մեծ բան չէ, ծիծաղում է ու իր խնդրանք-կոչերն ուղղում երեք հասցեներով:
«Վարորդները թող իմանան, որ շտապօգնության մեքենային զիջելով տուգանքներ չեն ստանալու, հետիոտները թող ավելի զիջող լինեն, իսկ քաղաքապետարանը թող բոլոր շենքերի վրա հասցեները գրի»:
Հարությունն անգիր գիտի քաղաքի բոլոր փոսերը, անանցանելի փողոցները, փոքր բակերն ու քաղաքի հիվանդներին՝ մանավանդ մեծահասակներին: Ասում է, դժվար կանչեր թող քիչ լինեն ու շտապում՝ հասնելու հերթական ահազանգին:




