ԿարևորՀասարակություն

Ինչպես կդասավորվի թիվ 16 հատուկ դպրոցի ճակատագիրը

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Թիվ 16 հատուկ դպրոցում բողոքի ակցիա էին  կազմակերպել ուսուցչական կազմն ու ծնողները:  Սեպտեմբերը բարի չի եղել նրանց համար: Մի քանի ամիս առաջ ուսուցչական կազմը ստացել է հատուկ դպրոցը հանրակրթական դառնալու ծանուցումը, սակայն կառավարության որոշում դեռ չկա:

Որոշում չկա, բայց դպրոցին հատկացվող գումարը կրճատվել է, այսինքն գիշերօրթիկ հաճախող երեխաները այլևս կեցության խնդիր են ունենում: Նախարարությունից մեկնաբանում են, որ օրենսդրության համաձայն գիշերօթիկ դպրոց հասկացություն չկա և այդպիսի դպրոցներ չեն լինելու:

Մարիաննան ու Սևակը այլևս հնարավորություն չեն ունենա իրենց կրթությունը շարունակելու 16 հատուկ դպրոցում, քանի որ  ՀՀ օրենսդրության համաձայն`գիշերօթիկ դպրոց հասկացություն այլեւս չկա, հանրապետությունում նման  դպրոց չի լինելու: 

«Միայնակ մայր եմ ու իմ երկու երեխաներն արդեն երրորդ տարին է այստեղ են սովորում: Մեզ ինչու չեն հարցնում՝ մենք ուզո՞ւմ ենք ուրիշ դպրոց սովորել, թե՞ ոչ: Աղջիկս տեսողական խնդիրներ ունի, իսկ տղաս՝ հոգեբանական: Ի շնորհիվ այստեղի՝ անձնակազմի իմ երեխան հիմա հանգիստ դասի է նստում: Իսկ հիմա, որ ասում եմ ուրիշ դպրոց եք գնալու, լաց են լինում»:

Թիվ 16 հատուկ դպրոցին մայիսին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից գրավոր ծանուցել  են, որ համընդհանուր ներառականության շրջանակներում այս դպրոցը դառնալու է թիվ 201  հանրակրթական դպրոց: Մշակվել է նախագիծը: Սակայն դեռևս որոշում չկա: Բայց  սեպտեմբերի մեկի նախօրյակին նախարարությունից նորանշանակ տնօրեն  Մարիամ Շոլինյանին հանձնարարել են աշխատել ուսուցիչների, ծնողների հետ և երեխաներին ուղարկել այլ դպրոցներ, քանի որ սա որպես հատուկ դպրոց չի գործելու:

«Դա պետք է գոնե մի քանի  ամիս առաջ ասեին, նախապես ասեին: Կամ դուք ինձ որոշում տվեք: Գրավոր որևէ բան չկա, հանձնարարական չկա»:  

2002 թվականից դպրոցը վերակազմավորվել է և այստեղ սովորում են  տեսողական խնդիրներ ունեցող, ծնողազուրկ, ծնողական խնամքից զրկված երեխաներ: Մինչև հիմա կրթօջախն ունեցել է 170 երեխա և բոլորն էլ վկայագրված են եղել որպես կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող   երեխաներ՝ ասում է նորանշանակ տնօրենն ու հավելում՝ մանկավարժահոգեբանական կենտրոնը վերջերս վերագնահատում է կատարել, ինչ արդյունքներով 170- ից 19-ն ունեն տեսողական խնդիրներ։ Վերագնահատման հիման հիման վրա դպրոցը գիշերօթիկի ֆինանսավորում չի ստանալու:

«Ուսումնական գործընթացը պարտավոր եմ կազմակերպել: Կազմակերպել եմ, բայց թե ուսուցիչները աշխատավարձ կստանան թե՝ ոչ, դա պարզ չէ:  Իսկ գիշերօթիկ երեխաների հարցն ինչպես է լինելու, դա էլ չգիտեմ»:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության  պետ Աշոտ Արշակյանը « Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է, որ դպրոցի երեխաները վերագնահատվել են և  մոտ 100 երեխա  չունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք կամ չի համապատասխանում դպրոցի պահանջներին:

«Ճիշտ չէ, բոլորը վկայագրեր չունեն: Ոչ մի երեխա վկայագիր չունի: Ձեր նշած վկայագրերը նախկին վկայագրերն են, վերագնահատումը նոր է ավարտվել և դեռ որևէ մեկը վկայագիր չունի»:

Իսկ տնօրենի՝ դպրոցի ծախսերի հետ կապված մտահոգությունները ոլորտի պատասխանատուն փարատում է:

«Խնդրել եմ տնօրինությանը, որ իրականացնեն կոմպլեկտավորում, նախարարություն ներկայացնեն նախահաշիվ, ինչի հիման վրա էլ դպրոցը կֆինանսավորվի, մինչև որ կլինի կառավարության որոշումը»:

Ուսուցչական անձնակազմի պահանջն է ամեն ինչ իրականացնել օրենսդրական դաշտում: Առաջարկն է կառավարության որոշումից հետո նոր  կրճատել ֆինանսավորումը:

«Քանի դեռ 16 հատուկ է որևէ փոփոխություն չկա, մեզ ֆինանսավորեք կյանքը բնականոն հունով գնա, մինչև որ որոշումը կլինի»:

Իսկ գիշերօթիկ երեխաների հարցով պետք է զբաղվեր սոցապ նախարարությունը: Դպրոցում կա 40 գիշերող երեխա և նախապես պետք է այդ երեխաների կեցության հարցերին տրվեր լուծումներ, որ սեպտեմբերին նրանք չկանգնեին փաստի առջև՝ վրդովված դժգոհում է տնօրենը:  Իսկ հանրակրթության վարչության պետը նշում է պետք է գնահատել յուրաքանչյուրի սոցիալական կարիքները: Երեխաները կարող են մնալ այնտեղ, որտեղ անցկացրել են ամառային արձակուրդները:

Կարդացեք նաև

Back to top button